Որոնք են գլխացավի զարգացմանը նպաստող հիմնական գործոնները
Հասարակություն
Գլխացավն ամենատարածված խնդիրներից մեկն է, ուստի թերապևտ Իրինա Սայնոգը «Վեչերնյայա Մոսկվա»-ի հետ զրույցում նշել է այն հիմնական գործոնները, որոնք նպաստում են նման տհաճ խնդրի զարգացմանը։
Մասնագետի խոսքով՝ գլխացավի պատճառները կարող են բազմաթիվ լինել, սակայն այս խնդիրը ոչ մի դեպքում չի կարելի անտեսել։ Կանոնավոր ցավերի կրկնման դեպքում հարկավոր է անպայման դիմել նյարդաբանին, քանի որ դրանք կարող են որևէ լուրջ հիվանդության ախտանշան լինել։
Գլխացավերի զարգացմանը նպաստող հիմնական գործոններն են հանդիսանում եղանակային փոփոխությունները, այդ թվում՝ կիզիչ արևը, սաստիկ քամին, սառնամանիքը կամ շատ շոգ եղանակը, օդի բարձր խոնավությունն ու մթնոլորտային ճնշման տատանումները։ Բացի այդ, գլխացավ կարող է զարգանալ նաև օդորակիչների գործածության, բավարար քանակությամբ ջուր չօգտագործելու, որոշակի մթերքի կամ ըմպելիքների (գինի, շամպայն, սուրճ, ապխտած մթերքի, նեխուր և շոկոլադ) գործածության, ինչպես նաև քնի ու օրվա ռեժիմի խանգարման դեպքում։
Ինչպես ընդգծել է մասնագետը, ցավի նոպաների դեպքում տհաճ զգացողությունները մեղմելու համար կարելի է ջուր խմել ու գլխի և պարանոցի նուրբ մերսում անել։ Եթե ձեռնարկած միջոցներն անարդյունավետ են լինում, ապա կարելի է ցավազրկող դեղամիջոց ընդունել։