Ո՞ՐՆ Է ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԻ ՊԱԹՈԼՈԳԻԿ ՎԱԽԻ ՀԻՄՔԸ
Վերլուծություն
Բաղդադում «խուրմա» կա` իրաքյան INA լրատվական գործակալությունը, վկայակոչելով երկրի ԱԳՆ խոսնակ Ահմեդ Ալ-Սահաֆին, հայտնում է, որ դեկտեմբերի 4-ին Բաղդադում տեղի կունենա «Հնագույն քաղաքակրթությունների ֆորում»՝ Հունաստանի, Չինաստանի, Եգիպտոսի, Իրանի, Իտալիայի, Պերուի, Բոլիվիայի, Հայաստանի և Մեքսիկայի մասնակցությամբ: Նիկոլի ականջը խուլ` հանկարծ չբողոքի, թե ինչու «կիրթ ու կառուցողական» Ալիևի արհեստածին երկիրն ընդգրկված չէ...
ԱԺ ԴԱՀԼԻՃԻՑ ԱՀՈՒՍԱՐՍԱՓԻ ՀՈՏ Է ԳԱԼԻՍ
Խորհրդարանի կուլուարներում կատակում են, որ եթե Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը բերեն ԱԺ, ապա դժվար թե այդ տեքստը ձայների մեծամասնություն հավաքի: Դե, եթե ՔՊ-ական Գնել Սանոսյանը, ստանձնելով թշնամու ասկյարների փաստաբանի դերը, ՀՀ սուվերեն տարածքում դեպի ազերիների գրաված բնագծերը լայն ճանապարհների շինարարությունն արդարացնում է ձմռանը ասկյարներին սոված չթողնելու պատճառաբանությամբ, ապա սրանցից սպասելի է ամեն ինչ:
Եվ մինչ երկրում արդեն երկու տարի է ամեն օր 2020-ի նոյեմբերի 9-ը չի պրծնում, և ապրում ենք պերմանենտ կապիտուլյացիայի մեջ, Ալեն Սիմոնյանը հայտարարում է, թե ի հեճուկս ընդդիմության` հայկական կողմը հետպատերազմյան երկու տարում լավ բանակցում է՝ հավաստիացնելով, որ միջազգային ասպարեզում կարելի է շատ երկար նշել մեր դիվանագիտութան հաղթանակները: Դրա «փորացավը» պարզ է` ջանում է ապացուցել, որ բանակցող փոխելու անհրաժեշտություն չկա. «Էս նման ներգրավվածություն ԱՄՆ-ի կողմից, Ֆրանսիայի կողմից, Ռուսաստանի կողմից նույնիսկ չի եղել Մինսկի խմբի, այսպես ասած, գովաբանված ֆորմատի ամենաակտիվ ժամանակահատվածում, արդյոք դա հաղթանակ չէ՞…»: Ալենը հաղթանակի մասին լրիվ այլասերված պատկերացումներ ունի, քանի որ միայն նվաստացումից սեռական հաճույք ստացող մազոխիստի մտքով կարող է անցնել՝ վերջին երկու տարվա մղձավանջը դիվանագիտական հաղթանակ որակելու: Իսկ միգուցե ոչ թե հայկական, այլ ադրբեջանաթուրքակա՞ն կողմին նկատի ունի...
Ինչևէ, խունտայի մեջ վախը մտած է, որ ֆորսմաժորային տարբերակով բանակցող փոխող կարող է լինել: Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես են կապիտուլյանտի անվտանգությունն ապահովող ՊՊԾ աշխատակիցները մուտք գործում ԱԺ նիստերի դահլիճ ու տեղավորվում ընդդիմադիր խմբակցությունների հատվածի գխավերևում, ինչը բացառիկ երևույթ է ՀՀ խորհրդարանի ողջ պատմության ընթացքում: Եվ դա այն դեպքում, որ աշխարհում դժվար է գտել որևիցե երկրի խորհրդարան, որի պատգամավորները նիստերի դահլիճ մուտք գործելու իրավունք ստանան բացառապես ոտից-գլուխ զննվելուց հետո: Գումարած դրան, հենց որ կապիտուլյանտը ժամանեց, ընդդիմադիր պատգամավորները միանգամից ցուցադրաբար լքեցին դահլիճը:
Ուրեմն ի՞նչ, սեփական թիմակիցների՞ց վախ ունի: Կապիտուլյանտների թիմի պառակտումն ակնհայտ է անգամ քաղաքականությունից գլուխ արդուկել սիրող տաքսիստների և վարսավիրների համար, իզուր չէ, որ ՔՊ-ում տիրում է «շպիոնամանիա», վարչության ընտրությունները վերածվում են հրապարակային սկանդալի, իսկ Նիկոլը անձամբ է գլխավորում վարչությունը, երևի վախենալով, որ ՔՊ-ում իրեն «ֆուկ» կանեն: «Փողոցից եկած իշխանությունը թույլ է լինելու»,- Հովիկ Աղազարյանն ընդդիմության մասին է այդպես խոսում, ճշգրտորեն նկարագրելով այն ամենը, ինչ իրենց թիմն արեց 2018-ին և դա վերագրելով ընդդիմությանը: Դե, քանի որ ՔՊ-ի մասին ճշմարտությունն իմանալու փոխարեն գժից ու ճժից հարցնելու փոխարեն պետք է հարցնել Հովիկ Աղազարյանից, ուրեմն` ՔՊ-ի ներսում այդ թեման կա, թե ինչպես է ընդդիմությունը փողոցի միջոցով իրենց բոլորին #սիկոլ անում...
Իսկ Armenian info վերլուծական բլոգն էլ անսպասելի հարցադրում է անում. «Նիկոլը մահվան հո՞տ է առել: Եթե առել է, ապա ումի՞ց է առել կամ ինչո՞ւ են նրա մոտ զգայարաններն ու ինքնապահպանման բնազդը սրվել: Հոգեկան լրջագույն խնդիրներ ունեցող Նիկոլի վախը կարող է պայմանավորված լինել թերևս սպասվելիքով. հաստատ ուզում է անել կամ արդեն իսկ արել է մի բան, որը նրան կարող է արժանացնել ասենք Իցհակ Ռաբինի ճակատագրին»:
Դե մինչև տարեվերջ ուզում են ամեն գնով «խաղաղության պայմանագիր» կնքել այն թշնամու հետ, որը Նիկոլի իսկ խոսքով պատրաստվում է ցեղասպանել հայերիս, և որը նույն Նիկոլի խոսքով պայմանագիր կնքելուց 12 ժամ անց կարող է պատերազմ սկսել:
ԽՈՒՆՏԱՅԻ ԳՐՈՀԸ ՀՀԿ-Ի ԴԵՄ
ԱԺ-ում կապիտուլյանտը նաև մատնոցախաղ սկսեց, հայտարարելով, որ ինքը անվերապահ կողմ է «ռուսական տարբերակին», թաքուն դրան կողմ է եղել նույնիսկ հունվարից սկսած, և հարցադրում է` իսկ ընդդիմությունը կո՞ղմ է, թե՞ դեմ: Բայց եթե այդ փաստաթուղթը տեսել է միայն Նիկոլը, ինչպե՞ս կարող են առարկայորեն կողմ կամ դեմ լինել մարդիկ, ովքեր տեքստը չեն տեսել... Դա տիպիկ գեղցիական «շուստրիություն» է, հասցեագրված Հյուսիս, թե` Վլադիմիր Վլադիմիրիչ, ես անվերապահորեն կողմ եմ քո ասածներին և անվերապահորեն հնազանդ եմ քեզ, իսկ այ էս «քըխ» ընդդիմադիրները դավադիր բաներ են մտմտում: Սակայն կարծել, թե ՌԴ նախագահը կուտի այդ պարզունակ «կտերը», կնշանակի նրան խիստ թերագնահատել...
Ի պատասխան այդ մատնոցախաղի` ՀՀԿ դիրքորոշումը ներկայացրեց քաղաքական հալածանքների ենթարկվող ՀՀԿ փոխնախագահը: Կարճ մեջբերենք.
• Նիկոլն ԱԺ-ում հայտարարեց՝ ՀՀ քաղաքական դաշտում կա կոնսենսուս ՝ ռուսական տարբերակի շուրջ:
— Ես հայտարարում եմ, որ ՀՀԿ-ի և «Պատիվ ունեմ»-ի դասակարգման մեջ տարբերակները չեն դիտարկվում ըստ իրենց աշխարհաքաղաքական, քաղաքական ծագման երկրի կամ մայրաքաղաքի:
— Մենք ասում ենք մեր սկզբունքները և որ տարբերակի մեջ այդ սկզբունքները պահպանված կլինեն, այդ տարբերակն էլ, որպես սկզբունքից բխող հետևանք, կլինի ընդունելի:
— Մեզ որակն է պետք, չենք նայելու «made in» որտեղ է:
— 2021-ի հունվարից ռուսական տարբերակին սատարող «տղեն» իր ընտանեկան թերթում ընդդեմ ռուսների հոդված կգրի՞:
Այդ ընտանեկան թերթում, որն ավելի ճիշտ կլինի որակել աղբակայք, նաև «գլխից վեր» սուտն է գրվում Սերժ Սարգսյանի մասին, և Արմեն Աշոտյանի խոսքով. «Երկնել է մի թարմ հիմարություն, թե Սերժ Սարգսյանը միջազգային գործընկերների հետ հանդիպումների ժամանակ պնդում է, «թե իբրև Նիկոլ Փաշինյանը պայմանավորվածություն է ձեռք բերել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ըստ որի՝ «Հայաստանի սուվերեն տարածքով ռուսական կողմի հսկողությամբ Հայաստանը պետք է միջանցք տրամադրի Ադրբեջանին»:
Այս զավեշտը կմնար պարզապես Իսլանդիայի ափերին օվկիանոսում կետերի հետ ֆոտոսեսիա անող տիկնոջ եւ իր ստախոս ու վախկոտ ամուսնու լրատվական աղբանոցի շարքային ցնդաբանություն, եթե չհետապնդեր հերթական նենգ նպատակները: Այն է. Հայաստանի ինքնիշխանության հաշվին անել նոր ճակատագրական զիջումներ ու այդ նպատակով նախապես «հող նախապատրաստել» նախկինների գրպանները գցելու համար... չփորձեք Հայաստանի համար կենսական հարցերով դավադրությունների գնալու ձեր կեղտոտ պատրաստակամությունը փաթաթել նախկինների վրա»:
Ի դեպ` օրինաչափություն է դարձել ՀՀԿ առաջնորդների վրա քրգործեր կարել, որպեսզի չկարողանան մեկնել արտերկիր և օգտագործել իրենց միջազգային կապերը տարբեր հարթակներում: Այդպիսին է Սերժ Սարգսյանի քրգործը` խափանել նրա մասնակցությունը ԵԺԿ միջոցառումներին: Հիմա էլ Արմեն Աշոտյանին քրգործ կարելու միջոցով չթողոցին մեկնել ԵԺԿ միջոցառմանը: Եվ ամենևին էլ նշանակություն չունի, թե ինչ է գրված «քրգործեր» և «մեղադրական եզրակացություններ» կոչվող մակուլատուրայում, դրա վրա ժամանակ ծախսելն ավելորդ է: Կարևորը հետևյալն է` ստեղծել երկրից չբացակայելու խափանման միջոց, տվյալ դեպքում դա խափանման միջոց է ընդդեմ միջազգային կապերի, բայց առայժմ վախենում են կալանավորել: Բայց Հայկ Մամիջանյանը փաստում է. «Ինչպես գիտեք, ես և Արմեն Աշոտյանը պիտի մասնակցեինք Լիսաբոնում ընթացող ԵԺԿ քաղաքական ասամբլեային: Երբ մեր եվրոպացի գործընկերները տեղեկացան, որ Փաշինյանի հրամանով Արմեն Աշոտյանի մասնակցության համար խոչընդոտներ են ստեղծվել՝ առավել մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին մեր ասելիքներին ՀՀ և Արցախի անվտանգության, մեր երկրում քաղաքական դրդապատճառներով հետապնդումների և այլ թեմաների մասին»:
Դե ինչ, այս անգամ կարծես թե «խիյարը թարս է բուսնում»:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ