Գիտության համաշխարհային օրը նշվում է Երեւանի երեք առաջատար թատրոններում
Մշակութային
Արվեստի ինստիտուտի տնօրինության՝ անձամբ տնօրեն ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր ԱՆՆԱ ԱՍԱՏՐՅԱՆԻ խնդրանքով գիտության համաշխարհային օրը նշվում է Երեւանի երեք առաջատար թատրոններում:
Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում 2022թ. նոյեմբերի 10-ին կներկայացվի աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետը: Իսկ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, նոյեմբերի 10-ին կներկայացվի Ժորա Հարությունյանի «Հարսնացու հյուսիսից» կատակերգությունը, որը նույնպես նվիրված է գիտության համաշխարհային օրվան: Երեւանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում գիտության համաշխարհային օրը կնշվի նոյեմբերի 11-ին, «Հայկական եւ համաշխարհային օպերետները մեկ երեկոյում» համերգային ծրագրով՝ մասնակցությամբ թատրոնի երաժշտախմբերի:
Նշենք, որ արդեն քսան տարի՝ 2002 թվականից սկսած՝ յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 10-ը նշվում է որպես գիտության համաշխարհային օր՝ հանուն խաղաղության եւ զարգացման: Դրա նպատակն է հասարակության կյանքում գիտության կատարած կարեւոր դերի, մեր ամենօրյա կյանքում գիտության կարեւորության ու հրատապության ընդգծումը: Գիտության համաշխարհային օրը հնարավորություն է ստեղծում հանուն խաղաղության եւ զարգացման գիտության թեմայի շուրջ համախմբել բոլոր շահագրգիռ կողմերին՝ պետական գործիչներից մինչեւ ԶԼՄ ներկայացուցիչներ ու դպրոցականներ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ