Նիկոլի մոտ ռուսասիրության հերթական «նոպա՞ն» է սկսվում
ՄիջազգայինՇատ հաճախ է ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն այնպիսի դարակազմիկ մտքեր արտահայտում, որ չես էլ կարող դրանցից նյարդայնանալ. մնում է միայն ժպտալ: Բայց ահա հերթական նման մտքերը, որոնք նա արտահայտեց Տեղ գյուղի ուղղությամբ ազերիների ներխուժման հետ կապված, այն բացառիկ դեպքերից է, որ հետաքրքիր մտորումների տեղիք է տալիս:
ԱՂԱԶԱՐՅԱՆՆ ԱԿԱՄԱ ԲԱՑԵՑ ՓԱԿԱԳԾԵՐԸ
Չէ, ինչ-որ ցնցող միտք Աղազարյանը, բնականաբար, չի հայտնում: Ընդամենը գիտակցելով, թե՝ ոչ, բայց փակագծեր է բացում, թե իրականում ինչ է տեղի ունեցել: Այսպես, Աղազարյանի խոսքով. «Փաստը մնում է փաստ, որ այստեղ հապաղում է տեղի ունեցել ինչ-որ իմաստով այդ ճանապարհների փոփոխության հետ կապված: Ադրբեջանցիներն օգտագործել են այդ հանգամանքը եւ դիրքավորվել են: Չեմ բացառում, որ ինչ-որ տեղեր ներխուժել են ՀՀ սուվերեն տարածք…»:
Կրկնենք, սա ՀՀ ԱԺ-ում պատգամավորական աթոռ զբաղեցնող անձի պաշտոնական եւ հրապարակային հայտարարությունն է: Այսինքն՝ պատգամավորը, Տեղ գյուղի դեպքերից նույնիսկ օրեր անց ընդամենը «չի բացառում, որ ինչ-որ տեղեր» ազերիները ներխուժել են «ՀՀ սուվերեն տարածք»: Այսինքն, չի հաստատում, չի հերքում: Այլ միայն չի բացառում, որը նշանակում է՝ պատգամավորը հստակ տեղյակ չէ, թե Հայաստանի «ինչ-որ տեղեր» օկուպացվե՞լ են, այն է՝ հակառակորդի բանակը մեր երկրի տարածք ներխուժե՞լ է, թե՝ ոչ: Կրկնենք. ոչ թե դեպքերից մի քանի րոպե, մի քանի ժամ, այլ՝ օրեր անց:
Իհարկե, կարելի է համարել, թե, ոչինչ, Աղազարյանն է, ուշադրություն մի դարձրեք: Կամ էլ այսպես. ահա, սա է նիկոլյան պատգամավորի իրական կերպարը. թշնամին ներխուժել է Հայաստանի տարածք, իսկ նրանք անգամ հստակ բան չգիտեն այդ մասին: Սակայն այս տարբերակները, թերեւս, սխալ կլինեին մեկ պարզ պատճառով: Անկեղծ ասած, մի տեսակ չենք հավատում, որ Աղազարյանը կամ նիկոլյան մյուս պատգամավորները չգիտեն, թե թշնամին որտեղ է ներխուժել Հայաստանի տարածք: Չենք հավատում, որ նաեւ պատկերացում չունեն, թե դա ինչ է նշանակում: Այսինքն, որ ամեն մի ներխուժում պատերազմական ակտ է, որը ենթադրում է ինչպես բանակի, այնպես էլ պետական կառույցների՝ Սահմանադրությամբ եւ այլ օրենքներով պարտադրված կոնկրետ գործողություններ: Եթե անգամ չգիտեն, հիշեցնենք: Նախ, Զինված ուժերը պարտավոր են անհապաղ վերականգնել երկրի տարածքային ամբողջականությունը: Միաժամանակ, ըստ Սահմանադրության պահանջի. « Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման», անգամ դրա անմիջական վտանգի առկայության դեպքերում. «Կառավարությունը հայտարարում է ռազմական դրություն»: Միաժամանակ. «Ռազմական դրություն հայտարարվելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ» եւ այլն:
Այս ամենը, կրկնենք, Սահմանադրության պարտադրանքն է, եւ, ըստ այդմ, պատգամավորը, անկախ նրանից՝ Աղազարյանն է, թե՝ ոչ, երբ ենթադրաբար է խոսում պետության տարածք թշնամու ներխուժման մասին, սա արդեն պարզ ազդակ է Սահմանադրության այդ պահանջների կոպտագույն ոտնահարման մասին: Ընդ որում, երբ Աղազարյանը խոստովանում է, որ առնվազն կասկածներ ունի, որ Հայաստանի տարածք ներխուժում է եղել, ապա նրա եւ մյուս պատգամավորների առաջնահերթ գործը պետք է լիներ դա պարզելը, եւ եթե կառավարությունն օրենքով սահմանվածի պես չի գործում, ապա նրան օրինական դաշտ բերելը:
Մինչդեռ փաստն այն է, որ օրեր են անցել, սակայն պատգամավորները տեղներից չեն շարժվել: Այ, հենց այս փաստն է, որ տանում է Աղազարյանի ասածից բխող ամենակարեւոր մտքին, որ ՀՀ ԱԺ իշխող ուժը չի պատրաստվում պաշտոնապես արձանագրել Հայաստանի տարածք ներխուժելու փաստը եւ գործել դրանից ելնելով: Այսինքն, կա՛մ «թքած ունեն» երկրի տարածք թշնամու ներխուժման փաստի վրա, կա՛մ այն մտքին են, որ դա արդեն մեր տարածքը չէ: Երկու տարբերակն էլ մեկ անուն ունի՝ դավաճանություն: Նաեւ կարելի է հասկանալ, որ նման բացահայտ քայլի ՔՊ-ական պատգամավորները չէին գնա առանց վերին ցուցումների:
ԻՐԱՆԸ ԿՄՏՆԻ՞ ՍՅՈՒՆԻՔ
Այսպիսով, անկախ նրանից, թե Նիկոլն Ալիեւի հետ բրյուսելներում ինչ է պայմանավորվել, փաստն այն է, որ նույն Ալիեւի գործողությունները հիմա Նիկոլին ոչ միայն ներքին, այլ նաեւ տարածաշրջանային հիմնական ուժերի հետ հարաբերությունների հետ կապված է դրել փակուղային վիճակի մեջ: Բազում օրինակներից մեջբերենք քաղաքական գիտությունների թեկնածու Աբրահամ Գասպարյանի պնդումը, որ՝ «Իրանը կարող է օկուպացնել Սյունիքը, եթե համը շատ հանեն, չի հարցնի ոչ մեկին, անգամ Երեւանին»: Այսինքն, որ եթե անգամ առաջ գնանք վարկածով, որ Ալիեւն ու Նիկոլը պայմանավորվել եւ քայլ առ քայլ «Զանգեզուրի միջանցք» են բացում, նաեւ դրա համար շարունակում են հայկական բանակի թուլացումը, ապա մեկ է, դա ինչ-որ պահի կբախվի Իրանի լինել-չլինելու խնդրին եւ Թեհրանի համապատասխան գործողություններին, որն արդեն Նիկոլը կանխելու տարբերակներ չունի: Առավել եւս, երբ կա նաեւ ՌԴ-Իրան հարաբերությունների, այդ թվում՝ ռազմական թռիչքային զարգացման փաստը:
Ադրբեջանը, ճիշտ է, հիմա էլ լայնամասշտաբ զորավարժությունների է պատրաստվում Ղարաբաղի ուղղությամբ եւ Հայաստանի սահմաններին: Սակայն անգամ դա իրանական, ավելի կոնկրետ՝ ՌԴ-Իրան գործոնը եւ հնարավոր պատասխանը չի թուլացնում: Այսինքն, եթե այս պահին էլ Նիկոլը շարունակում է առանց մեկ կրակոցի անգամ հայաստանյան հողեր տալ Ալիեւին, մեկ է, անգամ դա մեծ հաշվով Ալիեւի համար խնդրի լուծում չէ, եւ եթե ռուս-իրանական գործոնը պահպանվի, ապա, մեկ է, վաղ թե ուշ Հեյդարովիչը պետք է վերադառնա Հայաստանի հետ սահմանազատման այն տարբերակին, որը ֆիքսված է ՌԴ-ում գտնվող ԽՍՀՄ ժամանակների ռազմական քարտեզներով:
Իրավիճակը կարող էր փոխվել, եթե Իսրայելին հաջողվեր Սաուդյան Արաբիայի գլխավորած սունի իսլամական աշխարհը նորից տեղափոխել հակաիրանյան ռելսեր եւ մղել պատերազմի: Սակայն երեկ հայտնի դարձավ, որ Իրանի նախագահ Ռայիսին ընդունել է թագավոր Սալմանի՝ Էր Ռիադ այցելելու հրավերը եւ պատրաստվում է այդ այցին: Սա կլինի երկար տարիների ընդմիջումից հետո Իրանի նախագահի առաջին այցը Սաուդյան Արաբիա: Ընդ որում, այս այցով երկու երկրներն ի ցույց են դնում, որ հավատարիմ են հարաբերությունների կարգավորման գործընթացին, որի մեկնարկը տրվեց Չինաստանի միջնորդությամբ: Այսինքն, գոնե այս պահին երկու երկրներին նորից թշնամացնելու Իսրայելի եւ Բրիտանիայի համառ փորձերն անպտուղ են:
Ճիշտ է, դեռ սպասվող ընտրությունների պատճառով մութ է մնում Թուրքիայի իրական ծրագրերը տարածաշրջանի ներկա իրավիճակի հետ կապված: Սակայն Էրդողանն այս օրերին մի շարք հարվածներ հասցրեց ընդդիմությանը, այդ թվում՝ նկատելիորեն սահմանափակելով ընդդիմությանն օգնելու ամերիկյան դեսպանի հնարավորությունները: Ըստ այդմ էլ, թեեւ ներկա վարկանիշին, ասել, թե Էրդողանին ամերիկահաճո այլ նախագահով փոխարինելու հեռանկարները շատ մեծ են, թերեւս սխալ կլիներ:
ՆՈՐ ՇՐՋԱԴԱ՞ՐՁ
Արդյունքում, եթե չի ստացվում ՌԴ-ին կովկասյան տարածաշրջանից հեռացնելու եւ Իրանին ջախջախելու ծրագրերը, ապա այդ իրավիճակում երեւի Նիկոլն էլ է սկսել հասկանալ, որ ալիեւահաճո քայլերը եւ դրա ֆոնին նաեւ իր թիմի կարկառուն ներկայացուցիչների ուղիղ հակապուտինյան հայտարարությունների միջոցով հակառուսական դիրքերում հաստատվելը կարող է իրոք չար կատակ խաղալ իր գլխին: Եվ այս առումով, եթե Հռոմի ստատուտի մասին օրերս ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի հայտարարությունն ավելի շատ Նիկոլի մոտ այդ հարցով «պաուզայի» տպավորություն էր թողնում, ապա դրան հաջորդած՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը նման է նրան, որ Նիկոլը նահանջ է ազդարարում: Դրանով Ալենը աբսուրդ է որակում Հայաստանի կողմից Վլադիմիր Պուտինին ձերբակալելու քննարկումները, թեեւ փաստն այն է, որ հենց իրենց թիմակից Մելքոնյան Գագոն էր սպառնում. «Եթե Պուտինը գա Հայաստան, պետք է... »: Իսկ հրապարակային այն լուրերը, թե այդ հայտարարությունից հետո Գագոյի որդուն նշանակեցին «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ պետ, գալիս է հուշելու, թե հայտարարության իրական հեղինակն ով էր: Մինչդեռ դրանից հետո Ալենը ոչ միայն աբսուրդ է համարում Գագոյի ասածները, այլ նաեւ այն մտքին է, որ վավերացումն իրոք կլիներ ոչ դրական քայլ Ռուսաստանի նկատմամբ, եւ որ Հռոմի ստատուտի վավերացումը ճիշտ քայլ չէ:
Ճիշտ է, հետո Նիկոլը կարող է նաեւ Ալենի ասածներից էլ հրաժարվել: Թե ինչու հանկարծ Աշոտիկն ընտանեկան թերթով Ալենին «սխալ հանեց», այլ թեմա է: Բայց եթե դա թույլատրելի է, ինչո՞ւ նույն բանը Նիկոլն էլ չանի՝ կապված Հռոմի ստատուտի հետ: Չնայած, սա փոքր հավանականությամբ տեսական հարցադրում է: Իսկ ավելի ռեալ է, որ Նիկոլի մոտ կարծես թե իրոք սկսվում է հերթական ռուսասիրության նոպան, քանի որ ամերիկասիրության հեռանկարներն այդպես էլ չեն երեւում:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

