Ալիեւը հա էլ կհարձակվի, քանի դեռ Նիկոլն աղբ է հավաքում
ՄիջազգայինԱյսպիսով, պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կողմից Ադրբեջանին հրապարակավ խոստացած աջակցությո՞ւնն էր պատճառը, որ Ալիեւը որոշեց առաջ շարժվել: Կամ միգուցե այդ քայլով, որի միջոցով նա փորձում է վերահսկողություն սահմանել նաեւ Արցախ մտնող եւ 4 բնակավայրեր իրար կապող ճանապարհի նկատմամբ, Հեյդարովիչը ՌԴ-ի եւ Իրանի ռեակցիա՞ն էր փորձում ստուգել: Թե՞ նոր բարձունք գրավելու հետ կապված՝ ինչ-որ այլ հարակից գործոններ կային: Ամեն դեպքում, փաստը մնում է փաստ. Ադրբեջանը գնաց մի քայլի, որը ՌԴ ՊՆ-ն անմիջապես ֆիքսեց՝ որպես նոյեմբերյան պայմանավորվածությունների խախտում:
ՆԻԿՈԼԻ «ԲԼԵՖԸ»
Մինչ կփորձենք հասկանալ, թե ինչ է կատարվում, մեկ փաստի վրա եւս կանգ առնենք: Խոսքը՝ Նիկոլի ռեակցիայի, ավելի կոնկրետ, այդ հույժ վտանգավոր իրավիճակի հետ կապված ռեակցիայի բացակայության մասին է: Այսինքն, Ալիեւը փորձում է Արցախի բլոկադան դարձնել 100 տոկոսանոց, իսկ այդ ժամանակ Նիկոլը Դիլիջանում փողոցներից աղբ է հավաքում, քիչ անց էլ հրճվում, թե, տեսեք, երկու համայնքում ընտրություններ եմ շահել: Այն տպավորությունն է, թե այդ դիլիջանյան աղբով նա փորձում է եւս մեկ անգամ ի ցույց դնել, թե դա իր գործը չէ: Այսինքն, ինչպես Լաչինի միջանցքի դեպքում էր` նոյեմբերի 9-ի պայմանավորվածությամբ պատասխանատուն ռուսներն են, թող նրանք էլ «ջառման քաշեն»: Այն դեպքում, երբ Նիկոլի այդ պնդումն ընդամենը Արցախի, Հայաստանի եւ ՌԴ-ի մեջքին հասցված ամենաիսկական «դանակի հարվածն» է, ընդ որում` զուրկ որեւէ հիմքից: Այսինքն, Նիկոլն ինչքան էլ որ պնդի, թե Լաչինի միջանցքի եւ Արցախի անվտանգության մասին նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների համապատասխան կետերում Հայաստանի մասին ոչինչ գրված չէ, պատասխանատուներն են Ռուսաստանը եւ Ադրբեջանը, մեկ է, դա ընդամենը պրիմիտիվ բլեֆ է: Շատ պարզ պատճառով. եթե այդ կետերի մեջ Հայաստանի մասին բան ասված չէ, մեկ է, Նիկոլն է իր ստորագրությունը դրել ողջ փաստաթղթի տակ, որպես մեկ ամբողջականություն, այսինքն` այդ կետերով հանդերձ: Արցախի եւ Հայաստանի համար հենց Նիկոլի այդ ստորագրությունն էր երաշխիքը, որ մյուս կետերը կատարելով, այդ թվում` Արցախի եւ Հայաստանի պաշտպանության համար կարեւորագույն նշանակություն ունեցեղ Քելբաջարն ու Լաչինը հանձնելով, մյուս կետերը կկատարվեն: Այդ թվում` Լաչինի միջանցքի եւ Արցախի ներկա պարամետրերին վերաբերող կետերը: Ու սովորական կեղծիք է հայտարարությունը, թե` այս-այս կետերի համար պատասխանատու եմ, այս մյուսների համար` ոչ. Նիկոլը պատասխանատու է բոլոր կետերի` ողջ փաստաթղթի համար: Ու երբ հիմա չի կարողանում կամ չի ցանկանում այդ փաստաթղթի կետերի մի մասը իրագործել` սրան-նրան մեղադրելով, ապա դա նշանակում է, որ չհասկանալով, «գլխից մեծ բեռ շալակելով» կամ դիտավորյալ ստորագրություն է դրել, դրանով անիրականանալի երաշխիքներ է տվել Արցախին եւ Հայաստանին:
Եվ կոնկրետ դեպքում. Ադրբեջանը նորից խախտում է նոյեմբերի 9-ի փաստաթուղթը: Նիկոլը պարտավոր է դա թույլ չտալ, բայց իր համար հանգիտ Դիլիջանում աղբ է հավաքում: Ու սա կարելի է համարել պաշտոնական անգործունեություն, որը սպառնում է ծանրագույն հետեւանքներով:
ԻՐԱՆԻ ԳՈՐԾՈՆԸ
Փոխարենը նոյեմբերի 9-ի հետ որեւէ կապ չունեցող Իրանն այդ նույն պահին շատ ավելի ծանրակշիռ քայլերի գնաց, քան մեր «հարազատ» իշխանությունները: Եվ ոչ միայն այս դրվագի, այլ` առհասարակ, հայ-ադրբեջանական ներկա գրծընթացի: Օրինակ, Հայաստանի հետ սահմաններ գծելու մասին Ալիեւի հայտարարության հետ կապված այդպես էլ հոդաբաշխ կերպով պարզ չդարձավ, թե ինչ է պատասխանում նիկոլյան խունտան: Մինչդեռ Իրանը Արդաբիլում Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլահ Սեյիդ Հասան Ամոլիի, այսինքն` երկրի փաստացի կառավարող համակարգի ներկայացուցչի միջոցով Բաքվին հիշեցրեց մեկ պարզ փաստ` եթե Ադրբեջանը ցանկանում է, որ պատմական գրառումները լինեն միջազգային սահմանների հիմքում, ապա Իրանի շատ հարեւան պետություններ, այդ թվում՝ Ադրբեջանը, պետք է միանան Իրանին: Պատմությանը դիմելը բացարձակապես չի բխում Ադրբեջանի շահերից, եւ մենք դա չենք ուզում: Իսկ ահա այս լարված իրավիճակի հետ կապված Թեհրանից եկած ազդակներն առավել քան կտրուկ էին: Ամենագլխավորը, որ Իրանը պատրաստվում է նոր զորավարժություններ անցկացնել Ադրբեջանի (նաեւ Նախիջեւանի) սահմանի մոտ: Հաղորդվում է, որ արդեն իսկ ավելի քան 300 միավոր ռազմական տեխնիկա եւ տանկ է տեղափոխվել տարածաշրջան:
Թեհրանից այլ ազդակներ եւս գալիս են այս օրերին: Օրինակ, Հեղափոխության պաշտպանության կորպուսի հետ առնչվող աղբյուրները տարածել են բավականին պատկերավոր տեսանյութ (նաեւ ադրբեջաներենով եւ ռուսերենով)` նկարագրելով նման իրավիճակ.
- Ադրբեջանն ընդամենը գործիք է ՆԱՏՕ-ի ձեռքում, եւ դա կազմակերպությանը պետք է միայն «Թուրանական միջանցքը» բացելու համար:
- Արեւմտյան երկրները վախեցան իրանա-ռուս-չինական դաշինքի ձեւավորումից եւ որոշեցին ոչնչացնել այն, այդ թվում՝ ստեղծելով «ՆԱՏՕ-ի Թուրանյան միջանցքը»:
- Այս միջանցքը կոչված է «կտրելու Իրանին համաշխարհային առեւտրային ուղիներից եւ կենտրոնացնելու տրանսպորտային եւ էներգետիկ տարանցիկ շղթաները Թուրքիայում»:
Այսինքն, Ադրբեջանի քայլերն Իրանը հերթական անգամ գնահատում է իր անվտանգությանը՝ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի կողմից ուղղված բացահայտ սպառնալիք, եւ, հասկանալի է, որ հատկապես Բլինքենի վերջին ելույթից հետո այլ տարբերակ չէր էլ կարող լինել: Իսկ նման գնահատման պարագայում Թեհրանի այս ռեակցիան հազիվ թե միայն սպառնալիքներով ավարտվի, եթե, իհարկե, Ալիեւը վերջնականապես որոշում կայացնի պատերազմի օգտին: Ընդ որում, նաեւ հասկանալով, որ այդ դեպքում անգամ Նիկոլի այնպիսի «տարօրինակ» քայլերը, ինչպիսիք են ծայրահեղ վտանգի պահին աղբ հավաքելով զբաղվելը, Իրանին զերծ չեն պահի միջամտելուց:
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԳՈՐԾՈՆԸ
Միաժամանակ, նաեւ Թուրքիայից եկող ազդակներն են շարունակում Հեյդարովիչի համար քիչ մխիթարական մնալ, թեեւ մշտական կոնսուլտացիաներ Անկարայի հետ, իհարկե` կան: Բայց, ամեն դեպքում, Անկարայի վերջին գնահատականը Իրանի շուրջ իրավիճակի հետ կապված, օրինակ, Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալինի ներկայացմամբ սա էր` «Միացյալ Նահանգները փորձում է շրջապատել Իրանը տարածաշրջանում, եւ մենք դրան մտահոգությամբ ենք նայում»: Թե ինչու, կարելի է կռահել Քալինի այս մեկնաբանությունից. «Ես եկել եմ այն եզրակացության, որ Արեւմուտքը չի կանխատեսել Չինաստանի դիրքորոշումը, Պեկինի միջնորդությունը Սաուդյան Արաբիայի եւ Իրանի միջեւ: Սա, անկեղծ ասած, Ռիադի ուղերձն է Արեւմուտքին: Ուկրաինայի նկատմամբ Չինաստանի ակտիվ դիրքորոշումը, նախաձեռնությունը վերցնելու փորձ, քանի որ Պեկինը ժամանակին որոշակի հեռավորություն էր պահպանում, Ռուսաստանի դեմ պատժամիջոցները նրան մղում են դեպի Չինաստան: Բայց ի սկզբանե խոսում էին Ռուսաստանն ու Չինաստանը բաժանելու քաղաքականության անհրաժեշտության մասին: Այս քաղաքականությունը փակուղի է մտել…»: Ու այսքանից զատ, Էրդողանը, ի դեմս իր խոսնակի, ամերիկացիներին նաեւ մեղադրեց Սիրիայի ամերիկյան զորքերը «Իսլամական պետության» դեմ պայքարի կեղծ պատրվակով պահելու քրդական խմբավորումներին աջակցելու մեջ` այս ամենով հերթական անգամ ակնարկելով, որ Իրանի հետ բախումն առնվազն իր ծրագրերի մեջ չի մտնում: Իսկ դրա վրա, ինչ խոսք, ազդել է նաեւ չին-ռուսական հարաբերությունների վերջին զարգացումները:
ՌՈՒՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ
Վերջապես, Ալիեւն ազդակներ ստացավ նաեւ ՌԴ-ից:
Մոսկվայի առաջին` տեսանելի քայլը, թերեւս, Լիսագորի հատվածում առաջ շարժվել ցանկացող ազերիների դեմ դիրքավորվելն ու Պաշտպանության նախարարության հայտարարությունն էր, թե` Բաքվի քայլերը գնահատում է որպես նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների անթույլատրելի խախտում, անկախ դրա տակ դրված պատրվակներից:
Բայց միաժամանակ ռուսական ուժերը (Հայաստանում գտնվող) այս օրերին բավականին ակտիվ զորավարժանքներ են անցկացնում, այդ թվում` լեռնային պայմաններում, որը պետք է որ Ալիեւին բավականին բան ասի: Զուգահեռաբար այլ խոսակցություններ եւս կան: Այդ թվում` «Էրեբունի» օդանավակայան ռուսական որոշակի ուժերի մուտքի մասին: Նաեւ, որ այս օրերին ռուսական կասպյան նավատորմը եւս որոշակի շարժեր իրականացրեց: Ճիշտ է, պաշտոնապես ուսուցողական բնույթի, բայց դա եւս Ալիեւը պետք է որ հաշվից դուրս չթողնի:
Ամեն դեպքում այն, որ Ադրբեջանի ներսում անհանգստություն կա, արդեն իսկ հուշում է, որ թվարկված բոլոր պատասխան ռեակցիաներն աննկատ չեն մնում: Օրինակ, համացանցում շրջանառվում է ինչ-որ ադրբեջանական քաղաքացու մտահոգ կոչը, թե. «Պարոն Ալիեւ, Ամերիկան չկարողացավ հաղթել Իրանին: Մի՛ արեք դա, մի՛ հրահրեք Իրանին, մի՛ սպանեք մարդկանց: Եթե իրանական երկու հրթիռ խոցի Բաքվին, ամեն ինչ կկործանվի»:
Միգուցե երկու հրթիռը Բաքվում ամեն ինչ չկործանի, բայց հաստատ նավթագազային հատվածում լրջագույն խնդիրներ կարող են առաջացնել: Մի խոսքով, մտածելու բան Հեյդարովիչը, իհարկե, ունի:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

