«Փաստ». Ազատության գինը
Հասարակություն«Փաստ» օրաթերթը գրում է. «Երկու օր է՝ համացանցը ողողված է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի՝ կարմիր վարդերը ձեռքին խոնարհված նկարով. այսպես նա դիմավորում է վարչապետի կնոջը՝ Աննա Հակոբյանին: Ամեն ինչ շատ տրամաբանական կլիներ, եթե հաշվի չառնեինք այն իրադարձությունների շղթան, որը նախորդել է այդ արարողությանը: Մանվել Փարամազյանը Սյունիքի այն համայնքապետներից մեկն էր, որը «սյունյաց ողջույններ» հղեց Նիկոլ Փաշինյանին, ամեն կերպ ընդդիմացավ նրա որոշումներին, ի մասնավորի՝ պատերազմից հետո Քաջարանի դիրքերը թշնամուն հանձնելու որոշմանը, պահանջեց Փաշինյանի հրաժարականը, քաղաքական հետապնդման ենթարկվեց, կալանավորվեց, տևական ժամանակ մնաց կալանքի տակ և բոլորովին վերջերս 50 մլն գրավի դիմաց ազատ արձակվեց։
Այս ամենը օրինաչափ կլիներ, եթե կալանավայրից վերադարձից հետո կարճ ժամանակ անց Քաջարանի համայնքապետը համագործակցություն չսկսեր «Իմ քայլը» հիմնադրամի հետ: Այստեղից էլ սկսեցին երևալ «ազատության գնի» ականջները: Այսպիսով, առաջիկա ՏԻՄ ընտրություններին պատրաստվող Մանվել Փարամազյանը, որն ակնհայտ ընդդիմադիր դիրքավորում ուներ մինչ կալանավորումը, կալանավայրից դուրս գալուց հետո պրոիշխանական դրսևորումներով է հանդես գալիս` իշխանական հիմնադրամների հետ համագործակցության և Աննա Հակոբյանին ջերմ ընդունելության արժանացնելու փաստերով պայմանավորված: Ստացվում է, որ իշխանության հետ համագործակցությունը լավ էլ հնարավոր է, եթե կարևոր չէ սկզբունքայնությունը, իսկ թվացյալ հայրենասիրությունդ բխում է զուտ տվյալ պահի շահից:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
