ԹՈՒՐՔ ՕԿՈՒՊԱՆՏԸ ԳՈՀ Է ԻՐ «ՆՈՔՅԱՐԻՑ»
Վերլուծություն
Շշմելու բան: Էրդողանն ասել է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացմանը խանգարում է Իրանը, (և ոչ թե Հայաստանը): Նա նաև նշել է, որ Թուրքիային ու Ադրբեջանին տխրեցնում է, որ մուսուլմանական Իրանն է խանգարում այսպես կոչված միջանցքի բացմանը: Պատկերացնո՞ւմ եք... Ստացվում է, որ կապիտուլյանտ Նիկոլը համաձայնվել է միջանցք տալ, իսկ ա՛յ էս «քըխ» պարսիկներն այնքան դեմ են, որ մուսուլման լինելով` խանգարել են ու չեն թողել: Ի դեպ, Էրդողանը նաև գոհունակություն է հայտնել իր ապօրինի զավակ Նիկոլի «կառուցողական» վարքագծից:
ՄԵ՞ՆՔ ՉԵՆՔ ՏԵՐԸ ՄԵՐ ԵՐԿՐԻ
Իսկ ոչ բարով ԱԳ նախարար «Օմեգա» Միրզոյանը Էրդողանի այդ ասածը չի մեկնաբանել և խուսափել է լրագրողներից: Երևի Անկարայում գտնվող «պապան» չի թողել, և մնում է պարզել` Էրդողա՞նն է «պապան», թե՞ Ֆիդանը: Այսքանից հետո կասկածող մնա՞ց, որ սրանք ՀՀ իշխանություն չեն, սրանք թուրքական օկուպացիոն վարչակարգ են: Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանն արձանագրում է, որ եթե հավատանք Էրդողանին, ապա փաստացի ակնհայտ է դառնում, որ Հայաստանի սուվերեն տարածքի ճակատագիրն այսօր տնօրինում են Թուրքիան, Ադրբեջանը և Իրանը: Մյուս շահագրգիռ և ոչ շահագրգիռ երկրների անունները Թուրքիայի նախագահը չի նշում: Հարց է առաջանում, թե արդյո՞ք Հայաստանի կապիտուլյանտներն արդեն տվել են իրենց համաձայնությունը, թե՞ ոչ: Որովհետև ուշադրություն` ըստ Էրդողանի, ոչ թե Հայաստանն է դեմ «Զանգեզուրի միջանցքին», այլ` Իրանը:
Ի մի բերելով պատկերը` Արտակ Զաքարյանը կետերով արձանագրում է.
— Թուրքիան և Ադրբեջանն այս հարցով քաղաքական օրակարգ ունեն (կամ բացելու են) Իրանի հետ:
— Արևմուտքի և Արևելքի որոշ երկրներ, իրենց շահերից ելնելով, այս հարցում կարող են աջակցել Թուրքիային:
— Իրանին ենթադրաբար համոզելուց հետո Թուրքիան և Ադրբեջանը կարող են ռազմական գործողություններ հրահրել Հայաստանի` այդ կերպ պարտադրելով հայ ժողովրդին` համաձայնել Նիկոլի կապիտուլյացիոն հերթական ծրագրին:
— Ռուսաստանը որքան էլ ծանր բեռ ունենա Ուկրաինական ճակատում, այնուամենայնիվ դժվար է պատկերացնել, որ ՌԴ–ն հրաժարվի 2020թ. նոյեմբերի 9–ի հայտարարության 9–րդ կետով իր ստանձնած գործառույթից: Կապանում բացվող ՌԴ հյուպատոսությունը խոսուն փաստերից մեկն է:
— Թուրքիան այս հարցում փորձելու է մոբիլիզացնել նաև մուսուլմանական համերաշխության գործոնը, եթե նկատի ունենանք, որ իր խոսքում Էրդողանն ընդգծել է «մուսուլմանական Իրան» եզրույթը:
Նիկոլախունտայի ինքնուրույն քաղաքական կշիռն Արևմուտքում, Արևելքում, ՌԴ–ում, ինչպես նաև տարածաշրջանում զրոյին շատ մոտ է, եթե չհաշվենք օտար շահերին ծառայելու նրանց պատրաստակամությունը: Փաստորեն Հայաստանի դռները լայն բացել են ու բոլոր տեսակի «գողերին» հրավիրել ներս...
Սրանց թրքահարճությունն այն աստիճանի է, որ անգամ տեռորիստների կուսակցությունը` ԱԺԲ–ն, երկրորդ պլան է մղել իր հակառուսականությունը և գլխավոր վտանգ հռչակել Թուրքիայի և Ադրբեջանի գործակալներին: ԱԺԲ գաղափարախոս Վարուժան Ավետիսյանը մասնավորապես գրում է. «Բազմացել ու գործում են նաև թուրք–ադրբեջանական շահեր սպասարկող շրջանակներ ու անհատներ:
...Թուրք–ադրբեջանական գործակալները ձգտում են թաքնվել խաղաղության, ժողովուրդների բարեկամության, պարտվողականության և/կամ այլ խոսույթների հետևում՝ հաճախ զուգահեռաբար հանդես գալով արևմտյան քաղաքակրթական արժեքների ջատագովի դիմակով:
Կոչ ենք անում ազգային շահեր հետապնդող բոլոր հասարակական–քաղաքական շրջանակներին, բոլոր հայրենատեր հայերին և ՀՀ քաղաքացիներին, առաջին հերթին՝ արժանապատիվ գործիչներին, քաղաքագետներին, փորձագետներին, վերլուծաբաններին, լրագրողներին, իրավաբաններին՝ բացահայտել թուրք–ադրբեջանական շահեր ներկայացնող գործակալներին և հետամուտ լինել, որ նրանք հնարավորության սահմաններում այսօր իսկ ենթարկվեն բարոյական և իրավական պատասխանատվության, ինչպես նաև ապացույցներ հավաքել վաղվա ինքնիշխան Հայաստանում նրանց ամբողջ կազմով և ամբողջական մեղադրանքով անցումային արդարադատությանը հանձնելու համար»:
Ավետիսյանի նկարագրած չափանիշին ամբողջովին համապատասխանում են հենց նիկոլականները ու առավելապես նիկոլականները: Հիմա ինչ, ամերիկացիներն ԱԺԲ–ի ձեռամբ որոշել են Նիկոլի ու ՔՊ–ի հե՞րն անիծեն: Անշուշտ նիկոլականությունը լխճելը սուրբ գործ է, սակայն ձեր «անցումային արդարադատությամբ» գնացեք գրողի ծոցը: Այդ այլանդակությունը Նիկոլի կողմից ներդնելու փորձերի հետևանքով է, որ դատական համակարգի անկախությունը ոչնչացվեց, դատարանները և իրավապահները դարձան ՔՊ–ի գրպանի խաղալիք:
ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ԵՎ ՌԱԶՄԱԳԵՐԻ
Նյութը գրելու պահին թեև դեռ չէր կայացվել Արմեն Աշոտյանին կալանավորելու դատական ակտը, սակայն ձերբակալվելու փաստն արդեն իսկ Աշոտյանին դարձնում է քաղբանտարկյալ: Ձերբակալության պատճառն էլ, ըստ Քննչական կոմիտեի պես աստվածատհաճ հիմնարկի, այն է, իբր Աշոտյանը խախտել է խափանման միջոցի պայմանները: Բայց ինչո՞վ է խախտել, գրողը տանի` երկրից չի բացակայել, հարցաքննությունների ներկայացել է... Մի՞թե նրա լայվերն են «խախտում» համարել...
Չորեքշաբթի Արմեն Աշոտյանը գրել է. «Այսօրվա ԱԺ հարց ու պատասխանի հետքերով արդեն ավանդական դարձած ուղիղ եթեր չեմ մտնի, քանզի դավաճանը նախապատրաստվում է ստի, սրիկայությունների և կեղծիքի նոր ծավալը արտաթորել ամսի 20–ին 44–օրյա պատերազմի հանգամանքները սվաղող հանձնաժողովի նիստում: Ուստի իմ ՖԲ էջի ուղիղ եթերում կհանդիպենք հենց այդ օրը»:
Բայց այնպես չէր, որ հունիսի 14–ին ուղիղ եթերի նյութ չկար: Լավ էլ կար` ՔՊ–ական բեմադրությամբ, ուր հարց տրվեց Աղվան Վարդանյանի ասած ընդդիմադիր «100 մահապարտների» վերաբերյալ, գերագույն գլխավոր պետական դավաճանն էլ հոխորտաց պատժել բոլոր նրանց, ովքեր դեմ կգնան ՔՊ–ի «օրենքի դիկտատուրային»: Նաև կրկնեց հնարած սուտը «նախկինների» կողմից Արցախը դրսում հանձնելու մասին, թե` դրսում հանձնում են, ներսում «մահապարտներ» են հավաքում... Սակայն Նիկոլի այդքան սիրած «գլխավոր եվրոպացի» Ժոզեֆ Բորելը պարզ հայտարարեց, որ Նիկոլը Հայաստանի առաջին ղեկավարներն է, որը Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում: «Ծախեցիր, սողուն»,– Բորելը Նիկոլին փաստորեն ստախոս հանեց: Դե երևի դարձել է ՔՊ–ականների ասած «ռոբասերժադաշնակ», երկրորդ և երրորդ նախագահներն իրեն «գնել» են...
Դե հիմա պատկերացրեք, թե ինչ հրեշավար բաներ պիտի հնչեն հունիսի 20–ին, որոնք և Աշոտյանը պիտի հնչեցներ այդ օրը ուղիղ եթերում: Սակայն շտապեցին ձերբակալել, այն էլ` այդպիսի ծիծաղաշարժ «հիմնավորումով»: Իհարկե, ՀՀԿ փոխնախագահի վերլուծական լայվերն ու գրառումները սրանց կատաղեցնում են, զի անտանելի տեղեկատվական աղմուկում որսում է կարևորը և ներկայացնում հանրությանը, և անշուշտ Աշոտյանը մեծ ներդրում ունի Նիկոլի և ՔՊ–ի վարկանիշը կատաստրոֆիկ իջեցնելու հարցում, որ լրիվ շուն ու Գելափի բաժին են դառել: Սակայն ոչ պակաս նրանց խանգարում են Աշոտյանի կապերը Եվրոպայում, որոնց շնորհիվ, ի հեճուկս այս թուրքական նոքյարների, ՀՀԿ–ն որոշ չափով կարողանում ԵՄ–ում հայամետ բանաձևեր անցկացնել: Իսկ սրանց պետք է, որ այդպիսի «խանգարող» բաներ չլինի, սրանց պետք է «մաքուրով» ՀՀ–ն և Արցախը նվիրել թուրքերին և լիկվիդացնել Հայոց պետականությունը: Ընտրաժեխի ծափերի ներքո: Օրինակ` ՔՊ պատգամավորները, իրար հերթ չտալով, հարձակվել էին ընդդիմության թեկնածու Անահիտ Սարգսյանի վրա, թե ինչու վերջինս նիկոլաժեխին Ֆեյսբուքում որակել է այսպես. «Դուք փուչ մարդիկ եք, անհայրենիք, փչացած գենետիկ կոդով անուղեղ ոչխար եք, որ չի հասկանում, որ իրեն տանում են սպանդանոց»: Դե, առանց այդ գենետիկ աղբի ՔՊ–ն ոչինչ է, իսկ այսօր նիկոլաթուրքերի հանդեպ հանրային ատելությունն այնքան է, որ Նիկոլը տենդագին երաշխավորներ է փնտրում, որպեսզի իրեն չսատկացնեն:
Սակայն վերադառնանք Աշոտյանի հարցին: Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն արձանագրում է. «Ժողովրդավարության մորթին վրա քաշած տոտալիտարիզմը Հայաստանում այսօր չի մեկնարկել: Հինգ տարի է, ինչ վկա ենք դրա բիրտ և ցինիկ դրսևորումներին: Բայց Արմեն Աշոտյանին չեզոքացնելու այս փորձն, որը ոչ այլ ինչ է, քան սեփական անզորության և ճղճիմության ընդունում, լրջագույն ջրբաժան է: Նույնիսկ եթե նրան մեղսագրվող անհեթեթությունն արդեն իսկ դատարանով ապացուցված լիներ, նրա ազատազրկման տեսքով պատժի ենթարկելը պետք է լրջագույն մտորումների առիթ դառնար: Իսկ քննության փուլում խափանման այս միջոցի կիրառումը ոչ բռնի հանցանքի մեջ մեղադրվող քաղաքական ընդդիմախոսի նկատմամբ դասական առումով քաղաքական հալածանք է: Իշխանությունը զավթած հանցախմբի հուսալքության մասին վկայող այս նողկալի քայլը ջրբաժան է բոլորիս և յուրաքանչյուրիս համար: Բոլոր նրանք, ովքեր կլռեն այսօր և կցուցադրեն սոցիալական կուրության ախտանիշներ, մեկընդմիշտ կորցնում են ժողովրդավարության, մարդու իրավունքների, արդարության, օրենքի գերակայության մասին երբևէ խոսելու իրավունքը»:
Բոլորի շուրթերին «քաղբանտարկյալ» բառն է: Սակայն հարկ է հալածյալներին համարել ոչ միայն քաղբանտարկյալ, այլև` ռազմագերի, զի սա ոչ թե սոսկ տոտալիտար իշխանություն է, այլ օկուպացիոն վարչակարգ: Թշնամի: Որի հետ չեն բանակցում:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ