ՈՎ ԵՎ ԻՆՉՈՒ ՊԱՅԹԵՑՐԵՑ «ՉՈՒԲԱՅՍԻ ՓՈՂԵՐԸ ԼՎԱՆԱԼՈՒ» ԻՆՖՈՌՈՒՄԲԸ
Վերլուծություն
Հուլիսի 10-ի լույս 11-ի գիշերը համացանցում «ինֆոռումբ» պայթեց` կապիտուլյանտի քարոզչամիջոց Civic-ը հրապարակեց «սենսացիա»: «Ռուբեն Վարդանյանը օգնել է Անատոլի Չուբայսին «լվանալ փողերը». Գաղտնազերծվել է Չուբայսի և Սուչկովի զրույցը»,- ավետում է Civic-ի Տելեգրամ ալիքը: Բնականաբար, ադրբեջանական ռեսուրսները շտապում են դա տարածել:
«ՉԵԶՈՔԱՑՈ՞ՒՄ», ԹԵ՞ ԾԽԱԾԱԾԿՈՒՅԹ
Ինքը` Վարդանյանը, դեռ որևէ կերպ չի մեկնաբանել այդ ձայնագրությունը, սակայն հայկական ինֆոտիրույթում դա ոչ ոքի վրա առանձնակի տպավորություն չթողեց: Մի պահ ակտիվացան հին խոսակցությունները` նա Մոսկվայի՞, թե՞ Լոնդոնի էմիսարն է: Ռուսաստանում գործող «Անտիտուրան» խոշոր Տելեգրամ ալիքի կարծիքով դա դժվար թե վնասի Ռուբեն Վարդանյանի վարկանիշին. «Չենք ուզում հիասթափեցնել մեր նեղմիտ հայրենակիցներին, բայց ողջ աշխարհը լավ գիտի, որ որոշակի ժամանակահատվածում Ռուբեն Վարդանյանը եղել է գրեթե գլխավոր ֆինանսիստը, և ռուսական էլիտայի մեծ մասն օգտվել է նրա ծառայություններից»: «Անտիտուրանը» համոզմունք է հայտնում, որ այդ ձայնագրության հրապարակումը «լավագույն ապացույցն է այն բանի, որ Ռուբեն Վարդանյանը միակ խոչընդոտն է հայկական պետության փլուզումն իրականացնող ուժերի համար»:
Մենք այդ հիացական կարծիքը չենք կիսում, բայց չենք կարող չհարցադրել` ի՞նչ նպատակով է պայթեցվել «ինֆոռումբը»: Բաքվի շարժառիթները չենք էլ քննարկում, հետաքրքիր է ներհայկական խաղացողների մոտիվացումը: Արդյո՞ք չեզոքացնում են նրա գլխավորած «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» շարժումը: Թե՞ կանխում են նրա մուտքը Հայաստանի Հանրապետության ներքաղաքական դաշտ: Չէ՞ որ ժամանակին Երևանի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Տիգրան Ավինյանը նրան համարում էր շատ վտանգավոր ախոյան... Սակայն այսօր նրա ստեղծած «Ապրելու երկիր» կուսակցությունը` իր WiFi լոգոտիպով, «մուլտիկային» քարոզչանյութերով և ֆանտաստիկ պոպուլիզմ բստրող նիկոլաբույր Մանե Թանդիլյանով, գրեթե ոչ ոք չի համարում հաջողության շանս ունեցող նախագիծ` ինչքան էլ դրա վրա փող դրվի: Ի դեպ, Ռուբեն Վարդանյանն էլ կարծես թե այդ «ինֆոռումբի» մեջ իր համար սպառնալիք չտեսավ և գերադասեց ավելի կարևոր իրադարձություն համարել աշխարհահռչակ պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանի մահը և հանդես եկավ ծավալուն մահախոսականով:
Ուրեմն` առավել տրամաբանական է թվում այն վարկածը, որ այդ «ինֆոռումբը» պայթեցվել է որպես ծխածածկույթ` հայության ուշադրությունն ինչ-որ կարևոր բանից շեղելու համար: Իսկ այդ կարևոր բանի արմատները հարկ է փնտրել գերագույն գլխավոր դավաճանի` Վաշինգտոնի հովանու ներքո Բաքվի հետ ինտենսիվացվող «բանակցություններում», որոնցում նրա «կիրթ ու կառուցողական ընկեր» Իլհամը ակնկալում է ստորագրված թուղթ` անկլավներով և Արցախով հանդերձ: Ի դեպ, մազութային բռնակալը շատ լպիրշ և ինքնավստահ է զգում` նրա ԵՄ դեսպանը 3000 մետրից գնդակահարելով է սպառնացել հայ-ադրբեջանական սահման այցելած Եվրախորհրդարանի պատգամավորներին, նրա ցեղակիցները ՌԴ Էլեկտրաստալ բնակավայրում մի ռուս տղայի գանգամաշկն են հանել, նրա ուժային կառույցները քրեական վարույթ են սկսել միջազգային Կարմիր խաչի դեմ` վերջինիս մեղադրելով մաքսանենգության մեջ և այդ պատրվակով ամբողջովին փակելով Բերձորի միջանցքը... Մի տեսակ շատ «թռփոշացան», «մորթելու» ժամանակը չէ՞:
ԹՈՒՐՔԱԿԱՆ «ԹԱՎՇՅԱ» ՏԵՌՈՐ
Համացանցում աչքի զարնեց մի լպիրշություն` քաղաքագետ ներկայացող ոմն մորուքավոր կենդանի առաջարկում է «առաջնագիծ քշել» բոլոր այն տղամարդկանց, ովքեր իրենց ստորագրությամբ մասնակցել են «Հայաքվե» նախաձեռնությանը... Իսկ Սերժ Սարգսյանի դեմ նոր գարշարշավ է նախաձեռնվել` ինչպես բուն ՔՊ-ական քարոզչամիջոցներով, այնպես էլ «հականիկոլական» ձևացող օգտագործած առարկա Արթուր Համբարձումյանի շուրթերով: Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը բանտախցից արձագանքել է գարշարշավին. «Նիկոլական ստերը զարմանալիորեն նման են իմ բանտախցի տառականներին` նույնքան աներես են, հակահիգիենիկ, գարշելի, բազմաթիվ և տձև: Հայտնի է, որ տառականների դեմ պայքարը, Նիկոլի ստերի նման, պահանջում է համառություն և հետևողականություն, հակառակ դեպքում նրանք այնքան կշատանան, որ միևնույն վայրում անհամատեղելի կլինեն ցանկացած նորմալ մարդու հետ: Նիկոլի ստերն էլ, տառականների պես, սպրդում են ցանկացած հարմար բնական բացվածքից, հարմար ճեղքից, յուրային ԶԼՄ-ներից:
Այդ գարշանքը պարբերաբար թափվում է մեր գլխին` ոչ միայն, երբ նա բացում է իր փտած երախը, այլև, օրինակ, ընտանեկան թերթի` «ՀԺ»-ի էջերից: Օրերս այդպիսի մի հրապարակման հանդիպեցի, որը նվիրված էր Սերժ Սարգսյանի արձագանքին` Վարդան Օսկանյանի հայտնի առաջարկությանը, և այդ առիթով «բանակցային ժառանգության» չարչրկված մանիպուլյացիաներին: Այդ արտաթորանքի մակարդակը մի քիչ էր «բարձր» թերթի գլխավոր խմբագրի արդեն ֆիրմային դարձած թանգարանային մինի-շորտիկներից և տպավորություն էր թողնում, որ Նիկոլի հիշատակած «սառը ավտոբուսը» մի քանի անգամ անցել է սույն տափակ թեզերի հեղինակի` Փաշինյանի վրայով:
Համաձայնեք, որ կատարյալ անմեղսունակ պետք է լինել Շուշիում Մեհրիբանի հետ մուղամ լսելու պատրաստ անձի թերթում հեգնել այլոց երաժշտական նախասիրությունները, այն էլ հոդվածում կարմիր թելի պես անցնող նման ռաբիս կլկլոցներով:
Նիկոլն անկեղծորեն զարմանում է, որ Սերժ Սարգսյանը հրապարակավ աջակցում է Օսկանյանի առաջարկին, ում հետ քաղաքական հարաբերությունները երբեք, մեղմ ասած, մտերմիկ և փայլուն չեն եղել: Իրականում, սակայն, այդտեղ զարմանալու որևէ բան չկա. Փաշինյանն ու իր վարած կործանարար քաղաքականությունը այնպիսի մասշտաբի զուլում են, որ նրա կողքին խամրում են խիղճ և պատիվ ունեցող մարդկանց նախկին տարաձայնությունները: Կարճ ասած` ինչքան ձախողակ և տխմար պետք է լինել, որ քեզնից պրծնելու համար ստիպես համագործակցել այլ պայմաններում իրար հետ անհամատեղելի գործիչներին»:
Դե, ԱԺ-ում էլ իրագործեցին «աուտոդաֆե»` պաշտոնանկ անելով մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին: Պաշտոնանկության «հիմքն» էլ (աթոռից չընկնեք), որ տիկին Թովմասյանը հանձնաժողովում ՄԻՊ թեկնածուների հարցի քննարկման ժամանակ, երբ իշխանական պատգամավորների և Էդգար Ղազարյանի միջև լեզվակռիվ է առաջացել, նա ընդմիջում չի հայտարարել և չի հորդորել Էդգար Ղազարյանին ներողություն խնդրել 2018 թվականի իշխանափոխությունը ադրբեջանա-թուրքական անվանելու համար: Այդ հաշվեհարդարը ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները միասնաբար գնահատել են որպես կատարյալ ապօրինություն:
Հա, Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն էլ հաստատ ավելի համատեղելի են, քան Սերժ Սարգսյանն ու Վարդան Օսկանյանը: Ու վայը եկել Նիկոլին տարել է, եթե երկու ռազմիկ նախագահները միաժամանակ գազազեն: Ու դատական խաղերը չեն օգնի` Արգիշտի Քյարամյանի հետ քավոր-սանիկային թելով կապված դատավորի վրա Աշոտյանի վերաքննիչ բողոքը մակագրելը, Սերժ Սարգսյանի` Գռզոյի դեմ ներկայացված քաղհայցը նոր դատավորով զրոյից քննելը... Նաև այլ թրքաթավիշ դրվագներ` Երևանում և Ստեփանակերտում...
Սակայն վերադառնանք «Չուբայսի փողերը լվանալու» «ինֆոռումբին»` միգուցե դա ՔՊ-ական մուտիլովկայի մա՞ս է, որ փորձեն ընդդիմադիրներին իրար հետ կռվացնել: Ի դեպ, բանտում Աշոտյանը իրոք մի դաժան փորձության է ենթարկվում. «Մենախցում ստիպված նայում եմ հեռուստացույց, անգամ` գովազդները: Եվ, ահա, պարզվում է, որ անգամ ռուլոններով հայտնի նպատակների համար թողարկվող Papia-ն, որպեսզի ավելի փափուկ և հաճելի լինի, արդեն ավելի շատ բամբակ է պարունակում: Իսկ Նիկոլի «ՀԺ»-ն ոնց եղել է շուշաթուղթ, այդպիսին էլ մնացել է»:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ