ԶԱՐՄԱՆՔ
Զարմանք
Ռուս քաղաքագետ ՄԻԽԱՅԻԼ ԱԼԵՔՍԱՆԴՐՈՎԸ դեկտեմբերի 13-ին նշել էր, որ ադրբեջանցիների կողմից Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսաստանցի խաղաղապահների դեմ բռնությունների կիրառման դեպքում Մոսկվան կարող է «հրթիռակոծել Բաքվի նավթային ենթակառույցները, ինչը կհարվածի նաև Արևմուտքին՝ բարձրացնելով վառելիքի գինը միջազգային շուկաներում»: Թվում է, թե բնականոն ռուսական տեսակետ է, սակայն դրան հետևեցին զարմանալի իրադարձություններ: Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) ռեկտորատի որոշմամբ նրան հեռացրին աշխատանքից` պատճառաբանելով, որ նրա հայտարարությունները էապես վնասում են ռուս-ադրբեջանական դաշնակցային հարաբերություններին: Դե ինչ, կարելի էր արձանագրել քաղաքական կոռուպցիայի դասական դեպք և մաղթել ռեկտորին, որ ադրբեջանական սև խավիարը նրա կոկորդին կանգնի, սակայն շարունակությունը է՛լ ավելի զարմանալի է: Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել Միխայիլ Ալեքսանդրովի նկատմամբ՝ Ադրբեջանի դեմ սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով: Դե ինչ, հարևան մազութնոցի քոչվորները զարմանալիորեն այնքան են լկտիացել, որ կարող են հետախուզում հայտարարել Ռուսաստանի ցանկացած գործչի նկատմամբ, ով արտահայտել է իրենց դուր չեկած տեսակետ:
Իսկ մինչ Բաքվում, երևանյան ժարգոնով ասած, հաբռգում են, Նիկոլը վերջապես գլուխ գովալու առիթ է ձեռք բերում: Զարմանալիորեն պարզվում է՝ Հանրապետության հրապարակի ՏՈՆԱԾԱՌԸ երկրորդն է դարձել իր բարձրությամբ ԱՊՀ տարածքում՝ 37 մետր: Իսկ օրինակ՝ Մոսկվայինը, որ 6-րդ տեղում է հանգրվանել, 27 մետր է: Առաջին տեղում թուրքմեններն են՝ 43 մետրով: Նիկոլից ճոխ տոնածառ, փաստորեն, միայն թուրքմենբաշիներն են դրել, և ստացվում է, որ կապիտուլյանտը թուրքմենական դիկտատորի հետ որոշել է մրցել ոչ միայն բռնատիրություն հաստատելու, այլև տոնածառի հարցում... Սակայն Թուրքմենիան, ի տարբերություն մեր երկրի, օրհասական վիճակում չէ, չունի իրեն ցեղասպանել ձգտող հարևան, տնտեսապես էլ բավականին բարվոք, ու կարող է իրեն այդպիսի գլուխգովան դիկտատորական խաղեր թույլ տալ, որոնք հնազանդությանը սովոր թուրքմեններին հոգեբանորեն էլ առանձնապես անհարմարություն չեն պատճառում... Իսկ մեր պարագայում, գյումրեցու ասած, «հավը եթե ղազին աշե` հավկիթ ածելիս», հետևանքները համապատասխան կլինեն:
Իսկ տոնածառի պատճառով զարմանալի քրգործ կա: «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն գնահատում է, որ ՀՀ քաղաքացի, լրագրող, խմբագիր, մանկավարժ ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ-ՏԵՐՅԱՆԻ նկատմամբ հարուցված քրեական գործն, ըստ էության՝ քաղաքական հետապնդում է, որով փորձում են հալածել ճանաչված լրագրողին սուր քննադատական հրապարակումների համար Oragir.News-ում և «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարում»: Վարույթ նախաձեռնելու առիթ է մեր գործընկերոջ ֆեյսբուքյան գրառումը. «Ի նշան բողոքի՝ պետք է հրապարակի տոնածառը վառել»: Քննչական մարմինը գրառման մեջ բռնության կոչ է նկատել... Պատկերացնո՞ւմ եք` բռնության կոչ տոնածառի հանդեպ: Հիմա հարց` այդ զարմանալի և ծիծաղաշարժ «հանցակազմով» քրեական հետապնդման պատվեր կատարողները վերջին անգամ ե՞րբ են այցելել իրենց հոգեբույժին: Իսկ առաջադրանք տվողներին արդեն ոչ թե հոգեբույժ, այլ անասնաբույժ է անհրաժեշտ: Զարմանալով հանդերձ` մնում է ենթադրել, որ տոնածառի մեջ բնակվում են խունտային հովանավորող չար ոգիներ, և այդ պատճառով տոնածառին համարում են շնչավոր և «բռնության կոչի» հանցակազմ մոգոնում...
Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ