Ինչպես խուսափել մեջքի ու պարանոցի ցավից` համակարգչով աշխատելիս
Հասարակություն
Համակարգչով աշխատելիս մարդիկ երկար ժամանակ նույն դիրքով ու սխալ կեցվածքով են լինում, ինչն էլ հանգեցնում է պարանոցի ցավերի։ Նման դեպքերում ցավից խուսափելու համար հարկավոր է պահպանել մարմնի ճիշտ դիրքը։ Այս մասին «Վեչերնյայա Մոսկվա»-ի հետ զրույցում ասել է օստեոպատ Սերգեյ Եվդոկիմովը։
Մասնագետի խոսքով՝ համակարգչի առջև երկար ժամանակ անցկացնելու դեպքում մարդը պետք է ուղիղ իր առջև նայի, ինչը կբարելավի արյան շրջանառությունն ու կօգնի խուսափել պարանոցի հատվածում արյան լճացումից։ Բացի այդ, մեջքի ծանրաբեռնվածությունը հնարավոր կլինի նվազեցնել նաև ճիշտ աշխատասեղան օգտագործելու դեպքում, որի շնորհիվ արմունկները կլինեն դրա մակարդակին։
«Մեր մարմնում մենք ունենք երեք կարևոր կետ՝ գլխի վերին հատվածը, սրբանն ու կրունկները։ Այս կետերի միջոցով օրգանիզմը որոշում է մարմնի ճիշտ դիրքը։ Հարկավոր է կենտրոնանալ գլխի վերին հատվածի վրա։ Այսինքն՝ պատկերացնել, որ ձեզ բարձրացրել են այդ կետից ու վեր են ձգում, որպեսզի ուսերն ուղղվեն», - նշել է մասնագետը։
Ոչ պակաս կարևոր դեր է խաղում նաև աշխատանքային աթոռը, որը պետք է լավ հենակ հանդիսանա ողնաշարի համար ու պահի դրա առողջ դիրքը։ Բացի այդ, տհաճ զգացողություններից ու ցավից խուսափելու համար, մասնագետը խորհուրդ է տվել ժամանակ առ ժամանակ ընդմիջումներ անել ու որևէ թեթև վարժություն կատարել։