Էրդողանը կկարողանա՞ վերցնել նման ծննդյան նվերը
ՄիջազգայինՀայտնի դարձավ, որ նախօրեին Նիկոլը ջերմ շնորհավորանքներ է հղել Էրդողանին` ծննդյան օրվա կապակցությամբ: Սա «տարօրինակ» է այնքանով, որ այդ օրը Նիկոլը, դատելով նրա կնոջ հրապարակած լուսանկարներից, զբաղված էր «պերաշկի» ուտելով, այսինքն` աշխատանքի չէր: Բայց չէ, թուրքական աղբյուրները հուշեցին, որ Նիկոլն իր շնորհավորանքը տեղ է հասցրել անուղղակի` «Ռուբինյան-Քըլըչ ալիքով»: Սխալ է էլի, եթե անձամբ զանգեր, շնորհավորեր, երեւի նրան կհրավիրեին Էրդողանի ծնունդը նշելու, ու «պերաշկու» հույսին չէր մնա…
ՏԵՍՆԵՍ ԱԼԵՆԻՆ ԻՆՉ ԵՂԱՎ
Ամեն դեպքում, թեկուզեւ միջնորդավորված, Էրդողանին շնորհավորելը հերթական խայտառակությունն է: Կարո՞ղ է բացատրել, թե ինչի համար: Որ թուրքերի հետ բանակցո՞ւմ է: Բայց դա ի՞նչ կապ ունի: Բանակցելու հիմքով Էրդողանն իրեն շնորհավորե՞լ է. ո՛չ: Կամ միգուցե հերթական անգամ երկիր է խայտառակում, մտածելով, որ դրանից հետո Էրդողանն իրեն «քաղցր աչքո՞վ» կնայի: Ամեն դեպքում, փաստն այն է, որ կառավարության պաշտոնական էջում նման շնորհավորանքի մասին բառ անգամ չկա: Այսինքն, Նիկոլն էլ է հասկանում, թե նման խայտառակ արարքն ինչ ընդունելություն կստանա Հայաստանում, որը ոչ մի մանիպուլյացիայով չես մաքրի…
Մյուս կողմից, հենց նույն օրը, երբ Նիկոլն Էրդողանին էր շնորհավորում, Հայաստանում հայտնի խմբերը նորից առաջ էին տանում ռուսական ռազմաբազան եւ ռուսներին Հայաստանից հեռացնելու թեման: Եվ ասել, թե թուրքական եւ ադրբեջանական ուղղությամբ նիկոլյան բանակցությունները նույն մեխին չեն խփում` այդ միջոցով ողջ Հայաստանը թուրք-ազերիական տանդեմին նվիրող նոր «Ալեքսանդրոպոլի պայմանագիր» սարքելով, իհարկե, միամտություն կլիներ:
Չնայած, Մյունխենի չարաբաստիկ հանդիպումից հետո, երբ արդեն անգամ «Ալքեսանդրոպոլի պայմանագիր 2»-ի առարկայացման օգտին ակնարկող փաստաթղթեր սկսեցին ի հայտ գալ, կարծես թե հերթական շրջադարձն է սկսում ի հայտ գալ: Նման շրջադարձի մասին ակնարկող տեսանելի փաստարկներից մեկն այն է, որ թեեւ ամերիկյան Պետդեպարտամենտից եղավ ուղիղ հրահանգ` գնալ եւ Բրյուսելում նոր հանդիպում ունենալ, սակայն այդպես էլ նման հանդիպման հնարավորություններն ու ժամկետները տեսանելի չեն դառնում: Ավելին, նիկոլյան թիմի կարկառուն ներկայացուցիչներից Ալենը երեկ մի այնպիսի միտք հնչեցրեց, որը մի տեսակ հակասության մեջ է «Բրյուսելի ձեւաչափով» եւ ամերիկյան մոդելով հայ-ադրբեջանական «խաղաղության պայմանագրի» հասնելու գաղափարի հետ: Այսպես, նախ ընդգծելով, թե «խաղաղության պայմանագրի» որոշ կետերի մասով արդեն իսկ կոնսենսուս կա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, Ալենն այնուհետեւ սկսեց իր այն պատկերացումն առաջ տանել, թե` հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման փաստաթղթում չպետք է արծարծվի Արցախի խնդիրը. «Երկու երկրների պայմանագրերը վերաբերում են երկու երկրների հարաբերություններին: Արցախի հարցը այդ երկու երկրների պայմանագրի մեջ պետք է որեւէ ձեւով արտահայտված չլինի»: Նաեւ, որ. «Թող չստեղծվի տպավորություն, որ այդ պայմանագրով փորձում ենք որեւէ ձեւով հետ կանգնել Արցախի շահերի պաշտպանությունից: Արդյոք նոր դրույթ դնելով հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի մեջ, օրինակ, չեղյալ չե՞նք հայտարարի նոյեմբերի 9-ի փաստաթղթում տեղ գտած մեզ համար եւ Արցախի ժողովրդի համար կարեւոր արձանագրումները, որոնց տակ կա Ադրբեջանի նախագահի ստորագրությունը»:
Պահո, ուրեմն Ալենը որոշել է «խաղաղության պայմանագրին» գնալ «Եռակողմ ձեւաչափով» պայմանավորվածությունների խստիվ պահպանմա՞մբ: Հետաքրքիր է, Նիկոլը եւս այդ կարծիքի՞ն է: Թե՞ այս մտքերն Ալենի միջոցով են հնչեցնում, որ պետք եղած պահին Նիկոլն արդարանա, թե` ես կապ չունեմ:
Բանն այն է, որ այն, ինչի մասին խոսում է Ալենը, կարող է մի մեծ խաչ քաշել «Բրյուսելի ձեւաչափի» վրա: Նկատի ունենք, որ առանց Արցախի թեման շոշափելու՝ «խաղաղության պայմանագիր» ստորագրելը ռուսների ամենագլխավոր մոտեցումներից մեկն է, որը Պուտինը բարձրաձայնել է դեռ 2020թ. նոյեմբերի 11-ի իր հայտնի հարցազրույցում` կապված նոյեմբերի 9-ի համաձայնագրի հետ: Այն է` Արցախի հարցը պետք է սառեցնել` զբաղվելով հայ-ադրբեջանական օրակարգի մյուս հարցերով, եւ միայն բավականին ժամանակ անց վերադառնալ Արցախի խնդրի վերջնական կարգավորմանը: Ու քանի դեռ չկա Արցախի խնդրի կարգավորում, ռուսական խաղաղապահները կմնան նոյեմբերի 9-ին սահմանված բնագծերում: Այն դեպքում, երբ «Բրյուսելյան ձեւաչափը», հիշեցնենք, ենթադրում է բոլոր հարցերի, այդ թվում` Արցախի խնդրի փաթեթային լուծում:
Բայց ասել, թե Ալենի նման հայտարարությունը նշանակում է, որ Նիկոլն իրոք հետ է քաշվում «Բրյուսելի սցենարից», իհարկե, անհնար է: Նախ, Արցախը հանձնելու գլխավոր քայլը Նիկոլն արդեն արել է` համաձայնվելով Ալմա-Աթայի հռչակագրի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանները ֆիքսելու հետ: Ըստ այդմ, եթե «Արցախի հարցը այդ երկու երկրների պայմանագրի մեջ պետք է որեւէ ձեւով արտահայտված չլինի» հայ-ադրբեջանական «խաղաղության պայմանագրում», ապա դա կարող է մեկնաբանվել այսպես` Արցախն Ադրբեջանի կազմում է, եւ այս մասին խոսելն իմաստ չունի: Ռուսների առաջարկն այս հարցով մեկ էական դետալ ունի. «խաղաղության պայմանագրով» կամ դրան հարակից փաստաթղթերով պետք է հստակ ֆիքսվի, որ, այո, այն Արցախի հարցի հետ կապ չունի, եւ որ այն դեռ պետք է կարգավորել: Եվ եթե Ալենը խոսում է «որեւէ ձեւով արտահայտված չլինի» տերմինաբանությամբ, նկատի ունի, որ հիշատակված ընդգծումը եւս չպետք է լինի, ու դրանից հետո դեռ խոսում է նոյեմբերի 9-ից, ապա սա ամենասովորական մանիպուլյացիան է: Առավել եւս, որ Միրզոյան Արոն երեկ Փախստականների հարցերով ՄԱԿ գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ հանդիպմանը նորից առաջ տարավ Լաչինի միջանցք եւ Ղարաբաղ միջազգային, այն է` արեւմտյան «փաստահավաք առաքելության» գործուղման հարցը, որը որեւէ աղերս չունի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների հետ:
Բայց նաեւ նկատենք, որ Ալենի հայտարարությունն իրոք ունի երկակի իմաստ. կարող ես մեկնաբանել ինչպես ռուսական, այնպես էլ` ամերիկյան «խաղաղության պայմանագրի» օգտին: Սա, թերեւս, այս պահին ամենակարեւոր դետալն է: Այսինքն, եթե դեռ Մյունխենում Նիկոլն այդքան միանշանակ գնում էր «Բրյուսելի ձեւաչափի» ուղղությամբ, իսկ հիմա փորձում է երկակի իմաստներ տալ իարվիճակին, ապա դա նշանակում է, որ ինչ-որ բան, այնուամենայնիվ, այս ընթացքում փոխվել է:
ՆՈՐԻՑ ԿՐԿՆԱԿԻ ԽԱՂ
Ամեն դեպքում, երբ նիկոլյան թիմը շարունակում է համառորեն փորձել արեւմտյան տարբեր կառույցների խցկել Լաչինի միջանցք եւ Արցախ, արդեն իսկ պարզ ցուցիչ է, թե իրականում ում օգտին են նրանք խաղում: Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ դա անիմաստ հարց է. Նիկոլը չէ, որ կարող է Լաչինի միջանցք կամ Արցախ ինչ-ինչ կառույցների մուտքի «դաբրոն» տալ, այն պարզ պատճառով, որ դա արդեն ռուս-ադրբեջանական պայմանավորվածությունների ենթակա հարց է: Եվ այս տեսանկյունից այն, որ Լավրովը երկօրյա այցով մեկնեց Բաքու, սակայն Երեւան այցի մասին անգամ հեռանկարում խոսակցություններ չկան, արդեն իսկ պարզ ցուցիչ էր:
Ինչ վերաբերում է բուն այդ այցին, ապա թեեւ Ալիեւի եւ Բայրամովի հետ հանդիպման շրջանակներում միանշանակ առաջին պլանում էր Արցախն ու հայ-ադրբեջանական ուղղությունը, սակայն մի շարք այլ հարակից թեմաներ եւս կային, որոնք նույնպես շատ բանի մասին ակնարկեցին:
Բուն հայ-ադրբեջանական ուղղությամբ Լավրովի հիմնական ակնարկը, որը բխում էր Ալիեւի եւ Բայրամովի հանդիպման արդյունքներից, այն էր, որ Ռուսաստանն իրեն համարում է խաղի մեջ եւ որեւէ դեպքում չի պատրաստվում դուրս գալ, որը դիվանագիտական լեզվով այս տեսքն ուներ. «Մենք պատրաստ ենք աջակցել Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքմանը: Այսօր մենք խոսել ենք Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության եւ կայունության ամրապնդմանն ուղղված միջոցառումների մասին, քննարկել ենք հայ-ադրբեջանական կարգավորման հարցերը»: Նաեւ, որ գործընթացը պետք է հանգուցալուծվի նոյեմբերի 9-ի համաձայնագրերի համաձայն: Եվ այդ թվում` կոմունիկացիաների վերագործարկման հարցով Լավրովն ընդգծեց. «Ակնկալում ենք, որ մոտ ապագայում Ռուսաստանի եւ Հայաստանի փոխվարչապետները՝ որպես համապատասխան եռակողմ աշխատանքային խմբի համանախագահներ, կկարողանան կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել Ադրբեջանի եւ Նախիջեւանի հիմնական տարածքի միջեւ երկաթուղային երթուղու օգտագործման վերսկսման վերաբերյալ»:
Չմոռանանք, հենց երկաթուղու եւ նրա վերահսկման թեման է, որին հատկապես դեմ են ամերիկացիները շատ պարզ նկատառումով: Եթե նոյեմբերի 9-ի համաձայնագրի համաձայն այդ գծերը սկսեն գործել, դա կդառնա ռուսների համար այնպիսի հաղթաթուղթ, որից հետո գործնականում հարավկովկասյան խաղը կդառնա ավարտված: Ու հիմա, «մոտ ապագայում» այս հարցում տեղաշարժերի մասին նման հայտարարությունից հետո մնում է սպասել, թե ինչ ուղղությամբ կգնա Նիկոլը: Ասենք, այս ցուցիչով պարզ կդառնա նաեւ մեկ այլ դետալ:
Այսպես, Լավրովը խոսեց նաեւ ՌԴ-ում բանակցությունների շարունակելու մասին` հիշեցնելով նաեւ, որ Միրզոյան Արոն անցած տարեվերջին հրաժարվեց Մոսկվա մեկնել: Սակայն, ըստ Լավրովի, այդ առաջարկը մնում է ուժի մեջ, ադրբեջանական կողմը համաձայն է, իսկ հայկական կողմն ընդամենը նախնական համաձայնություն է տվել: Այդ համաձայնությունը կդառնա՞ իրական գործընթաց, ըստ այս ակնարկի` դա եւս կախված է Նիկոլի կողմնորոշումից:
Բայց, ի դեպ, Լավրովը ավելացրեց նաեւ` այնպես չէ, որ մենք մեր ծառայությունները պարտադրում ենք: Իսկ դա պարզ ակնարկ է` ձեր որոշելիքն է, բայց նաեւ հետեւանքների համար եք դուք պատասխանատու: Իսկ արդի աշխարհում նման հետեւանքներն այնքան լուրջ են, որ դրանք հաշվի առնելով, անգամ Էրդողանը կարող է եւ չվերցնել նիկոլյան մատուցմամբ «Ալեքսանդրոպոլի պայմանագիր 2»-ը:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

