Մաքսայինի աշխատակիցները «պատասխան կտան» իրենց նամակի համար. «Հրապարակ»
Մամուլի տեսություն«Մայիսի 27-ին մենք հրապարակել էինք ՊԵԿ մաքսային ոլորտի ավելի քան հինգ տասնյակ աշխատակիցների նամակը, որով նրանք պարզաբանում էին պահանջում` հերքում եւ ներողություն ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանից՝ համարելով, որ վերջինս իրենց զրպարտել է «Հրապարակին» տված մի հարցազրույցում հնչեցրած որոշ մտքերով։ Իսկ հարցազրույցում Բադասյանն ասել էր, որ մաքսային տերմինալներում դեռեւս կոռուպցիոն երեւույթներ կան մնացած՝ 5-10 հազար դրամի չափով «շնորհակալություն» հայտնելու տեսքով։
Մենք գրավոր հարցում էինք ուղարկել ՊԵԿ լրատվական ծառայություն՝ հետաքրքրվելով, թե ՊԵԿ նախագահը տեղյա՞կ է այդ նամակից, արձագանքե՞լ է դրան, ի՞ նչ մեկնաբանություն ունի դրա վերաբերյալ կամ ե՞րբ եւ ինչպե՞ս է պատրաստվում արձագանքել։ ՊԵԿ-ից երեկ պատասխան ենք ստացել, որ դեպքի առթիվ նշանակվել է ծառայողական քննություն, բոլոր հանգամանքների համակողմանի ուսումնասիրությունից հետո գնահատական կտրվի «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքի եւ այլ իրավական ակտերի առերեւույթ խախտումներին։
ՊԵԿ-ից հայտնել են, որ Շուշանիկ Ներսիսյանի՝ ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից ազատվելուց հետո, այսինքն՝ հունիսի 8-ից մինչ օրս, ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայության մասով ազատվել է մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնող 5, հայեցողական պաշտոն զբաղեցնող 1 եւ սպասարկում իրականացնող 1 աշխատակից՝ անձնական դիմումների հիման վրա։
Իսկ ինչ վերաբերում է հարցին, թե երբ է լինելու Շուշանիկ Ներսիսյանի ազատումից հետո թափուր մնացած ՊԵԿ նախագահի տեղակալի հաստիքի համալրումը, կա՞ն արդեն հավանական թեկնածուներ՝ այս պաշտոնում նշանակվելու համար, ՊԵԿ-ից տվել են անհասկանալի պատասխան․ «ՀՀ ՊԵԿ կառավարումն իրականացվում է՝ ելնելով ՊԵԿ ռազմավարությամբ մարմնի առջեւ դրված նպատակների եւ խնդիրների լուծումից, հետեւաբար՝ կառավարման մոդելի ընտրությունը պետք է բխի հենց ռազմավարությունից եւ բարեփոխումների ծրագրից։ Այս մասով որեւէ գործընթաց նախաձեռնելիս, բնականաբար, հանրությունը կտեղեկացվի»։
