«Խաղաղության պայմանագրի» ռուսական տարբերակի շանսերն աճում են
ՄիջազգայինԲացահայտումը, որով օրերս հանդես եկավ թուրքերի հետ նիկոլյան բանակցող Ռուբեն Ռուբինյանը, ներկա բուռն իրադարձությունների ֆոնին մի փոքր աննկատ մնաց: Բայց իզուր, հաշվի առնելով, որ Ռուբինյանի ասածը, թերեւս, մատնանշում է, թե ընդհանրական իմաստով Նիկոլն այսօր ինչ խաղերի մեջ է:
ԻՆՉ ԱԿՆԱՐԿԵՑ ՌՈՒԲԻՆՅԱՆԸ
Այսպես, Ռուբինյանի պնդմամբ` կա պայմանավորվածություն, որ հայ-թուրքական ցամաքային սահմանն այս ամռան սկզբին պետք է բացվի երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար: «Հայկական կողմն իր կողմից աշխատանքներ է տանում՝ Մարգարա անցակետը կահավորելու, վերազինելու համար, որպեսզի ամռան սկզբին պատրաստ լինենք` նշածս պայմանավորվածությունները մեր կողմից իրագործելու... Թուրքական կողմը եւս պատրաստվում է դրան, համենայնդեպս, այս պահին չի հնչել որեւէ պնդում, որ նրանց պայմանավորվածություններն ուժի մեջ չեն»: Ընդ որում, Ռուբինյանը չի կարծում, որ կարող է լինել մի այնպիսի բան, որը «կարող է խանգարել» այդ գործընթացին: «Համենայնդեպս, հայաստանյան կողմին ոչինչ չի կարող խանգարել»,- ամփոփեց նա:
Թե ինչ է հուշում նման գործընթացը, հասկանալի է դառնում նաեւ թուրքական կողմի դիրքորոշումը նայելով: Այսպես, Չավուշօղլուն եւս նախօրեին հայտարարեց, որ թեեւ կան այդ ուղղությամբ աշխատանքներ, բայց. «Ցամաքում անցակետեր բացելու համար, քաղաքական պայմաններին զուգահեռ, նախ պետք է ճանապարհներ պատրաստել...»:
Ճանապարհներ պատրաստելը, հասկացանք: Սակայն ի՞նչ «քաղաքական պայմանների» մասին է խոսքը: Դա Չավուշօղլուն կոնկրետացրել էր օրերս՝ Լավրովի հետ հանդիպման շրջանակներում՝ ասելով. «Մենք քննարկել ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցերը: Մենք հանդես ենք գալիս երկու երկրների միջեւ խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման օգտին: Կշարունակենք այդ հարցի շուրջ խորհրդակցությունները, այդ թվում՝ Ռուսաստանի հետ»:
Նոր բան չկա. սա այն հայտնի նախապայմանն է, որն Անկարան արդեն երկու տարի օրակարգում է պահում. կլինի հայ-ադրբեջանական «խաղաղության պայմանագիր», հայ-թուրքական օրակարգն էլ այդ դեպքում արագորեն առաջ կգնա: Եվ, իհարկե, դա բոլորիցս էլ լավ պետք է որ Ռուբինյանն իմանար. նա է թուրքերի հետ շփվողը: Եվ երբ Ռուբինյանը կոնկրետ ժամկետներով է խոսում սահմանը բացելու մասին, թե սահմանն այս ամռան սկզբին պետք է բացվի, ապա դա չի՞ հուշում, որ մինչեւ ամռան սկիզբ պետք է արդեն ունենանք նաեւ կնքված «խաղաղության պայմանագիր»:
Իհարկե, Ռուբինյանն այն պաշտոնյան չէ, որ նրա հայտարարություններով հնարավոր լինի կողմնորոշվել «խաղաղության պայմանագրի» կնքել-չկնքելու մասին: Սակայն փաստն այն է, որ վերջին ժամանակներս նկատվող զարգացումները, նաեւ Նիկոլի ակնարկները հուշում են, որ գոնե նա պատրաստ է դրան: Օրինակ, երեկվա կառավարության նիստում հերթական ակնարկը հնչեցրեց. «Մենք պատրաստ ենք նաեւ տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային կապերի վերաբացմանը՝ նախկինում մեր բարձրաձայնած սկզբունքների հիման վրա: Պատրաստ ենք նաեւ սահմանների դելիմիտացիային Պրահայի ու Սոչիի պայմանավորվածությունների հիման վրա...»:
Այսինքն, խոշոր իմաստով պարզ է, թե ինչ սցենարով է իրավիճակն առաջ գնում, թեեւ Նիկոլի այս հայտարարությունից բխող մի շարք առանցքային դետալներ հասկանալ է պետք: Մասնավորապես, ի՞նչ սկզբունքով է Նիկոլը համաձայն, որ կոմունիկացիաները վերագործարկվեն: Բանն այն է, որ նման հայտարարություններ մինչ այս էլ նա քանիցս հնչեցրել է, բայց նաեւ ավելացնելով «Հայաստանի ինքնիշխանություն», «տարածքների լիակատար վերահսկողություն» եւ նման այլ տերմիններ: Նա հենց այդպես էր մեկնաբանում նոյեմբերի 9-ի պայմանավորվածություններով սահմանված կոմունիկացիաների վերագործարկման մասին կետը: Փաստաթղթում խոսվում է կոմունիկացիաների նկատմամբ ռուսական անվտանգային վերահսկողության մասին, եւ հենց այդ դրույնթն էլ Նիկիոլը կապում էր «Հայաստանի ինքնիշխանության» գաղափարի հետ, թեեւ քանիցս մեկնաբանվել է, թե կոմունիկացիաների անվտանգության վերահսկողությունը որեւէ ոտնձգություն չէ Հայաստանի ինքնիշխանության դեմ: Օրինակ, ռուսական ուժերը 30 տարուց ավելի պաշտպանում են Հայաստանի սահմանները, սակայն դա Հայաստանի ինքնիշխանության դեմ ոտնձգություն երբեւէ չի ընկալվել:
Այսպիսով, երբ հիմա Նիկոլը խոսում է «տրանսպորտային կապերի վերաբացմանը» պատրաստ լինելու մասին, նշանակում է, որ շարժվում է նոյեմբերի 9-ի համաձայնագրո՞վ: Եթե այդպես է, ապա դա շատ բան կարող է հուշել: Բոլորն են հասկանում, որ Հայաստանով անցնող կոմունիկացիաների նկատմամբ ռուսական անվտանգային վերահսկողության հիմնական հակառակորդն ԱՄՆ-ն էր, քանի որ այդ դեպքում էապես կամրապնդվի տարածաշրջանում ՌԴ-ի աշխարհաքաղաքական դիրքերը: Եվ եթե հիմա պարզվի, որ Նիկոլը կոմունիկացիաների վերագործարկման հարցն իրոք նոյեմբերի 9-ի փաստաթղթով է պատկերացնում, ապա դա նաեւ աշխարհաքաղաքական իմաստ կունենա:
ԻՆՉ ԱԿՆԱՐԿԵՑ ՄԻՐԶՈՅԱՆԸ
Դատելով նախօրեին ԱԺ-ում Միրզոյան Արարատի հայտարարությունից, կարելի է մտածել, որ իրոք այդպես է: Այսպես, անդրադառնալով դեռ անցած դեկտեմբերին Մոսկվայում նախատեսված եւ չկայացած արտգործնախարարների եռակողմ հանդիպման թեմային, Միրզոյանը հայտարարեց. «Մենք պատրաստ ենք այժմ վերսկսել հանդիպումները»: Իհարկե, այս դեպքում նա նաեւ պետք է բացատրեր, որ եթե մոսկովյան հանդիպմանը նա այն ժամանակ չգնաց՝ դա կապելով Լաչինի միջանցքը փակելու հետ, հիմա, երբ միջանցքը դեռ փակ է, ինչո՞ւ է գնում: Եվ, իհարկե, պետք է հիշեցնենք դեռ այն ժամանակվա մեր ենթադրությունը, որ Լաչինի միջանցքն այդ հանդիպման ձախողման հետ կապված միայն պատրվակ էր, որը սարքվեց բրիտանական MI-6-ի ուղիղ միջամտությամբ: Իրական իմաստն էր, որ կանգնեցվի «խաղաղության պայմանագրի» ռուսական տարբերակի ստորագրման ընթացքը, որն այն ժամանակ մոտեցել էր եզրափակիչ փուլին: Եվ հիմա, երբ պարզվում է, որ Միրզոյանը նորից պատրաստ է, ակնարկ է, որ գոնե այս պահին թիվ 1 օրակարգում նորից ռուսական տարբերակն է:
Ամեն դեպքում, դա բխում է նաեւ զուգահեռաբար հնչած՝ ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունից: Նրա խոսքով. «Գործընկերներն ընդունել են մեր տարածքում բանակցությունների հերթական փուլն անցկացնելու մեր առաջարկը: Ժամկետների եւ կոնկրետ միջոցառումների մասին մենք կտեղեկացնենք, երբ այդ ամենը վերջնականապես համաձայնեցվի»:
Նաեւ Ադրբեջանից եկած ազդակներից կարելի է ենթադրել, որ ռուսական տարբերակը օրակարգում է: Այսպես, նախօրեին Ալիեւը հայտարարեց, թե Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության գործընթացն իրականացվում է 2 ուղղությամբ: Առաջինը, ըստ նրա, «Ադրբեջանի՝ Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակիչների վերաինտեգրումն է», երկրորդը՝ Հայաստանի հետ «բանակցությունները խաղաղության պայմանագրի եւ հարաբերությունների կարգավորման շուրջ»:
Կվերաինտեգրեն, թե՝ չեն վերաինտեգրի, դա այլ հարց է, այլ խոսակցության թեմա: Այս պահին կենտրոնանանք ասվածի բուն իմաստի վրա. Ալիեւը Արցախի եւ Հայաստանի հարցերն առանձնացնում է: Չմոռանանք, այս երկու հարցերը մեկ փաթեթով՝ «խաղաղության պայմանագրով» լուծում տալը «Բրյուսելի ձեւաչափի» առանցքն էր: Այսինքն, որ այդ ձեւաչափով «խաղաղության պայմանագիրը» նաեւ ֆիքսի, որ Արցախն Ադրբեջանի մաս է, հակամարտությունը լուծված է: Իսկ դրա հիմա վրա ռուսական ուժերին հեռանալու պահանջ կարող էր դրվել, ինչը, չմոռանանք, այս ամբողջ պատմության մեջ Արեւմուտքի հիմնական խնդիրն է: Իսկ երբ Արցախը տարանջատվում է «խաղաղության պայմանագրից», դա այն տեսլականն է, որ Պուտինը ներկայացրեց դեռ 2020թ. նոյեմբերի 11-ի իր հայտնի հարցազրույցում. պետք է լուծել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարցերը, այդ թվում՝ կոմունիկացիաների վերագործարկման, իսկ Արցախի հարցի վերջնական լուծումը պետք է հետաձգել: Ալիեւը նախ պնդում էր, թե առհասարակ Ղարաբաղի հարց, ասել էլ է, թե լուծելու բան չկա: Կա մեկ հարց՝ Հայաստանի հետ «խաղաղության պայմանագիրը»: Բայց հիմա, երբ արդեն խոսում է «երկու ուղղության» մասին, ապա դա միանգամայն այլ մոտեցում է:
Ի ԴԵՊ
Մեր վերջին հրապարակումներից մեկում՝ կապված Լավրով-Չավուշօղլու հանդիպման հետ, նման մի միտք էինք ներկայացրել. «Եթե մոտ ժամանակներս խոսվի նաեւ Մոսկվայում Պուտին-Ալիեւ-Փաշինյան հանդիպման մասին, ապա դա կարող է վերածվել «խաղաղության պայմանագրի»: Եթե ոչ, ապա կտրուկ աճում է տարածաշրջանային մեծ պատերազմի հավանականությունը»: Հաշված օրեր անց Պուտին-Ալիեւ-Փաշինյան հանդիպման մասին պաշտոնական խոսակցությունները մտան օրակարգ: Այսինքն, ունենք զարգացումների կանխատեսելի ընթացք:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

