ԶԱՐՄԱՆՔ
Զարմանք
Այժմ Հռոմում գտնվող քաղաքագետ ԱՂԱՍԻ ԵՆՈՔՅԱՆԸ, հրապարակելով բռնապետ կայսր Կալիգուլայի բարձրաքանդակի լուսանկարը, մի զարմանալի գրառում արեց. «Կայսր Կալիգուլան իր սիրելի նժույգին՝ Ինցիտատին, դարձրեց սենատոր: Ազգային ժողովի մյուս անդամներից Ինցիտատը տարբերվում էր. նա կոռումպացված չէր և հիմար-հիմար չէր խոսում»: Քաղաքագետն իրավացի է, Ինցիտատը հաստատ շատ շահեկան կերևար հատկապես մեր Միլլի մեջլիսում ու հաստատ ավելի լավ պատգամավոր կլիներ, քան ՔՊ-ական ամբողջ կազմը` Ալեն Սիմոնյանով սկսած, ամենավերջին «ուսապարկով» վերջացրած: Իսկ, օրինակ, Հովիկ Աղազարյանի համեմատությամբ, նա հաստատ իմաստության ակունք է: Ինցիտատը ևս մեկ առավելություն ուներ` նա չէր ստում: Օրինակ` գլխավոր աներձագ Храч Հակոբյանը զարմանալի ցինիկությամբ պնդեց, թե Նիկոլը երբեք չի խաբել հասարակությանը, «մոռանալով», որ մանիպուլյատիվ մատնոցախաղը խաբեության ամենանենգ տարբերակն է: Եվ ամենակարևորը` Հռոմի կայսրի ազնվացեղ նժույգը հաստատ երբեք չէր կարող դավաճան դառնալ, ի տարբերություն ամբողջ ՔՊ-ի` մեծից փոքր, վերադասից ենթակա, ծերունուց պատանի: ՔՊ-ականնե՛ր, մեկդ մանդատը թող զիջի Չալոյին, որը թեև հաչում է, բայց ի տարբերություն նիկոլականների` չի վայրահաչում:
Տխրահռչակ ԳՌԶՈՆ էլ Գնել Սանոսյանի հետ հարցուպատասխանի ժամանակ կեղծ ակնածանքով մի հեքիաթ պատմեց. «Էս վերջերս ես Հայաստանում չէի, շատ մեծահարուստ մի մարդ…դե ես շատ ասեցի՝ Հայաստանում օրենքը, օրենքը, օրենքը…ասեց՝ գիտես ի՞նչ, օրենքը չէ, պետք ա արդարությանը նայես, և՛ ճկունությանը, և՛ արագությանը: Ի՞նչ եք ամեն րոպե ինձ ասում՝ օրենքը, օրենքը՝ Հայաստանում: Դե օրենք ա, դե թող շատ բաներ հետ ընկնի, դե օրենք ա, թող շատ մարդիկ…անարդար խնդիրը լուծվի: Օրենքը, ասում ա, արդարություն չի, օրենքը էն չի, ինչ որ դու ուզում ես, օրենքն էլ պետք ա բերես էդ արդարության»: Զարմանալի է, մի՞թե այդ օլիգարխին թվում է, որ որևէ մեկը, ով կատարյալ ապուշ չի, հավատաց նրա պատմածին: Պարզապես «մեծ մեծահարուստի» հորինածին կերպարի միջոցով Գռզոն իր սրտի խոսքն է հղել քաղաքական իշխանություններին՝ ակնհայտորեն սեփական եսն իր հորինած կերպարի մեջ տարրալուծելով»: Այսինքն` հենց Գռզոն է երազում ոչ մի օրենքով և գրված կանոնով սահմանափակված չլինել: Հենց այս աշխարհայացքն է, որ Գռզոյին ազգի հաշվին «յառմրկի» չարչիից «շատ մեծահարուստ» է դարձրել:
Չեն դադարում զարմանալի լուրերն այն մասին, որ մոտ օրերս սպասվում է իր արդյունավետությունն ապացուցած ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ պաշտոնանկությունը: Դրա առնչությամբ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը տագնապում է. «Նրան գործից ազատելու հրամանը ստորագրելու է Արայիկ Հարությունյանը: Անկախ փաթեթավորման տեսակից: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ սա Ադրբեջանի պատվերն է, Իլհամը բաց խոսում է այդ մասին, իսկ Ալիևի կամքի փոխանցողն ու իրականացնողն էլ, բնականաբար, Նիկոլ Փաշինյանն է: Հիմա Արայիկ Հարությունյանն ունի պատմական շանս՝ կամ ինքնամաքրվելու և կանգնելու Արցախը հայկական պահելու պայքարի կողքին, կամ էլ օգնի Իլհամին և Նիկոլին՝ «խաղաղության» շղարշի տակ Արցախը Ադրբեջանին փոխանցելու հարցում: Արայիկ Հարությունյանը պիտի հասկանա, որ ստորագրելով Ռուբեն Վարդանյանին գործից ազատելու հրամանը, նա մեկընդմիշտ կիսելու է Արցախը հանձնողի խարանը: Արդյո՞ք նա պատրաստ է սրան: Արդյո՞ք արժի… Բիզնեսմեն Արայիկը հաշված կլինի երևի, եսի՞մ»: Բիզնեսն իրո՞ք հայրենիք չունի...
Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ