Սննդամթերքի որ տեսակները չի կարելի համադրել ալկոհոլի հետ
Առողջապահական
Չափազանց յուղոտ, կծու և աղի սննդամթերքի տեսակներն ալկոհոլի հետ հանմադրելու դեպքում մարդն ավելի արագ է հարբում։ Բացի այդ, նման մթերքը հավելյալ ծանրաբեռնվածություն է ստեղծում ենթաստամոքսային գեղձի, ստամոքսի և լյարդի համար։ Այս մասին «Վեչերնյայա Մոսկվա»-ի հետ զրույցում ասել է նարկոլոգ Անատոլի Վլասովը։
Մասնագետը խորհուրդ չի տալիս ալկոհոլային ըմպելիքների հետ թթու վարունգ, բուրգերներ կամ չիպսեր օգտագործել, քանի որ նման մթերքն ուժգնացնում է հարբածության զգացումն ու նպաստում է օրգանիզմում հեղուկի կուտակմանը։
«Սննդամթերքի այդ տեսակներն ալկոհոլի հետ համադրելը նպաստում է ավելի շատ ոգելից խմիչքների գործածությանը, քանի որ դրանց մեջ պարունակվող աղը կուտակվում է ու ծարավի զգացում է առաջացնում։ Ձեռքի տակ լինում է միայն ոգելից խմիչք, և դուք փորձում եք դրանով մեղմել ջրազրկումը», - նշել է մասնագետը։
Նրա խոսքով՝ ջրազրկմանն է նպաստում նաև յուղոտ մթերքը, որը նաև մեծացնում է լյարդի ու ստամոքսի ծանրաբեռնվածությունը։ Նման կերուխումից հետո մարդը բախվում է ոչ միայն խումարին, այլև աղեստամոքսային խնդիրներին։