Բժշկական համապարփակ ապահովագրությու՞ն, թե՞ հարված քաղաքացու գրպանին
Թեմա
Առողջության համապարփակ ապահովագրության մասին արդեն տեւական ժամանակ է, ինչ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը խոսում է: Հիրավի, ծրագիրը գայթակղիչ է ու խոստումնալից, բայց կան ինչ-ինչ դրվագներ, որոնք շատերի համար անընդունելի են, օրինակ՝ ամսական աշխատավարձից ապահովագրության համար պարտադիր գանձվող գումարը, որի չափը դեռեւս անհայտ է:
Ըստ հայեցակարգի՝ 2024թ.-ից Հայաստանում ներդրվելու է առողջապահության համապարփակ ապահովագրություն, եւ աշխատող քաղաքացիներն իրենց եկամտից ամսական գումար են հատկացնելու պետությանը՝ Հայաստանի բոլոր բնակիչների առողջությունն ապահովագրելու համար: Քաղաքացիներն ամեն ամիս իրենց եկամուտից հաստատված գումար կվճարեն, թե որքա՞ն, նախարար Ավանեսյանը չի շտապում նշել, միայն հավելում է, որ հարկավոր է ֆինանսավորման աղբյուրներ գտնել եւ համակարգի աշխատանքն ավելի արդյունավետ դարձնել: Բայց թե որքանո՞վ է ՀՀ քաղաքացին պատրաստ, առանց այդ էլ իր աղքատիկ աշխատավարձից վճարում կատարել առողջության ապահովագրության համար, որը ոչ միայն իր, այլեւ մյուս քաղաքացիների համար է արվում, պարզ չէ: Կան մարդիկ, ովքեր մեզ հետ զրույցում նշեցին, որ չեն ցանկանում մյուսների բուժման բեռը, ֆինանսականի տեսքով վերցնել իրենց ուսերին, ստացվում է՝ քաղաքացիները թանկ վիրահատությունների ու բուժումների ծախստը կկիսեն պետության հետ, սակայն հաշվի առնելով մեր երկրում օր օրի թանկացող պարենի, կոմունալների, կրթության ծախսերը` յուրաքանչյուր 1000-2000 դրամ դառնում է խնդիր:
Իսկ ի՞նչ կանեն այն մարդիկ, ովքեր գրանցված աշխատող չեն կամ եկամուտ չունեն. բուժծառայությունը կֆինանսավորվի պետբյուջեից: Ստացվում է, որ գրանցված աշխատողները դառնալու են տուժած կողմ եւ անընդհատ ստիպված են լինելու պետության հետ այս կամ այն ծրագրի շրջանակում կիսել ֆինանսական բեռ, իսկ այն աշխատողները, ովքեր աշխատում են չգրանցված հիմունքներով, եւ այդպիսիք քիչ չեն մեր երկրում, կազատվեն ամսական պահումների բեռից եւ պետության ու գրանցված աշխատողների հաշվին կստանան համապատասխան բուժում:
«Պետության համաֆինանսավորման չափը կորոշվի` հաշվի առնելով շահառուների եկամուտները եւ վարքագիծը»,- նշված է ներկայացված նախագծում:
«Այն անձինք, ովքեր աշխատանք չունեն, այս երեք տարիների ընթացքում կարող են կամավոր միանալ ապահովագրական համակարգին՝ վճարելով ապահովագրավճարը: Եթե ուզում են, որ պետությունը եւս իրենց նկատմամբ կիրառի սուբսիդավորումը, ապա պիտի հայտարարագրեն իրենց եկամուտները»,- ասուլիսի ժամանակ ասել էր նախարար Անահիտ Ավանեսյանը:
Ստացվում է, որ ապահովագրությունից օգտվելու համար ընդհատակյա անցած շատերը ջրի երես դուրս կգան ու կհայտարարագրեն իրենց եկամուտները: Այս նախագիծը աջակցություն է քաղաքացիների՞ն, թե՞ ստվերից ազատվելու միջոց, ցույց կտա ժամանակը:
2022թ.-ին քննարկման ժամանակ ԱՆ փոխնախարար Լենա Նանուշյանն ասում էր, որ աշխատող քաղաքացիները կվճարեն 6% (որից 3-%-ը՝ գործատուն), սակայն ներկայացված նախագծում որեւէ հստակ թիվ նշված չէ: Առանց այդ էլ գործատուները հարկային պարտավորություններից խուսափելու համար չեն գրանցում իրենց աշխատողներին, իսկ այս պարագայում, երբ նա պետք է բժշկական ապահովագրության 3 տոկոսը վճարի, դժվար թե ցանկանա օրինական գրանցված աշխատող պահել ու կրկին բախվում ենք ստվերային գործունեության, որի դեմ պայքարել չի ստացվում:
Եթե 300 հազար դրամ աշխատավարձը կհամարվի բարձր, ապա աշխատակիցը ստիպված կլինի 9000 դրամ վճարել բժշկական ապահովագրության համար, նույնչափ էլ գործատուն, բացի այդ, գործատուն վճարում է սոցվճար՝ գրանցված աշխատակցի համար, որը մշտական ուղեկցող բեռ է այն գործատուի համար, ով ռիսկի է դիմել ու ՀՀ-ում որոշել է զբաղվել փոքր կամ միջին բիզնեսով:
Ի դեպ՝ 2019թ. վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանում աշխատում է բնակչության 21,6 %-ը, որի վրա էլ եւ ընկնելու է համընդհանուր ապահովագրության հիմնական բեռը: Ինչպես շատ ու շատ այլ նախագծերի պարագայում, այս նախագծով եւս հեղինակները կանխատեսում են տնտեսական աճ:
Նախագիծը մշակողների կարծիքով՝ համակարգի ներդրման շնորհիվ ոչ միայն կպակասի հիվանդացության, մահերի ցուցանիշը, այլեւ այն «կնպաստի մարդկային կապիտալի զարգացմանն ու տնտեսական աճին»:
Ս. ԱՍԱՏՐՅԱՆ