«K.V. Art» անսամբլը հանդես կգա կամերային երաժշտության մեջ հազվադեպ հանդիպող յուրահատուկ կազմով
Մշակութային
Հունիսի 6-ի «K.V. Art» անսամբլը հանդես կգա կամերային երաժշտության մեջ հազվադեպ հանդիպող, յուրահատուկ կազմով՝ ֆլեյտա, ջութակ, ալտ եւ թավջութակ։
Ծրագրում կհնչի հանճարեղ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի չորս ստեղծագործություններից բաղկացած Ֆլեյտայի կվարտետների ամբողջական K.V. 285 ցիկլը՝ սոլ մաժոր, դո մաժոր, լա մաժոր եւ ռե մաժոր: Այս բացառիկ ստեղծագործությունները կհնչեն հունիսի 6-ին, ժամը՝ 19:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում:
Մոցարտի Ֆլեյտայի չորս կվարտետները, սկիզբ առնելով դեռեւս 18-րդ դարում, այժմ էլ իրենց ուրույն տեղն են զբաղեցնում եվրոպական կամերային երաժշտության երկացանկում: Այս կվարտետները բացի նրանից, որ վիրտուոզ են, նրբագեղ, նաեւ յուրահատուկ են նրանով, որ ֆլեյտան այստեղ հանդես է գալիս ոչ թե մենանվագով լարային գործիքների նվագակցությամբ, այլ բոլոր գործիքներն ունեն հավասար դեր, ինչը թույլ է տալիս ունկնդրին վայելել կամերային երաժշտությունն իր ողջ հմայքով:
«K.V. Art» անսամբլի նպատակն է Մոցարտի K.V. 285 ցիկլը ունկնդրին ներկայացնել որպես լիարժեք կամերային ստեղծագործություն, առանց չափազանցությունների՝ պահպանելով կլասիցիզմի դարաշրջանին բնորոշ ոճային առանձնահատկությունները եւ բացահայտել Մոցարտի երաժշտության բոլոր թաքնված շերտերը:
«K.V. Art» անսամբլի երաժիշտներն են՝ Նարեկ Ավագյան (ֆլեյտա), Նարեկ Սահակյան (ջութակ), Հայկ Տեր-Հովհաննիսյան (ալտ), Վահե Դանիելյան (թավջութակ):