Առողջական ինչ խնդիրների մասին կարող է հուշել կծու մթերք ուտելու ցանկությունը
Հասարակություն
Կծու մթերք ուտելու ցանկությունը կարող է վկայել ընկճախտի, մակաբուծակրության, խոլեստերինի բարձր մակարդակի և վահանագեղձի հետ կապված խնդիրների մասին։ Այս մասին «Դոկտոր Պիտեր» պորտալի հետ զրույցում նշել է ներզատաբան Տատյանա Գուդոժնիկովան։
Մասնագետի խոսքով՝ եթե անսպասելի կծու մթերք ուտելու ցանկություն է առաջանում, ապա հարկավոր է ուշադրութուն դարձնել օրգանիզմի տված հուշումներին ու խորհրդակցել բժշկի հետ։ Կծու սնունդ ուտելու անհագ ցանկությունը կարող է բավական լուրջ հիվանդությունների ախտանշան լինել։ Նման դեպքերում հարկավոր է արյան հետազոտություն անցել, ստուգել օրգանիզմում խոլեստերինի մակարդակը կամ վահանագեղձի հորմոնների բալանսը։
«Կծու մթերքն օգնում է նվազեցնել արյան թանձրությունը, ինչպես նաև մաքրում է անոթները տարատեսակ նյութերից, այդ թվում՝ խոլեստերինից։ Եթե անսպասելի կծու մթերք ուտելու ցանկություն ունեք ու չեք կարողանում ազատվել այդ զգացումից, ապա հարկավոր է լիպիդոգրամա անել՝ արյան հետազոտություն անցնել լիպիդային պրոֆիլը որոշելու համար», - նշել է մասնագետը։
Բացի այդ, ընկճախտի դեպքում ևս մարդիկ կարող են անդադար որևէ կծու մթերք ուտելու ցանկություն ունենալ, ինչը պայմանավորված է նրանով, որ նման մթերքը խթանում է էնդորֆինների՝ «երջանկության հորմոնի» արտադրությունը։