Իրանի հարցով Թուրքիայի վրա ԱՄՆ-ի ճնշումն այս անգամ չաշխատեց «Հրապարակ»․ ԹՐԻՓՓ-ի հարցում շտապում են «Իրավունք». Հաջորդ շաբաթ սպասվում են նոր աղմկահարույց ձերբակալություններ «Ժողովուրդ». Ի՞նչ ապրանքներ են ներմուծվել Ադրբեջանից՝ Հայաստան, ո՞վքեր են ներմուծողները Արդեն երկրորդ օրն է՝ Կրիվոյ Ռոգը զանգվածային հարձակման տակ է (Տեսանյութ) «Հրապարակ»․ Բրիտանիայում սովորած համայնքապետի տեղակալն անգամ գործի չի գնա. կաշխատի առցանց «Իրավունք». «Արտահերթի ելքն ընդդիմության օգտին չի լինի» Ոմանք ուզում են փրկել ոչ թե երկիրը, այլ իրենց ֆինանսական հոսքերը․ Արման Ղուկասյան «Ժողովուրդ». Սահմաններից ռուսներին հեռացնելու գործընթացը մտնում է նոր փուլ Թրամփը պատրաստ է ընդունել Պուտինին G20-ում, նույնիսկ եթե որոշ մարդկանց դա դուր չգա

Գերմանացի գործչի խոսքով՝ Գերմանիան ճնշում է գործադրում Թուրքիայի վրա Հայոց ցեղասպանության հարցով

Մամուլի տեսություն

Գերմանիան ճնշում է գործադրում Թուրքիայի վրա, որպեսզի թուրքական իշխանությունները ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ, գերմանական Յենա քաղաքի նախկին քաղաքապետ (2006-2018 թթ.) Ալբրեխտ Շրյոտերը:

Շրյոտերի տեղեկություններով՝ գերմանացի և թուրք քաղաքական գործիչների միջև յուրաքանչյուր միջոցառման կամ հանդիպման ժամանակ գերմանական կողմը բարձրացնում է Հայոց ցեղասպանության հարցը: Գերմանացի գործիչը կարծում է, որ Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ Գերմանիայի գործադրած ջանքերը կնպաստեն Թուրքիայի կողմից ցեղասպանության ընդունմանը:

Յենայի նախկին քաղաքապետին հուսադրում է նաև այն փաստը, որ գնալով աճում է այն թուրք գիտնականների, գրողների, արվեստագետների, հասարակական գործիչների թիվը, ովքեր սկսել են հետաքրքրվել Հայոց ցեղասպանության պատմությամբ և դրան առնչվող փաստերով:

«Մենք պետք է աջակցենք այս մարդկանց Թուրքիայում, ուստի ես կարծում եմ՝ Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը կարող է լինել շարժում ներքևից՝ ստիպելու կառավարության ճանաչել հայերի ցեղասպանությունը», - նշեց գերմանացի գործիչը:

Ալբրեխտ Շրյոտերը երկրորդ անգամ է այցելում Հայաստան: 2016 թվականին, երբ Հայաստանի Հանրապետությունը տոնում էր իր անկախության 25-ամյակը, նա Երևան էր բերել Յենայի Ֆիլհարմոնիկ նվագախմբին՝ համերգ տալու Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Այս անգամ Շրյոտերը եկել է մասնակցելու Մեծ Եղեռնի զոհերի ոգեկոչման միջոցառումներին: Ապրիլի 24-ին նա բարձրացել է Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ասում է, որ իր համար դա շատ կարևոր է, քանի որ որպես գերմանացի ինքը մեղավորություն է զգում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրության տարածքում հայերի զանգվածային կոտորածներին Գերմանիայի մեղսակցության համար: Ալբրեխտ Շրյոտերը շեշտում է գերմանացիների կողմից այդ մեղքի գիտակցումն ու ընդունումը նույնիսկ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո:

«Ինչպես գիտեք՝ Գերմանիան այն ժամանակ Օսմանյան կայսրության դաշնակիցն էր: Դա սարսափելի մեղք է: Ես սրտի մեծ ցավով եմ վերաբերվում դրան եւ կարծում եմ, որ մենք՝ գերմանացիներս, պետք է ընդունենք այդ մեղքը: Ուստի ինձ համար սա ուխտագնացության պես մի բան է՝ խորհելու իմ ժողովրդի այդ մեղսակցության մասին», - բացատրեց գերմանացի գործիչը:

Գերմանիայի Բունդեսթագը՝ դաշնային խորհրդարանը, Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը ընդունել է 2016 թվականի հունիսի 2-ին:

1915-1923 թթ. երիտթուրքական կառավարությունը, այնուհետև նրանց փոխարինած քեմալականները սիստեմատիկ կերպով սպանել և բնաջնջել են Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում եւ Օսմանյան կայսրության այլ հայաբնակ վայրերում ապրող մոտ մեկուկես միլիոն հայ: Հայության մնացյալ հատվածը կա՛մ բռնի կերպով հավատափոխ է եղել, կա՛մ մազապուրծ լինելով երիտթուրքերի և նրանց դաշնակից ուժերի վայրագություններից՝ ապաստան է գտել աշխարհի տարբեր երկրներում:

Մարդկության դեմ իրականացված այս ծանրագույն հանցագործությունը անվանում են Հայոց ցեղասպանություն: Անատոլիայում ապրող հայերի և քրիստոնյա այլ ժողովուրդների ֆիզիկական բնաջնջման և էթնիկ զտումների միջոցով երիտթուրքերը նպատակ էին դրել կյանքի կոչելու պանթուրքիզմի գաղափարախոսությունը եւ ձևավորվող թուրքական պետության տարածքում ստեղծելու էթնիկապես միատարր բնակչություն:

Ցեղասպանության հետևանքով հայ ժողովուրդը զգալի մասը հայրենազրկվեց և փրկություն գտավ աշխարհի տարբեր անկյուններում: Սակայն ի հեճուկս Թալեաթի, Էնվերի, Ջեմալի և ցեղասպանության մյուս կազմակերպիչների՝ հայ ժողովրդի ամբողջական բնաջնջման ծրագիրը ձախողվեց և աշխարհը չմոռացավ այդ մեծ ոճրի մասին: Այսօրվա դրությամբ աշխարհի 35 երկիր պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Նրանց թվում՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, Միացյալ Նահանգները, Գերմանիան, Իտալիան, Հունաստանը, Կանադան, Շվեյցարիան, Բրազիլիան:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ