Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կբացվի «Սերգեյ Ռախմանինով. ես ռուս կոմպոզիտոր եմ…» ցուցահանդեսը
Մշակութային
2023 թվականի մայիսի 2-ին, ժամը` 18.00-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կբացվի «Սերգեյ Ռախմանինով. ես ռուս կոմպոզիտոր եմ…» ցուցահանդեսը՝ նվիրված մեծ կոմպոզիտորի ծննդյան 150-ամյակին։
Ցուցադրությունը ստեղծվել է Ռուսաստանի երաժշտության ազգային թանգարանի մասնակցությամբ, որի հետ տուն-թանգարանը դեռ 2013 թվականին ստորագրել է համագործակցության պայմանագիր եւ պատմում է Ռախմանինովի մասին՝ որպես կոմպոզիտոր, դաշնակահար եւ դիրիժոր։ Ցուցահանդեսում ներկայացված են Ռախմանինովի արխիվից հազվագյուտ փաստաթղթեր եւ լուսանկարներ, նրա ընտանիքի ծագումնաբանական ծառը եւ ստեղծագործությունների ձեռագրերը: Ներկայացված է նաեւ մուլտիմեդիա բովանդակություն. QR կոդերի միջոցով այցելուները կկարողանան լսել Սերգեյ Ռախմանինովի ամենահայտնի ստեղծագործությունների արխիվային ձայնագրությունները՝ հեղինակի եւ նշանավոր երաժիշտների կատարմամբ։
«Մենք պատրաստել ենք ժամանակագրություն, որտեղ ցույց է տրվում, թե ի՞նչ եւ ո՞ր թվականին է նա ստեղծել։ Ցուցահանդեսը պարզապես բացատրում է, թե ինչու է Ռախմանինովը ռուս կոմպոզիտոր, որը նա էր մատնանշում», - ասում է Ռուսաստանի երաժշտության ազգային թանգարանի տնօրեն Միխայիլ Բրիզգալովը։
Հոբելյանական ցուցահանդեսի բացման օրը տուն-թանգարանի համերգասրահում տեղի կունենա Սերգեյ Ռախմանինովի ստեղծագործությունների համերգը՝ Խաչատրյանի անվան տրիոյի, Ռուբեն Կոզինի (դաշնամուր), Արծվիկ Դեմուրչյանի (սոպրանո), Տիգրան Հակոբյանի (տենոր), Ելենա Վարդազարյանի (դաշնամուր) մասնակցությամբ։
Որպես հանդիսավոր միջոցառումների շարունակություն՝ մայիսի 3-ին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում տեղի կունենա «Ռախմանինով. ռուս կոմպոզիտոր կամ աշխարհի քաղաքացի» կլոր սեղանը, որին կմասնակցի Երաժշտության թանգարանի գլխավոր տնօրեն Մ.Ա. Բրիզգալովը, ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն Ա.Գ. Ասատրյանը, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Ա.Ռ. Գրիգորյանը, առաջատար գիտաշխատողներ (Կլոր սեղանը տեղի կունենա ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում: Հասցե՝ Երևան 0019, Մարշալ Բաղրամյան պողոտա 24, 2-րդ հարկ):
Կլոր սեղանի ավարտին նախատեսվում է ստորագրել Համագործակցության հուշագիր Ռուսաստանի երաժշտության ազգային թանգարանի եւ Արվեստի ինստիտուտի միջեւ։ Ռախմանինովին նվիրված հանդիսությունները Երեւանում անցկացվում են ՌԴ մշակույթի նախարարության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի աջակցությամբ եւ հովանավորությամբ: