Որ ախտանշաններն են հուշում խալերի չարորակացման մասին
Առողջապահական
Խալի արագ աճը, գույնի փոփոխությունն ու անհամաչափությունը կարող են հուշել դրա չարորակացման մասին։ Այս մասին «Мослента»-ի հետ զրույցում ասել է մաշկաբան Եկատերինա Գրեկովան։
Ինչպես բացատրել է բժիշկը, գոյություն ունի АBCDE կոչվող ֆենոմեն, որի միջոցով կարելի է որոշել՝ խալի փոփոխությունները կապված են չարորակացման հետ, թե ոչ։ АВСDE-ն հապավում է, որում А-ն « Asymmetry»-ն (ձևի անհամաչափություն) է, B-ն՝ «Border»-ը (ոչ հստակ սահմաններ), C-ն՝ «Color and Comparison»-ը (գույնի անհամաչափություն), D-ն՝ «Diameter»-ը (տրամագիծի փոփոխություն), իսկ E-ն՝ «Evolving»-ը (զարգացում, որն արդեն չափազանց խորացած փուլն է և բնորոշվում է խալի արյունահոսությամբ)։
Մասնագետի խոսքով՝ չարորակ նորագոյացության զարգացման ախտանշանն է մարմնին մյուսներից զգալի տարբերվող խալի առաջացումը։ Ընդ որում՝ այն կարելի է նկատել անգամ առանց հատուկ սարքավորումների։ Նման դեպքերում մաշկաբանը տարբերում է չարորակ նորագոյացությունն առողջ խալից պարզապես արտաքին զննության միջոցով։
«Հիվանդների մեծ մասին անհանգստացնում են հանգույցի տեսքով ուռուցիկ նորագոյացությունները, սակայն իրականում դրանք, որպես կանոն, բացարձակապես անվտանգ են։ Չարորակի վերափոխվելու առավել մեծ վտանգ են ներկայացնում հենց տափակ նևուսները, որոնք գտնվում են էպիդերմիսում՝ մաշկի մակերեսին», - նախազգուշացրել է մաշկաբանը։