ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԿԱՐՏՈՖԻԼԻ ԴԵՄ ԿՌՎԵԼՆ ԵՆ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ
Վերլուծություն
Իջեք, հասել ենք: Թե ինչպիսի զավեշտալի «կռիվ» է արել Հովիկ Աղազարյանը կարտոֆիլի պարկերի և կարտոֆիլ վաճառողների հետ` դա հանրահայտ է: Միակ տարօրինակությունը` թե ինչու ի տարբերություն Նիկոլի վիրավորվել է «թուրք» բառից և ասողին բռնել տվել... Թե՞ ՔՊ-ի ներսում ոմանց գլուխը մտել է, որ թուրքը թշնամի է: Զորօրինակ` տխրահռչակ Մելքոնյան Գագոն հասցրել է կոչ անել չհավատալ թշնամուն:
ՔՊ-ՈՒՄ ԻՐԱՐ ԵՆ ԽԱՌՆՎԱԾ
106 տարի առաջ մեծն Ավետիք Իսահակյանը ճշգրտորեն ասել է, թե ովքեր են թուրքի հետ հաշտություն փնտրողները. «Ներել, մոռանալ՝ երբեք, ո՛չ մի ձեռք հաշտության, ո՛չ մի թուրքի հետ, միայն վրեժ, սա պիտի լինի մեր աստվածը՝ վրեժ, մեր կրոնը՝ վրեժ, մեր պատմական միսիան-վրեժ, մեր երգը, մեր նկարը, մեր հացը-վրեժ, մեր որդին, մեր սերը, մենք-վրեժ:
Դարե՛ր, դարե՛ր, դարե՛ր, միայն վրեժ…
Պիտի մենք լիրբ լինենք, ստոր, պոռնկորդի, որ մոռանանք և ներենք:
Վրեժի կաթ պիտի տան մեր մայրերը մեր ծնվող մանուկներին…»:
Այսինքն` մեծն մտավորականը թուրքի հետ «խաղաղություն» փնտրողների ճակատին դաջել է. «Լիրբ, ստոր, պոռնկորդի»: Մեկ դարի հեռավորությունից բնութագրել է կապիտուլյանտների ողջ բոլուկին... Իսկ բոլուկի ներսում պառակտում է եփվում: Վտանգավոր չափերի են հասել իշխող կուսակցության ներսում վեճերը: Իսկ նոր կուսակցության ստեղծումը, ինչը Նիկոլը վաղուց է մտմտում, պահանջվում է, որպեսզի այնտեղ պատվիրակվեն ամենաօդիոզ գործիչներին, ինչպիսիք են պատգամավորներ Արսենյանը, Մելքոնյանը, Աղազարյանը, Թորոսյանը և այլք՝ Փաշինյանի կողմից կուսակցության ղեկից հեռացված գործիչների խիստ առաջնորդությամբ: Պատկերացնո՞ւմ եք` նոր կուսակցություն այդպիսի դեմքերով և Պապիկյանի առաջնորդությամբ...
Ինքը` Նիկոլը վախերի մեջ է: Հասկանում է, որ Արցախում տեղի ունեցած վերջին սանձարձակությունից պատերազմի հոտ է գալիս: Որ Բաքուն թքած ունի և՛ Հաագայի դատարանի, և՛ Շոլցի խոսքի, և՛ Լավրովի հորդորների վրա, առավելևս` եվրադիտորդների վրա: Հայաստանն Արցախով հանդերձ կործանելուց չի նրա վախը, այլ սեփական ողորմելի գոյության համար: Բեռլինում էլ տեղի հայերին ասաց, որ ոչ մի դեպքում իշխանությունից չի հրաժարվի, և այդ հայերին էլ հանդիպումից առաջ լավ «շմոն» էին արել: Ճիշտ է, Քաղշինի պես գոտիները հանձնել չեն տվել, բայց այնուամենայնիվ: Գոտիների հարցով էլ վախեցնող օրինակը կա... Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Մոսկվայում սպանվել է Sputnik V կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծող Անդրեյ Բուտիկովը: Ենթադրվում է, որ Բուտիկովին խեղդամահ են արել գոտիով: Ըստ տեղեկությունների՝ այս սպանությունը տեղի է ունեցել «անձնական վիճաբանությունից» հետո:
Իսկ թե ինչ է կատարվել Ստեփանակերտի մատույցներում` պարզ բացատրում է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը. «Արցախում տեղի ունեցած ադրբեջանական դիվերսիան շարունակվող արտաքին քաղաքականության հետևանք է:
Հարավային Կովկասում Արևմուտքի և Ռուսաստանի շահերի բախման վրա կառուցված արտաքին քաղաքականությունը, ցավոք, անընդհատ բերելու է նմանատիպ մեծ ու փոքր բախումների: Յուրաքանչյուր անգամ զոհեր տալով` Հայաստանը մեղադրում է Ադրբեջանին, իսկ Ադրբեջանը` Հայաստանին: Այնինչ, և՛ Ալիևը, և՛ Փաշինյանը դրանով լուծում են ընդամենը իրենց անձնական իշխանությունը պահելու հարցը: Նրանք լավ գիտակցում են, որ ինչ էլ պայմանավորվեն` չեն կարողանալու միաժամանակ գոհացնել և՛ Արևմուտքին, և՛ Ռուսաստանին: Չեն կարողանալու դրանք կյանքի կոչել նաև երկրի ներսում:
Հետևաբար, «խաղաղության օրակարգն» ի սկզբանե մեծ բլեֆ է: Այնինչ «խաղաղությանը» սպասում են ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում: Չկարողանալով դուրս գալ սխալ քաղաքական հետագծից` Նիկոլը և Ալիևը գնացել են իրենց հանրությանը մատաղ անելու ճանապարհով, որովհետև երկուսն էլ ցանկանում են պայմանավորվել` առանց անձնական պատասխանատվություն վերցնելու»:
ՆԻԿՈԼԸ ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿԵԼ ՈՉ ԹԵ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ, ԱՅԼ ՀԱՅԱՍՏԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպում են հումանիտար հարցերի քննարկման շուրջ, ինչը Բաքուն միանգամից շահարկում է՝ քաղաքական օրակարգ առաջ մղելով:
Ադրբեջանը կազմակերպում է արյունալի սադրանք Արցախում:
Ռուսական ՊՆ-ն հաստատում է, որ վերջին դեպքերի պատասխանատուն Ադրբեջանն է, իսկ Արեւմուտքը գերադասում է լռել մեղավորների մասին:
Արայիկ Հարությունյանն էլ մի հուզառատ ելույթ է ունենում, որով «ադրբեջանական ինտեգրացիայի», դիմադրության, ադրբեջանական հոխորտանքների ու երկկողմ հանդիպման ընթացքի մասին թեմաները խառնում է իրար:
Մենք էլ նստած ազգովի կասկով «վարչապետի» վրա ենք տժժում, որ եկել էր ատոմակայան:
Այդպես է իրավիճակն ըստ Արմեն Աշոտյանի: Ի դեպ, ՀՀԿ փոխնախագահը չի շրջանցել և Նիկոլի ավտոյից անվադող թռցնելու պատմությունը, որից հետո հողատուն հաստատ «վախ բռնողի» կարիք է ունեցել. «Այ տխմար,
Դու 2018-ին գողացար մեքենան, որը իհարկե կատարյալ չէր, բայց «խոդի» էր:
Դու նստեցիր գողացած մեքենայի ղեկին, խոստանալով միամիտ, բայց քո գողությամբ հպարտ ուղեւորներին անվտանգ եւ «երջանիկ» ընթացք:
Դրա փոխարեն դու այդ մեքենան սկսեցիր խփել բորդյուրներին, սկսեցիր այն «ռասկուլաչիտ» անել, «տեխօսմոտր» չանցկացնել, «դզող-փչողների» մոտ չտանել:
Այդ ընթացքում մի քանի հազար ուղեւոր քո «ավարիաներից» մահացան:
Դու շահագործում ես մեքենան, առանց նրա մասին հոգ տանելու:
Դու խոստացար այդ ՏՈՅՈՏԱՆ ԼԱՄԲՈՐՋԻՆԻ սարքել, բայց դարձրեցիր ԶԱՊԱՌՈԺԵՑ:
Չմոռանամ ասել նաեւ, որ այդ մեքենայի ղեկին դու մշտապես անսթափ վիճակում ես:
Էլ չասեմ, որ դու ոչ միայն քշել չգիտես, ոչ միայն ճամփեն ես կորցրել, այլեւ վարորդական իրավունք չունես:
Առնվազն այն պատճառով, որ օբյեկտիվ քննության դեպքում տարրական «պսիխո» ստանալ չես կարող»:
Վարորդական իրավունքի փոխարեն «գժի թղթով» պետության ղեկին նստածը պատրաստվում է նոր ավանտյուրաների, մինչդեռ ինչպես նկատել է իրանագետ Վարդան Ոսկանյանը, թուրքը մեր դեմ հիբրիդային պատերազմի ողջ զինանոցն է կիրառում: Ադրբեջանի ՊՆ պաշտոնական «հաղորդագրության» մեջ հիշատակված տեղանունները Հայաստանի Հանրապետության, համապատասխանաբար, Կուտական, Վերին Շորժա, Նորաբակ, Կութ և Ախպրաձոր գյուղերն ու Վարդենիսի և Ճամբարակի տարածաշրջաններն են: «Խաղաղության օրակարգի» սին հույսերի խորապատկերին թշնամին հենց այս պահին մեր հանդեպ կիրառում է հիբրիդային պատերազմի այնպիսի ագրեսիվ տարր, ինչպիսին «տեղանվանական հարձակումն» է: Այսինքն, օգտագործելով թուրքի տեղանուններ, փորձում է, իբր, փաստացի հիմք ստեղծել իր կողմից «Արևմտյան Ադրբեջան» շինծու եզրութով «բնորոշվող» Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ հեռագնա հավակնությունների և ոտնձգությունների համար:
Թուրքը ամեն օր լրատվահոսքում մեր տեղանունները թուրքականով է փոխում, իսկ Նիկոլը թշնամու զավթածը միտումնավոր նույնպես թուրքական տեղանուններ է հնչեցնում: Ու զարմանում ենք և զայրանում` ինչո՞ւ Գուգլի և Յանդեքսի քարտեզները դարձել են թուրքական անուններով լցված աղբանոց... Դե եթե Հայաստանը սրանք են ներկայացնում, այլ կերպ չի կարող լինել:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ