ՊԻՂԾ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՆԱԵՎ ՈՐԴՈ՞ՒՆ ԶՈՀԱԲԵՐԵԼ ՀԱՆՈՒՆ ԱԹՈՌԻ
Վերլուծություն
Պատկերացնո՞ւմ եք այսպիսի իրավիճակ` հաղթանդամ, «սպեցնազում» իբր ծառայած երիտասարդը իրավապահներին դիմում տա, իբր իրեն փորձել է առևանգել միջին կազմվածք ունեցող մի կին: Հասկանալի է, չէ՞, որ Հայաստանում կա ընդամենը մեկ այդպիսի երիտասարդ` կապիտուլյանտի որդի Աշոտիկը: «Առևանգողն» էլ զոհված զիմծառայողի մայր Գայանե Մարտիրոսյանն է, ում ձերբակալել են և պատրաստվում են կալանավորել... Քննչական կոմիտե աստվածատհաճ հիմնարկությունն էլ տարածել է 37 թվականի НКВД-ի ոճով մի հաղորդագրություն: Եվ այդ ամենն այն պահին, երբ հողատու Նիկոլն անթաքույց ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում...
ՍԱԴՐԱՆՔԻ ԲՈՒՆ ՆՊԱՏԱԿԸ
Նախ հարց է ծագում` ինչո՞ւ է հանկարծ կրտսեր Փաշինյանը հայտնվում հատկապես այն վայրում, ուր հավաքված են զոհված հերոսների ծնողները, և ո՞ւմ հորդորով է այդտեղ գնում` դավաճան հո՞ր, թե՞ ազգուրաց մոր: Մի՞թե ակնհայտ չէ, որ այդ տեղում հայտնվելը կարող է տհաճ շարունակություն ունենալ, թե՞ կապիտուլյանտ ծնողները ցանկալի են համարել հենց տհաճ շարունակությունը: Իսկ որ Նիկոլն ընդունակ է զոհաբերել որդուն հանուն նյութապաշտական նպատակների` ինքն է խոստովանել իր «Երկրի հակառակ կողմը» պղծագրքում: Նման է, որ նրան շատ էր պետք, որ ահասարսուռ «հանցակազմով» միջադեպ լիներ, որպեսզի զոհվածների ծնողներին քաշքշեն ավելի բիրտ, քան եղել է Եռաբլուրում, և ընդհանրապես ռեպրեսիվ գործողությունների առիթ ստեղծվի: Դե, մի օր էլ թերևս մահափորձ կբեմադրեն...
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը գրում է. «Հերոսածին մայրը պետք է անհապաղ ազատ արձակվի: Ինչո՞ւ եք ազատությունից զրկել պատերազմում հերոսաբար ընկած զինվորի մորը: Ազատությունից զրկելու այս ի՞նչ «անհաղթահարելի անհրաժեշություն» է հայտնաբերվել. ինչ լինի, միանգամից ձերբակալում կամ կալանք: Ինչո՞ւ Եռաբլուրում բացարձակ անթույլատրելի վերաբերմունքով, բացահայտ նսեմացումով բերման ենթարկվեցին զոհված զինծառայողների ծնողները: Դեռ բավական չէ, մի հատ էլ վարչական վարույթներ հարուցվեցին ծնողների նկատմամբ` նրանց քաշքշելով դատական գործընթացներով` առանց որևէ ոստիկանի պատասխանատվության: Բացահայտ է, որ ձերբակալումն է, որ ավելի նպաստեց ատելության խոսքի աճին ու վիրավորանքներին, ավելի խորացրեց մարդկանց պառակտումը: Չե՞ք տեսնում ինչ է կատարվում, ի՛նչ բացարձակ վիրավորանքների են ենթարկվում Հայրենիքին ամենաթանկը տված Հերոսածին ծնողները, անարգվում է զոհված զինծառայողների հիշատակը իրական ու կեղծ էջերից, ի՛նչ աստիճան են արժեզրկվում պետության ամրության հիմնարար երաշխիքները` բարոյական արժեքները»:
Սակայն բուն նպատակը հենց պառակտումն է: Հենց այս պահին, երբ գրվում են այս տողերը, Շենգավիթի դատարանի բակում տեղի է ունենում բախում ոստիկանների և զոհված զինծառայողների ծնողների միջև... Քիչ առաջ Գայանե Մարտիրոսյանի ձերբակալման բողոքի քննությունը հետաձգվեց: Աշոտ Փաշինյանն ու զինվորի մայրը առերեսվեցին. նախաքննական մարմինն այս պահին մեղադրանք է առաջադրում Գայանե Մարտիրոսյանին: Ավելի վաղ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հրապարակային հորդորով դիմել էր Աշոտ Փաշինյանին. «Ես չգիտեմ, թե ինչպես կդասավորվի քո կյանքը: Այսօր Հայաստանում քո հոր պատճառով բոլորիս կյանքերն են խեղված, անկանխատեսելի, ուրվականանման… Բայց մի բան պարզ է. դու պարտավոր ես հետ վերցնել այդ անհեթեթ բողոքը: Պարտավոր ես, որովհետեւ առանց այդ էլ, քո ընտանիքն իմ ժողովրդին աններելի տառապանքներ արդեն պատճառել է եւ շարունակում է պատճառել: Պարտավոր ես, որովհետեւ Նիկոլի տղեն ես (պարադոքս չկա՝ ուղիղ կապ է): Պարտավոր ես, որովհետեւ կենդանի ես մնացել, իսկ քո հոր պատճառով զոհված, քեզանից պայծառ ու լուսավոր տղերքը չկան: Մի ծանրացրա քո՝ առանց այդ էլ բարդ, հոգեկան ապրումներով լի կյանքը: Մենք տիկին Գայանեի համար կպայքարենք, ես քե՛զ համար եմ ասում»:
Դե բայց պտուղը ծառից հեռու չի ընկնում, և խունտան փորձելու է առավելագույնը քաղել այդ սադրանքից: Պատճառներ ունեն` Ռեյքյավիկում Նիկոլն արդեն անթաքույց, առանց «կռուտիտների» առաջ տարավ Արցախը Ադրբեջանի տարածք ճանաչելը: Սահմանում լարված է, զոհ ունենք: Գումարած դրան` երեք (արդեն չորս) տոննա կոկաինի պատմությունը, որի մասին ամբողջ աշխարհն է խոսում: Եվ այդ ամենը` այն պահին, երբ Անկարա-Բաքու տանդեմը տենդագին փորձում է օգտագործել «հնարավորության պատուհանը», որը շուտով կփակվի:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆԱՐԿՈՄԱՖԻԱՅԻ ՄԱՍ ԿԱԶՄԵԼԸ` ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄՆԱԼՈՒ ԵՐԱՇԽԻ՞Ք
4 տոննա կոկային` ընդամենը մի քանի օրում, մեկ միլիարդ դոլարի: Իտալիայում 3 տոննայի առգրավումից հետո «հանկարծ» ԱԱԾ-ն հայտարարեց, որ առգրավել է մեկ տոննա: Հռետորական հարց` եթե իտալական սկանդալը չլիներ, արդյո՞ք ԱԱԾ-ն հետին թվով «կհայտնաբերեր»: Եվ ընդհանրապես` քանի՞ տոննաներ են անցել մեր երկրով: Եվ ո՞ր մի ապուշը կհավատա, որ դա եղել է առանց իշխանության իմացության...
Եվ արդյո՞ք բացի աստղաբաշխական կրիմինալ եկամուտներից, միջազգային նարկոմաֆիայի մաս կազմելը իշխանության մնալու երաշխիք չէ: Ի դեպ, նաև մոլախաղերի շրջանառությունն է հսկայական: 2022 թվականի 12 ամիսներին խաղատներում կատարվել է 52 մլրդ 777 մլն 837 հազար 351 ՀՀ դրամի խաղադրույք, իսկ ինտերնետ շահումով խաղերում` 5 տրիլիոն 774 միլիարդ 025 մլն 428 հազար 932 ՀՀ դրամի խաղադրույք»: Իսկ որքա՞ն խաղադրույք են արել 2023-ին` միայն 2023 թ. առաջին 3 ամիսներին, ըստ ՊԵԿ տվյալների, խաղատներում արդեն կատարվել է 25 մլրդ 574 մլն 501 հազար 705 ՀՀ դրամի խաղադրույք, իսկ ինտերնետ շահումով խաղերում՝ 1 տրիլիոն 312 մլրդ 176 մլն 280 հազար 012 ՀՀ դրամի խաղադրույք, այսինքն՝ 2021-ին կատարված ընդհանուր խաղադրույքների թվի մոտ կեսը: Ստացվում է՝ խաղադրույքների ծավալն ավելացել է:
Բայց հետաքրքիր է նաև հետևյալը` ինչո՞ւ հենց այս պահին «քաղաքակիրթ» Եվրոպան որոշեց «հայտնաբերել» այդ տոննաներով թմրանյութը: Արդյո՞ք դա չի հուշում, որ Նիկոլին ու ՔՊ-ին սկսել են համարել «отработанный материал», և արդյո՞ք հիմա Ստեփանակերտում ընթացող` իշխանությունը Սամվել Բաբայանին փոխանցելու օպերացիան չի վկայում, որ քիչ ժամանակ է մնացել, ու շտապում են Արցախը «նախավաճառքային» վիճակի բերել... Իսկ Սյամոյին իշխանություն փոխանցելը նշանակում է իշխանությունն ուղիղ Էռատո Աննա Հակոբյանին հանձնել: Ընթերցողներն, անշուշտ, չեն մոռացել, թե այդ «քաղցր զույգը» Արցախի բունկերներից ինչպես ապահովեց ծրագրված պարտությունը... Հիմա էլ վերջնական կապիտուլյա՞ցիան են ապահովում:
Իզուր չէ, որ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կուսակցություններն օպերատիվորեն հրապարակեցին 9 կետանոց հայտարարություն.
1. Ցանկացած բանակցային բովանդակություն, ըստ որի Հայաստանի իշխանությունները համաձայնելու են, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում՝ անտեսելով ինքնորոշման իրավունքը, զուրկ է օրինական հիմքից, քանզի հակասում է՝
• ՄԱԿ-ի կանոնադրությանը,
• Հելսինկյան եզրափակիչ ակտին,
• Արցախյան բանակցությունների միջազգայնորեն ճանաչված միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից, բանակցությունների ընթացքում ընդունված փաստաթղթերին,
• Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենսդրությանը,
• Արցախի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Նիկոլ Փաշինյանը իրավասու չէ և որևէ լիազորություն չունի Արցախյան բանակցությունների և հայ-ադրբեջանական կարգավորման շուրջ նման պայմանավորվածություններ ձեռք բերելու և խոստումներ տալու, առավել ևս, որ վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ իր տված խոստումներն ու կառավարության ծրագիրը` Արցախյան հակամարտության և հայ-ադրբեջանական կարգավորումների հետ կապված, պարունակում են բոլորովին այլ դրույթներ, քան հնչեցվում են միջազգային ձևաչափով տարբեր հանդիպումների ժամանակ և որևէ ամբիոնից պաշտոնական դիրքորոշում հայտնելիս:
3. Պետք է բացառել որևէ էքստերիտորիալ կոմունիկացիոն ցանկացած տիպի հաղորդակցում Հայաստանի Հանրապետության տարածքով:
4. Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ինքնիշխան տարածքներից անհապաղ պետք է դուրս բերվեն ադրբեջանական զորքերը:
5. 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո հայ ռազմագերիների գտնվելը ադրբեջանական կալանավայրերում եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է, և նրանց ազատ արձակումը հրամայական է, այլ ոչ՝ բանակցությունների առարկա:
6. Բաքվի և Ստեփանակերտի միջև ցանկացած հնարավոր երկխոսություն պետք է իրականացնել միջազգայնորեն ճանաչված ձևաչափով և հստակ երաշխիքներով՝ հիմնված կողմերի իրավահավասարության վրա, սահմանափակված չլինելով որևէ պարտադրված օրակարգով: Որևէ այլ ձևաչափ Արցախի ժողովրդի համար անընդունելի է:
7. Դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացները պետք է ամրագրեն առաջին Արցախյան պատերազմի արդյունքում տեղի ունեցած փոխադարձ դեանկլավիզացիան և պետք է բացառել վերադարձ անկլավներին:
8. Միջազգային հանրության գերակա պարտավորությունն ու առաքելությունը հայ-ադրբեջանական կարգավորման հարցում պետք է լինի հրադադարի պահպանման երաշխավորումը, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառումը, միջազգայնորեն ընդունված ձևաչափի գործարկումը, որպես բանակցային հարթակ և միջազգային իրավունքին համահունչ լուծումների առաջարկումը:
9. Անհապաղ պետք ապահովել Բերձորի (Լաչինի) միջանցքի ապաշրջափակումը և նրա լիարժեք վերագործարկումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ամրագրված պայմաններին համապատասխան:
Կուսակցություններն ամրագրեցին, որ «Ցանկացած բանակցային արդյունք, որը կհակասի այս դրույթներին, անընդունելի է ու չի արտացոլում աշխարհասփյուռ հայության շահերը, և Նիկոլ Փաշինյանը կամ որևէ այլ քաղաքական գործիչ իրավասու չէ բանավոր կամ գրավոր խոստումներ տալ կամ պարտավորություններ ստանձնել այս օրակարգից տարբերվող օրակարգով»: Միասնական կարմիր գծերն ամրացված են: Մնում են միասնական գործողությունները` խունտային իշխանազրկելու և պետական դավաճանության համար պատասխանատվության ենթարկելու: Դա կենսական անհրաժեշտություն է: Այլապես միջազգային նարկոմաֆիային սերտաճած այս վիժվածքները մեզ կպետականազրկեն և կդարձնեն թուրքական վիլայեթ:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ