«Team Telecom Armenia»-ն դեռ «թռած է»
Սպառողի անկյուն
«Իրավունքն» անդրադարձել էր «Team Telecom Armenia»-ի բաժանորդներին ոչ բարեխիղճ եւ անպատասխանատու ծառայություններ մատուցելու մասին բողոքին: Մասնավորապես, որ վերը նշված ընկերությունը, առանց բաժանորդին տեղյակ պահելու, կարող է անջատել բաժանորդի հեռախոսահամարը, իսկ հետո գտնել ունիկալ պատճառ. «Դուք եք դիմում գրել, որի արդյունքում համարն անջատվել է»: Իսկ երբ բանից բեխաբար բաժանորդը փորձում է հետաքրքրվել, թե այդ ինչ անտեսանելի ուժ է իր անունից նամակ գրել, եւ խնդրում ցույց տալ դիմումը, տվյալ ընկերությունը խուսափում է հստակ պատասխան տալուց:
Մենք արդեն երկրորդ անգամ ենք վերը նշված ընկերությունից փորձում պարզել, թե ինչպես է առանց բաժանորդի իմացության անջատվում հեռախոսահամարը, սակայն օպերատորը տալիս է նույն պատասխանը, որ մեր հարցի հասցեատերը օպերատորը չէ, եւ որ մեզ հետ կկապվեն: Հերթական հարցմանն էլ ավելացրին, թե հստակ պատասխան կարող է ստանալ բացառապես բաժանորդը, ոչ երրորդ կողմը:
Երեւի ընկերությունում լավ չե՞ն գիտակցում, թե ինչ ասել է երրորդ կողմ: Հուշենք, լրատվամիջոցը կողմ չէ, փորձում է կոնկրետ դեպքի հիման վրա տալ հանրային կարեւորության տեղեկատվություն: Այսինքն, ինչպե՞ս կարող է ընկերությունը կամայական (կոնկրետ փաստի մասին մեզ դիմել է բաժանորդը) հեռախոսահամար անջատել՝ բաժանորդին տալով բացատրություն, թե՝ դուք եք դիմել: Բաժանորդը հայտնում է՝ նման դիմում չի գրել, եթե հակառակն են պնդում, թող ցույց տան: Իսկ եթե չկարողանան ցույց տալ, դա արդեն այլ ոլորտի հարց է դառնում:
Բայց, հասկանալի է, սա ամենեւին էլ «Team Telecom Armenia»-ին վերաբերող միակ բողոքը չէ: Մեկ այլ քաղաքացի օրերս դժգոհություն հայտնեց ընկերության ինտերնետային ծառայությունից:
«Տանն օգտվում ենք ընկերության ինտերնետից: Քանի դեռ «Թիմ» չէին դարձել, էլի ոչինչ: Բայց ահա հիմա նկատելի վատթարացում կա: Զանգահարում ենք, պատասխանում են՝ «Նորմալ է, բայց եթե ուզում եք, կարող եք այլ փաթեթից օգտվել: Ժամանակին միացրել ենք ամսական 5000 դրամ արժողության փաթեթ, որը պայմանագրային չափանիշներով մեզ լիովին բավարարում է: Բայց ինչ-որ ժամանակ առաջ շենքում այլ տիպի ինտերնետ համակարգ եւս տեղակայեցին, դա արդեն 8000 դրամանոց է: Ու հիմա այն տպավորությունն է, որ գինը թանկացնելու համար հին տարբերակը փորձում են թուլացնել, որ ստիպված նորին անցնենք: Բայց երեւի լավ չեն հասկանում, որ այդ դեպքում պարզապես իրենց ծառայություններից կհրաժարվենք»,- պատմեց մեր զրուցակիցը: