Սա ոչ բժշկական մոտեցում է. ինչ է կատարվում առողջապահական ոլորտում
Թեմա
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ ԾԱՂԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆՆ ահազանգում է առողջապահության առաջնային օղակում առկա խնդիրների մասին:
«Առողջապահության առաջնային օղակն արտահիվանդանոցային այն ձեւն է, երբ մարդիկ չեն գնում եւ պառկում հիվանդանոցում: Այս բժշկական ծառայություններն իրականացնում են պոլիկլինիկաները, ընտանեկան բժիշկների գրասենյակները: Եթե քաղաքներում բնակչությանը հիմնականում պոլիկլինիկական ծառայություններն են սպասարկում, ապա գյուղական վայրերում դրանք ամբուլատորիաներն են, որտեղ ընտանեկան բժիշկների օֆիսներ են: Երեւանում իրականացվել է, այսպես ասած, պոլիկլինիկաների բարեփոխում՝ պրիմիտիվ միավորումների ձեւով: Սա ոչ բժշկական մոտեցում է», - ընդգծեց Վարդանյանը:
Ինչ վերաբերում է մարզերին, այստեղ, պարզվում է, իրավիճակն էլ ավելի բարդ է: Աշտարակ խոշորացված համայնքի 8 ընտանեկան ամբուլատորիաների տնօրեններ բարձրաձայնում են, որ իրենց հայտնել են, թե խախտումներով են աշխատել եւ 2023թ. փետրվարի 1-ից դադարեցնելու են` որպես տնօրեն աշխատել: Ավելին` համայնքի ղեկավարի կարգադրությամբ` 8 ընտանեկան բժիշկներն ազատված են աշխատանքից եւ հետհաշվարկ են անելու` գանձելով բոլոր այն տարիների աշխատավարձը, որոնք որպես տնօրեն ստացել են:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ