Զգուշացեք «Team Telecom Armenia»-ից. Ահազանգ
Սպառողի անկյուն
«Team Telecom Armenia»-ի բաժանորդներին ոչ բարեխիղճ եւ անպատասխանատու ծառայություններ մատուցելու մասին բողոքները շարունակվում են: Պարզվում է` վերը նշված ընկերությունը առանց բաժանորդին տեղյակ պահելու, կարող է անջատել բաժանորդի հեռախոսահամարը, իսկ հետո գտնել ունիկալ պատճառ. «Դուք եք դիմում գրել, որի արդյունքում համարն անջատվել է»: Իսկ երբ բանից բեխաբար բաժանորդը փորձում է հետաքրքրվել, թե այդ ինչ անտեսանելի ուժ է իր անունից նամակ գրել եւ խնդրում ցույց տալ դիմումը, տվյալ ընկերությունը խուսափում է հստակ պատասխան տալուց:
Ավելին, տվյալ ընկերությունը հերիք չի` բաժանորդին է, մեղմ ասած, «գցում» է, այլ մի բան էլ խուսափում խնդրո առարկայի վերաբերյալ պարզաբանումներ տալ ԶԼՄ-ին:
Այսպիսով, կամայականորեն, առանց հիմքի, բաժանորդին զրկելով հանրային ծառայություն մատակարարելուց, սույն ընկերությունը նախ` կոպտորեն չարաշահում է իր մոնոպոլիստական դիրքեը: Ամենակարեւորը` դրանով նա բաժանորդին պատճառում է վնաս, որը ենթական է փոխհատուցման:
Կարճ ասած` «այս խմորը դեռ շատ է ջուր վերցնելու»:
Չնայած, սա ամենեւին էլ «Team Telecom Armenia»-ի գործունեության միակ խայտառակ էջը չէ, եւ հաջորդ փաստերին կանդրադառնանք առաջիկայում:
Սեփ. լրատվություն