«Փաստ». Հայաստանում մեկ ամսում մոտ 90 հազարով ավելացել է թերսնվածների թիվը
Մամուլի տեսություն«Փաստ» օրաթերթը գրում է. «ՄԱԿ-ի պարենային ծրագրի զեկույցի համաձայն, Հայաստանում թերսնվողների թիվը հասնում է 500 հազարի, ընդ որում, 70 հազարը համալրել է այդ շարքերը այս գարնան ընթացքում: «Եթե վերոնշյալ զեկույցի հետ դիտարկենք նաև վերջին ժամանակահատվածում ՄԱԿ-ի կողմից ներկայացված «Սովի քարտեզն» ու համեմատականներ անցկացնենք, ապա մենք առնվազն երեք ամիս առաջվա տվյալներով ունենք իրավիճակ, երբ ընդամենը մեկ ամսում մեզ մոտ 90 հազարով ավելացել է թերսնվածների թիվը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը:
Իսկ Համաշխարհային բանկի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնտեսական զարգացումների աշնան զեկույցում Հայաստանի համար կանխատեսվել է աղքատության 43,1 տոկոս մակարդակ: Ամիրխանյանը հիշեցնում է նաև մեր պաշտոնական տվյալների մասին. ըստ վերջին գնահատման, աղքատության մակարդակը մոտ 47 տոկոս է կազմել: Մեզ հետ զրույցում շատ տնտեսագետներ նշում են, որ մեր երկրում քաղաքացիների արդեն 60 տոկոսը չափավոր աղքատ է, ինչը բավականին վտանգավոր թիվ է: Զուգահեռ գնաճն ավելի ու ավելի անվերահսկելի է դառնում: Այս տարվա սեպտեմբերի դրությամբ սպառողական գների ինդեքսը 9,1 տոկոս է, իսկ միայն սննդամթերքի գնաճը կազմել է 12,5 տոկոս: Ըստ ԿԲ զեկույցում արձանագրված տվյալների, երկու տարվա ընթացքում նվազագույն պարենային զամբյուղի արժեքը ավելացել է 46, առաջին անհրաժեշտության ապրանքների նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը՝ 26,3 տոկոսով:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
