Առողջական ինչ խնդիրների կարող է հանգեցնել մեղրի չարաշահումը
Առողջապահական
Մեղրը համարվում է խիստ օգտակար մթերք, սակայն իրականում դրա հաճախակի գործածությունը վտանգավոր է առողջության համար դրանում պարունակվող մեծ քանակությամբ շաքարի պատճառով։ Այս մթերքը կարող է արագացնել ծերացման գործընթացը և նպաստել սրտանոթային հիվանդությունների, ուռուցքների, ճարպակալման ու շաքարային դիաբետի զարգացմանը։ Այս մասին, ինչպես գրում է URA.RU կայքը, ասել է սննդաբան Միխայիլ Գինզբուրգը։
Նրա խոսքով՝ մեղրի առողջարարությունն իրականում չափազանցված է, քանի որ այն մեծ քանակությամբ շաքար պարունակող մթերք է, ինչը կարող է վտանգավոր լինել։
«Շաքարը վնասակար է։ Այն արագացնում է ծերացման, սրտանոթային հիվանդությունների ու ուռուցքների զարգացման գործընթացները, բացասաբար է անդրադառնում ատամների վրա, փոփոխում է սննդային պահվածքը, հանգեցնում է ճարպակալման ու շաքարային դիաբետի զարգացման և այդպես շարունակ։ Բացի այդ, մեղրը նաև հզոր ալերգեն է, որը կարող է ռեակցիայի պատճառ դառնալ։ Նման դեպքերում մարդը չպետք է մեղրն օգտագործի անգամ որպես արտաքին միջոց և նույնիսկ քսուքների բաղադրության մեջ», - ասել է Գինզբուրգը՝ շեշտելով, որ այս մթերքն օգտակար է բացառապես մրսածության դեպքում։