«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանին մեղադրող դատախազը ստիպված է հեռանալ
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մտերիմ, Ռոբերտ Քոչարյանի քրեական գործով մեղադրող դատախազ Գեւորգ Բաղդասարյանի գլխին սեւ ամպեր են կուտակվում:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ նա առաջիկայում ազատման դիմում կգրի: Բանն այն է, որ նա գլխավոր դատախազությունում տեւական ժամանակ տպավորություն է ստեղծել, թե բարձրակարգ դատախազ է, եւ քանի որ ստանձնել է Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող դատախազի պարտականությունները, ուստի անձեռնմխելի է: Ավելին՝ դատախազության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ համակարգում պատկեր է ստեղծել, թե քաղաքական իշխանություններն իր թիկունքում են, սակայն Աննա Վարդապետյանի նշանակումով իրավիճակը փոխվել է: Գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Բաղդասարյանին հասկացրել են, որ նա, լինելով «բարձրակարգ իրավաբան», ձախողեց Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված «Մարտի 1»-ի գործով մեղադրանքը, քանի որ ՍԴ-Ն այն հակասահմանադրական ճանաչեց:
Գեւորգ Բաղդասարյանի եւ Աննա Վարդապետյանի ներքին հակադրությունները սկսվել են սեպտեմբերի 2-ից հետո: Աննա Վարդապետյանը ցանկացել է իր տեղակալ բերել եւ նշանակել ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի նախկին պետ Հակոբ Գեւորգյանին։ Գեւորգյանը դիմում է ներկայացրել որակավորման հանձնաժողով եւ քննություն հանձնել, սակայն քննությունը ընթացել է լարված մթնոլորտում, եւ Հակոբյանին սեպտեմբերի 29-ին քննությունից կտրել են: Պարզվում է՝ հանձնաժողովի նախագահը եղել է նախկին դատախազ Արթուր Դավթյանի հետ քավորսանիկական կապեր ունեցող Գեւորգ Բաղդասարյանը, որին չի ներվի հանդգնությունը: Հավելենք, որ Գեւորգ Բաղդասարյանի պաշտոնազրկման գործընթացի ծիլերը արդեն դատախազությունում նկատելի են, նրա ամենամտերիմներից մեկին Երեւան քաղաքի դատախազությունից տեղափոխել են մարզ՝ հասկացնելով, որ նախկին բարքերը ավարտվել են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
