ԶԱՐՄԱՆՔ
Զարմանք
Զարմանալի բաներ է անում նորանշանակ ՍԴ դատավոր ՍԵԴԱ ՍԱՖԱՐՅԱՆԸ, ում խունտան վարձատրեց մարտի 1-ի «բացահայտման» գործում իր «անմնացորդ նվիրման» համար: Այսպես, մամուլը օրեր առաջ հայտնել էր Սեդա Սաֆարյանի, որպես արդեն ՍԴ նոր դատավորի չարաշահումների մասին, ըստ որի` արդեն իսկ լինելով ՍԴ դատավորի կարգավիճակում և ստանձնած լինելով ՍԴ դատավորի պաշտոնը՝ Սեդա Սաֆարյանը որպես 3 դիմողների ներկայացուցիչ՝ վերաքննիչ բողոք էր ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան` իր անվամբ ու ստորագրությամբ, այն դեպքում, երբ ՍԴ դատավորը, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ կետի, պարտավոր է հանդես չգալ որպես ներկայացուցիչ կամ չտրամադրել խորհրդատվություն, այդ թվում` անհատույց հիմունքներով, բացառությամբ այն դեպքերի, երբ նա հանդես է գալիս որպես օրինական ներկայացուցիչ կամ անհատույց իրավաբանական խորհրդատվություն է մատուցում իր մերձավոր ազգականներին կամ իր խնամակալության կամ հոգաբարձության ներքո գտնվող անձանց: Բայց «յուղը վրեն» ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի արկածները այսքանով չեն ավարտվում. Yerkir.am-ի տեղեկություններով` ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը իր վարորդ է նշանակել սեփական ամուսնուն: Դե, եթե հանրային տրանսպորտում վարորդը նաև հսկիչ է, ապա Սեդայի դեպքում ամուսինը նաև վարորդ է...
Ձեր նմաններ լրիվ խայտառակել ռեսպուբլիկա: Armenian info բլոգի պնդմամբ. «Ըստ հավաստի տեղեկությունների՝ Ալենի «կանտորայում» առավոտից՝ երեկո հանրության գլուխն արդուկող ու ինքն իրեն Նիկոլի Սոլովյով կարծող ՍԱՐԳՍՅԱՆ ԳՆԵԼԸ, որ Նիկոլի ձեռամբ երկրի տեղեկատվական դաշտը պղտորող է աշխատում՝ շեֆի հրամանով պարբերաբար քաղաքական գործընթացներում նույնպես քիթը խոթելով, գիշերը ժամը 3-ին Ֆրանսիայի հրապարակում սադրանքի է դիմել: Հետանցքը կորցրած Գնելը, ըստ ականատեսների, փորձել է Արցախի և Հայաստանի Հանրապետության դրոշները պատռել, ինչից հետո ոստիկանները «արտիստին» հեռացրել են հրապարակից: Նիկոլի խեղկատակի այս քայլը չափազանց հատկանշական ու խոսուն դրվագ է. Գնելը, չտիրապետելով սեփական էմոցիաներին, կամա-ակամա բացահայտել է սեփական ենթագիտակցության մեջ արմատավորված արժեհամակարգը, որը, փաստորեն, հակաարժեհամակարգ է՝ հայության ու հայոց պետականության դեմ ուղղված: Գնելը փորձել է անել այն, ինչի մասին երազում է ամեն մի ՔՊ-ական»: Դե ինչ ասես, սույն զարմանալի դեպքը հուշում է, որ իշխանափոխությունից հետո ՔՊ-ականներին պետք է արգելվի ոչ միայն որևէ պաշտոն զբաղեցնելը, այլև արգելվի աշխատել կրթության, մշակույթի և լրատվության ոլորտներում:
Հայտնի է, որ Իրանում հեղափոխության ժամանակ փակել էին ԱՄՆ դեսպանատունը: ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆՆ էլ զարմանալի ենթադրություն է հայտնում` որ «թավշյա հեղափոխության» ռահվիրաները նույնպես մի օր դեսպանատուն կփակեն. «Մի օր իշխանությունը կհայտարարի, որ Հայաստանը Ռուսաստանի դեսպանատան կարիքը չունի... ՀԱՊԿ-ն օգնություն է առաջարկել, այդ թվում՝ զենք, բայց Փաշինյանը հրաժարվել է եւ քարոզում է, որ ՀԱՊԿ-ն Հայաստանին չի օգնել: Մոսկվան Հայաստանին ասում է՝ Ադրբեջանի հետ ճանաչեք միմյանց սահմանները: Ռուսաստանը չի ստիպի Բաքվին, քանի որ դա չի համապատասխանում նրա շահերին՝ համարելով նաեւ, որ Հայաստանի իշխանությունն արժանի չէ դրան: Ի՞նչ է նշանակում ՀԱՊԿ երկրների հինգ նախագահներին ասել՝ «ասեք, թե որտեղ է անցնում Հայաստանի սահմանը»: Եթե իշխանությունը ճիշտ է, ինչո՞ւ չեն նախաձեռնում Հայաստանի դուրսբերումը ՀԱՊԿ-ից: Ե՛վ Ֆրանսիան, ե՛ւ ԱՄՆ-ն զգուշացրել են Հայաստանին, որ Երեւանը դուրս չգա կազմակերպությունից»:
Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ