ՍՐԱՆՔ ՄԵԼԻՔ ՖՐԱՆԳՅՈՒԼԻՆ ԵՐԱՆԻ ԵՆ ՏԱԼՈՒ
Վերլուծություն
Լրագրողները բավականին նեղն էին գցել գլխավոր գերագույն դավաճանին վերջինիս ասուլիսի ժամանակ: Հնչեցին զուգահեռներ պատմական դավաճան մելիք Ֆրանգյուլի հետ, նաև հարց հղվեց` կապիտուլյանտը երբ որ մեռնի, նրա մահը բացի ընտանիքի անդամներից ու Հովիկ Աղազարյանից սգացողներ կլինե՞ն: Անշուշտ կլինեն, բայց դրանք հայեր չեն լինի: Օրինակ` Էրդողանի և Ալիևի համար դա հաստատ ողբերգություն կլինի: Միգուցե գտնվեն սգացողներ նաև «յան» ազգանունով չհայ տարրերի մեջ, չնայած այդ կոնտինգենտը Լուլուի պես մի բան է, տեր է փնտրելու, որ դեմը խոնարհվի...
ԻՆՉՊԵՍ Է ՆԻԿՈԼԸ ՓՈՐՁՈՒՄ ՀԱՎԵՐԺԱՑՆԵԼ ԻՐ ԱԹՈՌԸ
Կապիտուլյանտն իր ասուլիսին փորձում էր իրեն «սուպերդեմոկրատի» տեղ դնել, սակայն հաջորդ օրը սկսվեցին հարձակումներ խոսքի ազատության դեմ: Ինչպես արձանագրում է Ժուռնալիստների միությունը. «Փաշինյանի՝ ժամեր տևած ասուլիսից հետո, որի ընթացքում լրագրողական համայնքն իր հարցերով անհարմար իրավիճակում դրեց նրան՝ փաստարկված հակադարձելով և զուգահեռներ անցկացնելով մինչ 2018թ. հեղափոխությունը, պաշտոնավարման ընթացքում և այժմ նրա կողմից հնչեցված հայտարարությունների միջև՝ հարցեր հնչեցնելով նաև արցախցիների, 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողների և շարքային քաղաքացիների կողմից, իշխանության ներկայացուցիչների, իշխանամերձ շրջանակների, այսպես կոչված՝ կառավարական «ֆեյքերի ՊՈԱԿ»-ի, կեղծ օգտատերերի, ինչպես նաև իշխանություններին հարող տարբեր խմբերի, մերձիշխանական ֆեյք «լրատվամիջոցների» (որոնք անգամ խմբագրակազմ չունեն) ու առանձին անհատների կողմից թիրախավորվել են ասուլիսին մասնակցած որոշ լրագրողներ և մասնավորապես՝ NewDay.am կայքի հիմնադիր, լրագրող Անի Գևորգյանն ու Aravot.am կայքի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը: Տարատեսակ սոցցանցային էջերում տեղադրվում են անգրագետ, սպառնալիքներով լեցուն գրառումներ, այդ թվում՝ նրանց ընտանիքներին ուղղված, իսկ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանն էլ չի թաքցնում, որ իրեն հանձնարարված է ամեն կերպ Հռիփսիմե Ջեբեջյանից ճշտել վերջինիս ազգականի համարը, որի ասելիքը փոխանցել էր լրագրողը»:
Ինչպես կասեր ռուսը` «Вот тебе, бабушка, и Юрьев день», ընդհանրապես խունտան հետևողականորեն փորձում է օրենսդրական մակարդակով, քննչական և դատական ճնշումներով լռեցնել լրագրողներին և լրատվամիջոցներին: Իսկ հիմա անցան ուղղակի հաշվեհարդարների սպառնալիքների: Ժուռնալիստների միությունն արդարացիորեն արձանագրում է, որ. «Այս ամենի պատասխանատվությունը բացառապես կրում են իշխանությունները, մասնավորապես՝ անձամբ Նիկոլ Փաշինյանը: Դադարեցրե՛ք ուղղորդված հետապնդումները, լրագրողներին և լրատվամիջոցներին թիրախավորելը, կառավարե՛ք ձեր բնազդները, վախերը, դադարեցրե՛ք խմբակային հարձակումները լրագրողների նկատմամբ. երբևէ որևէ իշխանության չի հաջողվել ու չի հաջողվելու լռեցնել ազատ խոսքը»:
Սակայն սրանք իշխանություն չեն, այլ իշխանազավթ են, և 2018-ին ամեն ինչ արել են, որպեսզի ձևավորեն ադրբեջանաթուրքական օկուպացիոն վարչակարգ: Ժուռնալիստների միությունը նաև կոչ է անում հասարակությանը՝ չտրվել նպատակաուղղված սադրանքներին, գիտակցել պահի լրջությունը և սատար կանգնել լրագրողական համայնքին, պետությանը, տեր կանգնել տեղեկացված լինելու իրենց իրավունքին: Դա առավել քան կարևոր է, քանզի խունտան ՀՀ քաղաքացիների դեմ ինչպես ՀՀ-ում, այնպես էլ Արցախում վարում են իսկական տեղեկատվական-հոգեբանական պատերազմ, կիրառելով մարտական քարոզչության բոլոր հնարքները: Սրանք քաղաքացուն պատերազմով ավելի շատ են վախեցնում, քան նույնիսկ Ադրբեջանն ու Թուրքիան, և դա հասկանալի է` ընդամենը 11% վարկանիշ ունեցող կառավարիչների միակ ապավենը վախի և հուսահատության տարածումն է: Կան նաև հանրային հոգեբանության առանձնահատկություններ, որոնք խանգարում են հանրային ընդվզմանը: Վերլուծելով, թե ինչպես են ազգերն ընկնում իրենց նախապաշարմունքների և քարոզչության ծուղակը, իր «Ամբոխների դարաշրջանը» գրքում ֆրանսիացի հոգեբան և սոցիալական պատկերացումների տեսության հեղինակ Սերժ Մոսկովիսին գրել է. «Տոքսիկ պոզիտիվիզմը ենթադրում է ռեալ խնդիրների անտեսում այնքան ժամանակ, մինչև այդ խնդիրները դառնում են աղետ: Աղետների համատեքստում նման մոտեցումը կարող է հանգեցնել սպառնալիքներին կամ ռիսկերին ոչ ադեկվատ արձագանքման, ինչպես նաև հնարավոր բացասական իրադարձությունների անբավարար նախապատրաստմանը»: Որքան շատ մարդիկ անտեսեն սպառնալիքները, այնքան ավելի արագ են նրանք աճում. որքան մեծ է առօրյա կյանքի վտանգը, այնքան զանգվածներն ավելի կուրանում են դրա հանդեպ: Ստեղծվում է մի արատավոր շրջան, որն անխուսափելիորեն հանգեցնում է սոցիալական աղետի:
Իսկ դեպի աղետ տանող անտեսվող հանգամանքների մեջ կապիտուլյանտի արատավոր ձգտումն է բավարարել Բաքվի այն պահանջը, որ պիտի երաշխավորվի ազերիների վերադարձը ՀՀ: Ալիևի ախորժակը 400 հազար է, և Նիկոլի թրքահպատակ խունտան Բաքվից ոչ պակաս շահագրգիռ պաշտպանում է դա Բրյուսելում, Վաշինգտոնում և Մոսկվայում: Ու նման է, որ հենց «Օմեգա» Արաբատ Միրզոյանի անդուլ ջանքերով են Լավրովի խոսույթում հայտնվել վտանգավոր բաներ և, ըստ Արցախի ԱԳՆ-ի. «Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության ռուսական կողմի առաջարկած տեսլականը արտացոլում է միայն Ադրբեջանի տեսակետը: Նման մոտեցումը կանխորոշում է հնարավոր երկխոսության արդյունքը»: Նիկոլին շատ ձեռնտու է ազերիների բնակեցումը ՀՀ-ում, որպես լրացուցիչ ընտրազանգվածի` եթե եղած զոմբիացած ժեխին գումարվի 400 հազար ազերիական քվե, ապա կստացվի Նիկոլի իշխանության հավերժացման բանաձև:
ԽՈՒՆՏԱՅԻ ՎԱԽԸ «ՆԱԽԿԻՆՆԵՐԻՑ» ԴԱՐՁԵԼ Է ԽՈՒՃԱՊԱՅԻՆ
Իր առաջին մասնագիտությամբ հերձող բժիշկ Արմեն Աշոտյանին կալանավորելով, քաղբանտարկյալ և օկուպացիոն ռեժիմի ռազմագերի դարձնելով` խունտան չկարողացավ նրան լռեցնել, ընդհակառակը` բանտախցից նրա ձայնն ավելի բարձր է հնչում: ՀՀԿ փոխնախագահը շարունակում է «հերձել» Նիկոլի ստերը, «հերձեց» նաև վերջին ասուլիսը «Նիկոլը. տեղական «շուստրին», գլոբալ «լոխը» և պրծած մարդը» հոդվածով: Աշոտյանը գրել է. «Միանգամից ասեմ, որ վերնագրի մեջ տեղ գտած ժարգոնային բնորոշումները կապված չեն ոչ այն վայրի յուրահատկությունների հետ, որտեղ հիմա գտնվում եմ, ոչ էլ նպատակ ունեմ ավելի վիրավորել Փաշինյանին, այլ ընդամենն ասելիքիս բովանդակությունն առավել ցայտուն նկարազարդելու ստեղծագործական հնարք են: Նիկոլի հերթական ասուլիսը ոչ միայն ավանդական կեղծիքների, վախերի, ստերի և բարոյազրկության, լրբության շարան էին, այլև առավել ցայտուն դարձրեցին այն վարքականոնային և քարոզչական տրիադան, որով Փաշինյանը ներկայանում է հայ հասարակությանը: Այդ տեխնոլոգիական եռյակն իր մեջ ներառում է հետևյալ 3 ուղղությունները` սվաղել ներքին խնդիրները, «дурачок» ձևանալ արտաքին հարցերում և հոգու խորքում լինել ավարտված, պրծած մարդ»: Այդ բոլոր երեք ուղղությունները ՀՀԿ փոխնախագահը «հերձել» է 16 կետերով` ճիշտ այնպես, ինչպես անում էր «լայվերով», սակայն այժմ դա թղթով և գրչով է: Ընդամենը մեկ կետ մեջբերենք. «Տարածաշրջանում ժողովրդավարության Կամասուտրայի գուրուն չի կարողանում հոդաբաշխ բացատրություն տալ, թե ինչո՞ւ «քաղաքակիրթ աշխարհը» պարբերաբար շոյում է նրա դեմոկրատական էռոգեն զոնաները, բայց այդպես էլ գործուն և հստակ քայլերով միջոցներ չի ձեռնարկում այդ դեմոքրըսիի սեքս-սիմվոլին բռնաբար Ալիևից պաշտպանելու համար: Լրիվ «Не виноватая я, он сам пришёл» վիճակն է»:
Նման է, որ Սերժ Սարգսյանի բաց նամակն էլ սրանց ահավոր վախեցրել է: Ու դատելով այդ վախերից` և՛ արտաքին, և՛ ներքին հասցեատերերին ՀՀ երրորդ նախագահի մեսիջները լավ էլ հասել են: Այլապես ինչո՞ւ համացանցում ՔՊ-ի ֆեյքերի «կիբերբանակը» և արտաքին ագենտուրաների ռեսուրսները գրեթե ամենժամյա ռեժիմով հիսթերիկ վարկաբեկման և զրպարտության արշավ են անում` դա համեմելով հայհոյանքներով ու անեծքներով: Ռսի ասած. «Либо крестик снимите, либо трусы оденьте», արդեն հասցրել են մոգոնել ֆանտաստիկ դավադրապաշտական վարկածներ: Դավադրապաշտներին կարելի է խորհուրդ տալ ադրենոքրոմի ներարկումներով ձեռք բերել նոր երիտասարդություն: Ո՛չ, այդ նյութի մեկ գրամը 1,5 միլիոն դոլար չէ, և այն ստանալու համար արյունոտ ծեսեր պետք չեն, պարզապես դեղատնից գնում եք ադրենալին, «Վերնիսաժից» էլ` որոշ քիմիական ռեակտիվներ, և դեղագործական ֆակուլտետի ցանկացած ուսանող էլ ձեզ կբացատրի, ինչպես ստանալ այդ «առասպելական» նյութը ձեր խոհանոցում կամ ավտոտնակում: Ֆեյք բաժանորդներ և ֆեյք դիտումներ գնելու վրա ձեր ծախսած փողն էլ նույնիսկ ՔՊ-ական պրեմիաներից էլ անարդյունավետ է...
Հա, մեկ էլ հայտնի դարձավ, թե ումից է ընդօրինակել Էռատոն Էնշտեյնի նկարով և մեջբերումով շապիկը, որն ակնարկում է 120 հազար արցախցիներին գաղթական դարձնելու սատանայական փափագը: Դա կապկվել է Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկին: Նույն շապիկներն են, նույն մակագրությամբ. «Իրերի փաթեթը միակ բանը չէ, որ փախստականը բերում է իր նոր երկիր»: Դուք նոր երկիր չեք կարողանալու մեկնել, դուք պատժվելու եք ձեր բոլոր չարագործությունների համար: Նախանձելու եք` անգամ մելիք Ֆրանգյուլին...
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ