ԱՆԿՅՈՒՆ ՔՇՎԱԾԸ
Վերլուծություն
(Կարդա՛լ բջջային տարբերակը)
Մայիսի 28-ի` զուգահեռաբար Երեւանում եւ Ստեփանակերտում տեղի ունեցած հզոր հանրահավաքները շատերի մոտ հուշեր արթնացրին 1988-ի փետրվարի 20-ի մասին, երբ զուգահեռ հանրահավաքներով մեկնարկեց Արցախյան շարժումը: Եվ, ի դեպ, նույն` «Զարթիր լաո» կարգախոսով հանրահավաքների տպավորիչ կադրեր կան եւ սփյուռքի տարբեր համայնքներից: Այսինքն` ամեն ինչ նմանվում է Արցախյան շարժման «ռեստարտի»` 34 տարի անց: Եվ հզոր ռեստարտի, որը խառնում է թրքահպատակ խունտայի եւ նրա տերերի ծրագրերը:
Երեւում է, որ անկախ պալատական քարոզիչների նկարած «մխիթարական» թվերից, կապիտուլյանտը շատ վատ էր տարել այն կադրերը, թե ինչպես երթի մասնակիցները մայիսի 28-ին լցրել էին ամբողջ Հանրապետության հրապարակը: Ստեփանակերտի հզոր հանրահավաքը «սոսկ համերգ» ներկայացնելու քարոզչական փորձերն էլ չէին կարող չձախողվել, զի տեղեկատվական դարաշրջանում այդպիսի ֆոկուսները չեն անցնում: Ու բնական է, որ Նիկոլը «վախ բռնողի» կարիք ունեցավ:
Իսկ «վախ բռնողի» դերում հանդես եկան վայրագությունները վերսկսած ոստիկանները: Սակայն մի կարեւոր նկատառում` դրանց մեջ շատ էին չսահմանված նմուշի համազգեստ կրողներ, ինչը ենթադրել է տալիս, որ հապշտապ առաջին պատահած համազգեստները բաժանվել են համակարգի հետ կապ չունեցող վարձկան բաշիբոզուկների: Տրամաբանությունը պարզ է` վարձկաններն իրենց սեւ գործը կանեն, հետո կանհետանան, միգուցե դրանց մի մասը ՀՀ քաղաքացի էլ չեն` հիշենք, թե 2020-ին ինչքան անձնագիր էր բաժանվել ազերիներին... Ու նաեւ հրամանք է տրվել` բոլոր 111 բերման ենթաեւկվածների վրա գործ կարել «խուլիգանության կասկածանքով»: Անկյուն քշված առնետի տրամաբանություն է, սակայն վայրագությունից ցուցարարները թերեւս ոչ թե ընկրկեն, այլ ավելի ակտիվ պայքարեն: Համաժողովրդական շարժման ղեկավարների մտահոգություններից մեկն էլ թերեւս այն է, որ խունտային թույլ չտան իրականացնել իր երազանքը` հասցնել արյունահեղության:
Ինչպես մատնանշում է պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը. «Հայաստանի ու Արցախի ապագային ուղղված շատ կոնկրետ եւ կարեւոր հարցադրումներին պատասխանում են հայ ոստիկանները, թուրքական ոճով` բիրտ ուժ կիրառելով: Ոստիկանությո՜ւն, բա հետո՞: Հիմա ըստ ձեզ, Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմո՞ւմ, իսկ Հայաստանն էլ թուրք-ադրբեջանական միջա՞նցք: Թե՞ դուք ուրիշ մոլորակից եք այս վճռորոշ պահին: Սեփական անձի դեմ ուղղված արտաքին վտանգը չգիտակցելը ձեզ չի ազատում վտանգված լինելուց: Սա ականջներիդ օղ արեք, ու երբ մի օր ձեր զորամասերում, ձեզ շարեն եւ ուղարկեն պատերազմ` կհիշեք, որ ընդդիմությունը ճիշտ էր: Բայց արդեն ուշ կլինի»:
Վերլուծաբան, պատմաբան Լեւոն Նազարյանն էլ ուշագրավ պատմական զուգահեռ է տանում. «Արցախի հայկական լինելիության եւ ՀՀ-ի սուվերեն ապագայի համար պայքարի ելածներին բռնի կերպով գետնին տապալումը, 1890թ.-ին Պոլսի Գում-Գափույի հայկական խաղաղ ցույցի թուրքաբարո ճնշման կրկնօրինակումն է: Արյունոտ սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի անմիջական հրահանգով բախում հրահրվեց թուրք ոստիկանների եւ խաղաղ հայ ցուցարարների միջեւ, եղան վիրավորներ ու զոհեր...
Հայ դատի արդարացի պահանջի համար ցույցի ելած հայորդիներին 130 տարի առաջ բռնությամբ տապալած սուլթանին երկրպագելով` մահաբերների խունտան այսօր կրկնօրինակում է նաեւ օսմանյան քաղաքական ձեռագիրը, փորձելով կոտրել հայ մարդու իր հայրենիքում հայ մնալու ձգտումը, ջանալով ձեռքերը լվանալ արցախահայության կենսական պահանջատիրությունից:
Ինչպես թուրքական կառավարությունը Գում-Գափուի ցույցը օգտագործեց արեւմտահայերի հալածանքներն ուժեղացնելու եւ ցեղասպանության իր քաղաքականությունն Արեւմուտքում արդարացնելու համար, այնպես էլ կապիտուլյանտների այս խմբակը սույն ձեռագրով ջանալու է հիմքեր ստեղծել քաղաքական հետապնդումների սաստկացման եւ Արցախի ու հայրենիքի օտարման գործում դիտորդ մնալու եւ Արեւմուտքին այն հրամցնելու համար»:
Սակայն նույն Արեւմուտքում կատարված աշխատանքի շնորհիվ հաջողվում է նաեւ այդտեղից պատշաճ արձագանքներ ստանալ, որոնք չեն տեղավորվում Նիկոլի առաջ «խոնարհվող» ԵՄ եւ ԱՄՆ դեսպանների տրամաբանության մեջ: ՀՀԿ-ն արդեն մի շարք համաեվրոպական եւ միջազգային կառույցներից ստացել է խունտային սաստող արձագանքներ, եւ ԵԺԿ համագումարին մասնակցող Արմեն Աշոտյանն էլ շատ ինտենսիվ աշխատում է այդ ուղղությամբ: Միջազգային արձագանքներ են եկել նաեւ ՀՅԴ-ի գծով: Ընկերվար երիտասարդների միջազգային միությունը (IUSY)-ն մայիսի 30-ին հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ իր համերաշխությունն է հայտնում ՀՅԴ երիտասարդականին եւ Հայաստանում ընթացքող շարժմանը: Հիշեցնենք, որ IUSY-ն աշխարհի խոշորագույն երիտասարդական-քաղաքական կազմակերպությունն է, իսկ հայտարարությունում մասնավորապես ասված է.
- Շաբաթներ շարունակ Հայաստանի քաղաքացիները փողոցներում բողոքի ցույցեր են անում` կոչ անելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տալ հրաժարական: ՀՅԴ Երիտասարդականը` որը հանդիսանում է մեր կազմակերպության լիիրավ անդամ, ակտիվ դեր է խաղում Հայաստանում ձեւավորված դիմադրության շարժման մեջ:
- Հայաստանի ժողովրդի համար անընդունելի բանակցությունների շարունակմանը զուգահեռ` բողոքի ցույցերը Հայաստանում ուղեկցվում են քաղաքացիների անօրինական ձերբակալություններով, ցուցարարների նկատմամբ բիրտ ուժի ակնհայտ կիրառմամբ եւ ոստիկանական ուժերի անհամաչափ գործողություններով: Բողոքի ցույցերի ակտիվ անդամներ ՀՅԴ երիտասարդական եւ ուսանողական միությունների անդամները երկու շաբաթ է` սպասում են իրենց դատավարությանը:
- IUSY-ն իր համերաշխությունն է հայտնում մեր ընկերներին, ովքեր գտնվում են բանտում եւ ուշադիր հետեւում են նրանց դատավարության շուրջ ընթացող զարգացումներին:
- IUSY-ն խստորեն դատապարտում է հայաստանյան իշխանությունների կողմից իրականացվող անհիմն ձերբակալությունները եւ խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնության գործողությունները:
- IUSY-ն դատապարտում է կառավարության կողմից քաղաքացիների իրավունքների խախտումը եւ ոստիկանության կողմից ուժի անհամաչափ կիրառումը:
- IUSY-ն կոչ է անում Հայաստանի կառավարությանը ապահովել հիմնարար ազատությունների լիարժեք իրականացումը եւ խուսափել ուժի կիրառումից կամ կիրառման սպառնալիքից:
Ի դեպ, թրքահպատակների խունտային պիտի որ անհանգստացրած լինի նաեւ այն, թե ինչպիսի ուշադրության արժանացան Ստեփանակերտի հանրահավաքն ու ցույցերը ռուսական լրատվադաշտում: Օղակը կապիտուլյանտի շուրջ սեղմվում է, եւ նա պարզ գիտակցում է սեփական անելանելիությունը:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ