Սերժ Սարգսյանի հասցեին մեղադրանքներ շպրտելու ձեր անզուսպ մղումներին տրվելով դուք պատրաստ եք ստվեր գցել անգամ այլ քաղաքական գործիչների վրա. Նատալի Սաղիյան
Թավշյա տեռոր
Պարոն Юрий Саргсян
Անկեղծ ասած, չէի ուզում արձագանքել ձեր այս գրառմանը, սակայն կարճատև ներքին պայքարից հետո հասկացա, որ պատասխանելն անհրաժեշտ է: Ձեր այս գրառման մեջ շարադրված սպեկուլյատիվ հարցադրումներն ու պնդումները, ցավոք, արդյունք են այն բանի, որ դեռ իշխանազավթումից առաջ /ինչպես և հետո/ նման սադրիչ հարցադրումներին հանրային տիրույթում մատչելի ձևով չի տրվել բավականաչափ կոշտ և սպառիչ պատասխան: Եվ ահա, ունենք իրավիճակ, երբ այս տեսակ հարցերը, որոնք իրականում պոպուլիստական բնույթ են կրում, բազմիցս շահարկվելուց և արհեստականորեն տիրաժավորվելուց հետո, բուն են դրել շատերի սրտերում:
Եվ այսպես, առաջին հերթին ձեզ հուզում է այն, թե ինչպես եղավ որ քրեական հոդվածով դատապարտված Փաշինյանը բանտից ելավ ժամանակից շուտ: Առնվազն անազնիվ է ձեր կողմից շահարկել ՛՛ժամանակից շուտ՛՛ եզրույթը, քանզի վստահ եմ, դուք լավ տեղյակ եք, որ 2011 թվականի մայիսի 27-ին հայտարարված է եղել համաներում, որը տարածվել է պատիժ կրող ՀՀ շուրջ 800 քաղաքացիների վրա: Այո, այն ժամանակ մամուլում շատ գրվեց, որ իշխանությունը երկրում ստեղծված լարված ներքաղաքական իրավիճակը փորձեց մեղմել այս համաներմամբ: Եվ, այո, շատ հեշտ է հիմա հետ նայել և քննադատել 12 տարի առաջ տեղի ունեցածը: Անգամ 2011 թվականին, երբ ՀՀԿ-ն իշխանության էր, նախագահ Սարգսյանը չգնաց բռնապետական ճանապարհով և բարդ որոշում կայացրեց փորձել մեղմել լարվածությունը: Ինձ թույլ չեմ տա մեկնաբանել նախագահի այս որոշման շարժառիթները, ուղղակի իմ կողմից կասեմ, որ ոչ ոք չգիտի, թե ինչ կլիներ, եթե չլիներ այդ համաներումը: Այն ժամանակ ընդդիմությունը նոր հանրահավաք էր պատրաստում և չի բացառվում որ կազմակերպեին նոր, ավելի արյունալի ՛՛մարտի 1՛՛: Երբևէ մտածե՞լ եք այդ մասին: Թե՞ միայն պոպուլիստական, մաշված մեղադրանքներ շպրտել գիտեք:
Հաջորդ երկու հարցերին կարճ կպատասխանեմ: Ինչպե՞ս եղավ որ բարձրագույն կրթություն չունեցող և բանակում չծառյած Փաշինյանը դարձավ ԱԺ պատգամավոր և խմբակցության ղեկավար: Որքան որ ինձ է հայտնի, Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական պետություն է և յուրաքանչյուր քաղաքացի /շատ փոքրաթիվ վերապահումներով/ կարող է ընտրել և ընտրվել: Փաշինյանն ԱԺ-ում է հայտնվել «Հայ ազգային կոնգրես» դաշինքի համամասնական ցուցակով: Դրանից հետո պարլամենտական արկածները շարունակել է «ԵԼՔ» դաշինքի ընտրական ցուցակով, այնպես որ Սերժ Սարգսյանին այս հարցն ուղղելը ձեր կողմից առնվազն սպեկուլյատիվ շահարկում է, իսկ իրականում՝ ԱՆԱԶՆԻՎ Է:
Դուք նենգաբար ակնարկում եք, որ նախագահ Սարգսյանը կարող էր վերահսկել ընդդիմադիր դաշինքների ընտրական ցուցակների կազմը, ստեղծելով պատրանք, որ ձեր հաջորդող մեղադրանքները հիմնավորված են: Դա էլ է ԱՆԱԶՆԻՎ:
Հա, ի դեպ, որտեղի՞ց գիտեք, որ 2018-ին նախագահ Սարգսյանն օրերով չի ընդունել իրավապահ մարմինների ոչ մի ղեկավար: Ուղղակի հետաքրքիր է:
Ինչ վերաբերվում է Կարեն Կարապետյանին զոհաբերելուն… այստեղ իհարկե Կարեն Կարապետյանը պիտի ձեզ պատասխանի, բայց վստահ եմ, ոչ մեկի մոտ չկա տպավորություն, որ Կարեն Կարապետյանը միամիտ և անփորձ մի մարդ էր, ում զոհաբերեցին: Կասկած չունեմ, Կարեն Կարապետյանն ինքն է որոշում իր ճակատագիրը: Փաստորեն, Սերժ Սարգսյանի հասցեին մեղադրանքներ շպրտելու ձեր անզուսպ մղումներին տրվելով դուք պատրաստ եք ստվեր գցել անգամ այլ քաղաքական գործիչների վրա: Չի կարելի, մի արեք:
Հիմա ամենակարևորը՝ Փաշինյանի Գյումրիից քայլելով անխոչընդոտ Երևան հասնելու բազմիցս շատերի կողմից անտեղի շահարկված, մաշված մեղադրանքի մասով:
Զարմանում եմ, որ բարձրացնում եք այդ հարցը, նմանվելով բազմաթիվ անգրագետներին /կամ այդպիսին ձևացողներին/, պահի տակ քաղաքական վերլուծաբան դարձածներին, 2018-ին ինքնամոռաց Սերժ մերժած, բայց հետո պատեհապաշտ կերպով ՛՛դարձի եկածներին՛՛, դիտավորյալ /ուղղակի սեփական անզորությունից ինչ-որ մեկին մեղադրելու անհագուրտ ցանկությամբ վառվողներին կամ պատվեր կատարողներին/ Սերժ Սարգսյանի վրա մեղավորությունը բարդողներին, ուղղակի այլոց հետևից առանց հասկանալու կրկնողներին…
Նախագահ Սարգսյանն ինքն է բազմիցս խոսել այդ մասին, պարզաբանել է իր քայլերը: Կարծում եմ, եթե ցանկություն ունենայիք ընկալել Սերժ Սարգսյանի խոսքերը,ապա նման բաներ չէիք գրի:
Այո, 2018-ին որոշվեց ազգի ճակատագիրը, սակայն ոչ գարնանը: Աղետալի վիճակը, որի մասին դուք գրում եք, հետևանք է 2018-ի դեկտեմբերի 8-ի ընտրությունների, երբ 800 000+ քաղաքացի ընտրեց Փաշինյանի խունտան: Այնուհետև, 2021-ի ԱԺ ընտրություններով լեգիտիմացվեցին բոլոր այն աղետները, որոնք այդ խունտան բերեց մեր հայրենիքի գլխին: Մինչդեռ, նախագահ Սարգսյանն ամեն առիթով պնդում էր, որ չի կարելի գնալ այդ արտահերթ ընտրությունների:
Իրականում, ես դեռ շատ երկար կարող եմ գրել այս հարցերի շուրջ:
Բայց եզրափակեմ գրածս այսպես.
Իմ կարծիքով, 2018-ի գունավոր իշխանազավթումը կազմակերպված էր /դրսի ուժերի կողմից, որոնք խաղում են առանց պարտվելու ռիսկերի, քանզի առանց չափազանցության հարյուրամյակների փորձ ունեն այլ երկրներում regime change կազմակերպելու/ այնպես, որ ՀՀ իշխանությունը չունենար ընդունելի այլընտրանք: Առանց ցնցումների հեռանալու այլընտրանքը լինելու էին Երևանի փողոցներում արյան գետեր բազմաթիվ քաղաքացիական զոհերով: Իշխանազավթումը կազմակերպողները շատ լավ գիտեին, որ նախագահ Սարգսյանը ոչ մի պարագայում իր իշխանությունը ավելի բարձր չի դասի, քան անգամ մեկ հայի կյանքը:
Չհամարձակվեք հիմա համեմատել այդ հնարավոր զոհերը 44-օրյաի ընթացքում զոհված 5000+ հայորդիների հետ: Ոչ ոք չէր կարող կանխատեսել, որ Փաշինյանը դիտավորյալ կանտեսի բոլոր նախազգուշացումները պատերազմի մասով և պատերազմի ընթացքում էլ կհրաժարվի իրեն արված բոլոր առաջարկներից:
Այո, Սերժ Սարգսյանը բացառիկ պետական գործիչ է և գրոսմայստեր է, այդ մասին վկայում են իր պաշտոնավարման տարիներին ունցած բանակցային հաղթանակները: Բայց ամենից առաջ Սերժ Սարգսյանը հայրենասեր հայ մարդ է: Այնպես որ, ազատվեք ձեր մաղձից, բացեք ձեր աչքերը և վերջապես հասկացեք, թե ով է հայ ժողովրդի իրական թշնամին: