ԺԵԽԱՏԵՍԻԼ 2018-2022. ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ
Վերլուծություն
Վերնագիրը վերցված է փաստաբան Տիգրան Աթանեսյանի գրառումից: Թեև կոպիտ է, բայց սեղմ բանաձևում է այն ամենը, ինչ կատարվում է վերջին չորսուկես տարիներին: Եվ, ի դեպ, Աթանեսյանը շատ լավ է ճանաչում Նիկոլի տեսակը, զի ժամանակին նրա դատապաշտպանն է եղել: Իսկ «Մանկական եվրատեսիլը» առիթ դարձավ անպատեհորեն շքեղ և միաժամանակ ժեխաճաշակ խրախճանքի: Հաց և տեսարաններ... Եթե հացը պակասում է` է՛լ ավելի շատ տեսարաններ:
ԽՐԱԽՃԱՆՔ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱ՞Ջ...
Ինչպիսին են 688 հազար ընտրողները, այդպիսին է և դրանց ընտրած «իշխանությունը»` աչքածակ և ցուցամոլ: Սրանց իրոք ճոխ տոնածառն ավելի է հետաքրքրում, քան մարտական դիրքերի ծակ վրանները, սպառազինության և հանդերձանքի անբավարարությունը, զինծառայողների մահերը, թշնամու ներկայությունը մեր տարածքում... Սա այն տեսակն է, որ ապակու փող չունենալով, լուսամուտներին պոլիէթիլեն է քաշել, բայց վարկով թանկ մեքենա է գնել, կամ լավագույն դեպքում` ամենաթանկ Այֆոնը... Այդ տեսակի ընտրածը, առավելևս` չնայած կապիտուլյացիային ընտրածը, պետությունն անխուսափելիորեն տանում է կործանման և բացում նոր ցեղասպանության դուռը: Կասեք` ինչպե՞ս եղավ 1915-ի ցեղասպանությունը` ճիշտ այնպես, ինչպես հիմա է կատարվում կործանումը:
Այն բանից հետո, որ մեկ տասնյակից մի քիչ ավելի ազերի «բնապահպաններ» հաջողությամբ իրագործեցին Բերձորի միջանցքը մի քանի ժամով փակելու փորձը, ցեղասպանությունների կանխարգելմամբ զբաղվող Լեմկինի ինստիտուտն ահազանգեց, որ Ադրբեջանը նախապատրաստում է ցեղասպանություն: Այն, ինչ գիտեն օտարազգի փորձագետները, սակայն անհասու է հրապարակում լույսերով հիացող և տոնածառի շուրջ տռճիկ տվող բազմությանը: Նույնիսկ ինքնապահպանման բնազդն է բթացել:
Բոլորս տագնապեցինք, երբ խաղաղապահների հրամանատար գեներալ Վոլկովի շուրթերից լսեցինք «мини таможня» դարձվածքը: Հետո Արցախի ԱԱԾ-ն հերքում հրապարակեց, մասնավորապես պնդելով. «Այսօր զանգվածային լրատվամիջոցներով ու սոցիալական ցանցերով տարածվել է Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավար Անդրեյ Վոլկովի հարցազրույցը, որի հիման վրա հետևություն է արվել, որ Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքում տեղադրվելու է ադրբեջանական հետակետ: ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից հարցի շուրջ քննարկում է կազմակերպվել Ա.Վոլկովի հետ, որի ընթացքում վերջինս հայտարարել է, որ միջանցքում հենակետ չի լինելու, այն ադրբեջանցիների կողմից չի վերահսկվելու և միջանցքում՝ խաղաղապահների տեղակայման վայրերում ադրբեջանցիներ չեն լինելու: Ա.Վոլկովի պնդմամբ ընդամենը նախատեսվում է տեղադրել տեխնիկական վերահսկման սարքեր՝ խաղաղապահների աշխատանքը հեշտացնելու համար»: Որոշ չափով թեթևացած շունչ քաշեցինք, բայց տագնապը մնաց` չէ՞ որ Բաքվի և Անկարայի արյունռուշտ ծրագրերը չեն փոխվել, իսկ կապիտուլյանտների խունտան գրեթե ոչնչացրել է պաշտպանության համակարգը:
ՔՊ-ի քարոզչամեքենան խոսում է անվտանգությունից, բայց միայն խոսում է: ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը, անդրադառնալով ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանի երեսպաշտ հոդվածին, իրավացիորեն նշում է. «Չի՛ կարելի շենքը պայթեցնելուց հետո այն վերականգնել` առանց պայթյունի պատճառ հանդիսացող ականներն ու պայթուցիկները վնասազերծելու: ՔՊ-ական այդ պատգամավորին պետք է նաև ասել, որ թեման շատ կարևոր է, բայց ՔՊ քաղաքական բանդայի հետ քննարկման ենթակա անվտանգային միակ թեման` իրենց շեֆերի քաղաքական և իրավական պատասխանատվության հարցերն են: Փոխարենը, լավ կանեք, որպես իշխանություն չտառապեք ստորաքարշ վախկոտությամբ, օպերատիվ արձագանքեք ու լուծումներ փնտրեք ադրբեջանական ամենօրյա ահագնացող սպառնալիքների դեմ...»: Իսկ ստորաքարշ վախկոտությունը ճշգրիտ բնութագիր է, մասնավորապես, Բերձորի միջանցքն ընդամենը մի քանի թափթփուկներով փակելու փաստի առթիվ վարչախմբի լրիվ կրավորական պահվածքի առնչությամբ:
ԻՆՉՊԵՍ ՍԱՏԱՆԱՆ ԽՈՒՆԿԻՑ
Անշուշտ, խայտառակ նախադեպ էր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը: «Այն Հունգարիայի, որը, անտեսելով իրավունքը, Հայաստանի մեջքի հետևում, անարգելով հայ ժողովրդի արժանապատվությունը` 2012թ.-ին Բաքվին է արտահանձնել մարդասպան Ռամիլ Սաֆարովին: Այն Սաֆարովին, որը Բուդապեշտի ՆԱՏՕ-ական դպրոցում կացնահարել է քնած վիճակում գտնվող սպա Գուրգեն Մարգարյանին: Այն Սաֆարովին, որը Բաքվին վերադարձվելուց անմիջապես հետո, պաշտոնապես հերոսացվել է: Երբ Սերժ Սարգսյանը 2012թ. որոշում կայացրեց Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին (այդ մասին տեղյակ պահելով ՀՀ-ում հավատարմագրված բոլոր դեսպաններին), հիմքում առաջին հերթին պետության հեղինակության, ազգային արժանապատվության, բանակի ու սպայի պատվի հարցերն էին: Դրա համար էլ Հայաստանին ու հայ ժողովրդին աշխարհում հարգում էին: Շատ երկրներ ու միջազգային կառույցներ քննադատեցին Հունգարիայի կառավարության ու Ադրբեջանի այդ համատեղ «գործարքը»: Նիկոլի համար ազգ, բանակ, արժանապատվություն, թասիբ գոյություն չունի: Նա հայերին վերաբերվում է միայն որպես կերակրման, հիմարացման ու զիզի-բիզի բաներով խաբելու ենթակա զանգվածի»,– նշեց Արտակ Զաքարյանը:
Ինչի պակաս չկա` «զիզի-պիզիի», հանուն որի Թամանյանի կառուցած շենքերի վրա հազարավոր նոր անցքեր բացեցին, սակայն անձամբ տխրահռչակ Տիգրան Ավինյանը և ՔՊ-ական ողջ քարոզչամեքենան, լծելով նաև պետրոսղազարյաններին (կներեք հայհոյանքի համար), դրա մեղավորը կրկին փորձում են ներկայացնել «նախկիններին»: Դե սրանք ի վիճակի չեն հասկանալ նույնիսկ, թե ինչ վատ բան են անում` հիշենք սրանց կուռքի հին բնակարանի պատերը, որ կատարյալ խոզանոց էին: Դե եթե Նիկոլը իր տան պատերին էր այդպես վերաբերվում, ապա Հրապարակի շենքերի պատերը հաստատ համարում է «դուշմանի մալ»` ասած սրանց մայրենի լեզվով:
Նույն «Հայաստան» դաշինքի նախաձեռնած ԱԺ նիստը, որին փորձում էին «կառուցողականություն» խաղալ, վերածվեց կատարյալ խայտառակության: Նրանք վախենում էին «Արցախի Հանրապետություն» և «ինքնորոշում» եզրույթներից, ինչպես սատանան խունկից` երևի խուսափում էին Բաքվում և Անկարայում նստած իրենց «աստվածների» զայրույթից: Երևի թե, սրանց իշխանավարման միակ իրական երաշխիքը մնացել է թուրքը` ինչքան էլ ձև տան, որ ընդդիմության այժմյան տեղատվությունն ուժեղացրել է ՔՊ-ին:
Ի դեպ, Արմեն Աշոտյանը, ում մեկնումը երկրից քննիչներն արգելել էին, Վիեննայից փաստեց, որ «Նիկոլի իշխանությունն այնքան ուժեղ չէ, որքան կարող է թվալ, այն ճաքեր է տալիս» և «Իմ բացակայության այս թույլտվությունը կրկին ապացուցում է, որ ես անմեղ եմ, որ գործը շինծու է և սարքած, որ Հայաստանում բարոյականությունը չի մեռել, որ «գյուղ կանգնի, գերան կկոտրի» ասացվածքի մեջ կա «աղ, բյուրեղ»:
Սակայն փոքր-ինչ անհասկանալի կեցվածք են դրսևորում «Հայաստան» դաշինքի աջակիցները: Հենց որ պաշտոնաթող դեսպան Միքայել Մինասյանը Ինսթագրամում հրապարակեց ձմեռային լուսանկար և գրառում, որով հրաժեշտ է տալիս ռուսական ձմռանը, նրանք այդ գրառման մեջ հազարավոր դավադիր աստառներ երևակայեցին և անցան ագրեսիվ վատաբանմանը` հաստատելով, որ զոմբին մնում է զոմբի, անգամ եթե հիմա Նիկոլի հետ կապ չունի:
Մեկ էլ տիտղոսային ընդդիմության հանրահավաքների բացակայությունը ցուցանեց, որ «սուրբ տեղը դատարկ չի մնում», այն տվյալ դեպքում լցվեց ԱԺԲ-ականներով: Վերջիններս հասցրել են ծեծկռտվել ոստիկանների հետ, իսկ այսօր պատրաստվում են փողոցներ փակել` այս եվրատեսիլյան շոուներին զուգահեռ... Տեսնենք` դրա վե՞րջն ինչ է:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ