ԵԹԵ ՆԻԿՈԼԸ ՄՆԱ` ԿԳՈՐԾԻ «1915+1937 ԹՎԱԿԱՆՆԵՐ» ՍՑԵՆԱՐԸ
Վերլուծություն
Գլխավոր գերագույն դավաճանի և Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի միջև հեռակա վեճ է ծավալվել, թե արդյո՞ք սուտ է խոսում Էռատո Աննա Հակոբյանը: Հայաստանի վարչապետն իրավունք չունի իր ասուլիսի ժամանակ խոսել, թե ինչքան չի սիրում Արցախը` այս մասին հայտարարել է Ռուբեն Վարդանյանը: Ի՞նչ վարչապետ, պարոն Վարդանյան, մի՞թե մինչև հիմա չեք ըմբռնել, որ թշնամու կամակատար կոլաբորացիոնիստին վարչապետ անվանելը մեղսագործություն է:
ԻՆՉՈ՞Ւ ՉԵՔ ՏԱԼԻՍ ԴԱՎԱՃԱՆԻ ԱՆՈՒՆԸ
Արցախի իշխանությունների կողմից համակարգվող ակցիաների ժամանակ այդպես էլ աննշան բացառություններով չի հնչում գլխավոր մեղավորի` դավաճանի` Նիկոլի անունը: Իսկ Ռուբեն Վարդանյանը, որ այլևս իշխանություն չէ, զարմանալիորեն դավաճանին «պարոն վարչապետ» է ասում: «Մենք վտանգի առաջ ենք, և եթե դու վարչապետ ես Հայաստանի, որը նաև պատասխանատու է Արցախի համար, դու պետք է ամեն ինչ անես՝ միասին պայքարենք, որ Արցախը մնա հայկական: Ոչ թե ասես՝ եկեք հանձնենք Արցախը, որովհետև ուրիշ տարբերակ չկա: Դրանք առաջնորդի խոսքեր չեն: Դուք ճիշտ չե՛ք, պարոն վարչապետ, երբ ասում եք՝ մարդ չկար Ստեփանակերտում, և՛ կանայք են մնացել Ստեփանակերտում, և՛ տղամարդիկ: Եթե ձեր կինը բունկերից դուրս գար, կիմանար ինչքան կին կար Ստեփանակերտում, եթե դուք ուզենայիք իմանալ` իրականում ինչ է կատարվում Արցախում, ապա կիմանայիք ինչքան մարդ է եղել Արցախում, կռվել մինչև վերջ: Պետք չի բաժանել արցախցիների և հայաստանցիների, ով ինչ բարբառով է խոսում: Դուք եք պարտական ապահովել հայկականությունը ՀՀ և Արցախի»,– ասել է Վարդանյանը: Լավ, մի՞թե չեք զգում, որ այդ դավաճանի հետ կարծես թե «լեյտենանտ Շմիդտի զավակներ» խաղը խաղաք (21–րդ դարում Իլֆն ու Պետրովը թերևս այդ կերպարներին կոչեին «լեյտենանտ Սորոսի զավակներ»` հաշվի առնելով Սորոսի դերը հեղափոխություններում):
Ռուբեն Վարդանյանը նշել է, որ մենք չենք կարող խաղաղ ապրել, երբ ասում ենք, որ բոլոր տղամարդիկ դասալիք են, կանայք աներջանիկ, Արարատ սարը մերը չի, հիմնը պետք է փոխել, եկեղեցին վատն է, Արցախը մերը չի. «Պարո՛ն վարչապետ, Արցախին տրվող փողը դուք ձեր գրպանից չեք տվել, եթե թիվ եք ասում, ասեք նաև ինչքան բան է ստացել ՀՀ–ն Արցախից, դուք իրավունք չունեք հաշվարկներ անել, հինգ տարվա մեջ կարող էիք կազմակերպել, որ էֆեկտիվ լիներ, թափանցիկ լիներ, որ փողերը ճիշտ օգտագործվեին, դա գնահատական է ձեզ՝ որպես ղեկավարի: Հայրենիքը չունի գին»: Այ Ռուբեն Կառլենիչ, այ քո հոգուն ղուրբան, մի՞թե չեք հասկանում, որ գործ ոււնեք ներքին թշնամու, այլ ոչ թե ՀՀ իշխանության հետ: Թե՞ ձև եք տալիս, որ չեք հասկանում: Այդ ձև տալով ի վերջո անդառնալի աղետ կստանանք... Թե՞ իրականում նախկին (իրականում նախկին չի լինում) նիկոլական Մանե Թանդիլյան խաղացնելն ավելի կարևոր է... Մանե, գումարած Արամ Զ. Սարգսյան, գումարած Դավիթ Խաժակյան, գումարած ՔՊ... Երևանի ավագանիում «Ելք» դաշի՞նքն եք վերստեղծում: Քաղաքական աղբանոցի ապրանք այդ դաշինքը մեզ հաստատ պետք չէ, իսկ եթե պետք է Վարդանյանին, ապա հարցեր են առաջանում...
Հումանիտար աղետ է Արցախում: Հուլիսի վերջին օրը ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ Արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի հետ: Տեր–Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանի փոխանցմամբ` մեկ ժամից ավելի տեւած զրույցի ընթացքում հիմնականում շոշափվել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի հետ կապված խնդիրները: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպանության քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավար Ալիսոն Հաննան, քաղաքական հարցերի պատասխանատու Ջենիֆեր Հեդդան և ՀՀ Առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը:
Հումանիտար խնդիրներ... Ժամանակին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակը հպարտորեն ռազմական շքերթներ է ընդունել, իսկ հիմա այնտեղ մարդիկ շարք կանգնած SOS են ցուցադրում: Ու դրա մեղավորի, միտումնավոր այդ վիճակը ստեղծող կապիտուլյանտի հետ դեռ «կառուցողական բանավեճ» վարող կա... հասուն մարդիկ եք, ամոթ է: Ինչպես արձանագրում է Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը. «Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ Արցախը բացի իր պաշտպանական համակարգից և անվտանգության մակարդակից դարձել էր փոքրիկ եվրոպական երկիր: Տուրիստները զարմանք էին ապրում, թե ոնց է այդ փոքր չճանաչված երկիրը այդքան զարգացել: Ստեփանակերտի շարժը նման էր զարգացած քաղաքների շարժի, իսկ քաղաքի մաքրության առումով շատ նույնիսկ զարգացած երկրների քաղաքներ կնախանձեին: Որոշ թափթփուկներ, երբ ասում էին «Շուշին բոմժանոց» էր, նրանք հավանաբար չէին էլ եղել այն ժամանակ Շուշիյում ու Արցախը չէին էլ տեսել, ուր է հասել և ոնց է զարգացել: Պետք էր ընդամենը ապահովել անվտանգությունը և արցախցիները այն կշարունակեին զարգացնել: Չմոռանանք, որ Սերժ Սարգսյանը օդանավակայան նույնիսկ կառուցեց Արցախում: Իսկ այսօր բոլոր կորուստներից հետո Ստեփանակերտում ֆլեշ–մոբ է, ու մարդիկ գրում են SOS, ուզում են փրկվել, քաղաքի լավագույն տրանսպորտը ձին է, դե մնացածը չասեմ, բոլորս գիտենք»:
Կհասկանա՞ք, թե «Սերժ մերժելով» իրականում մերժել եք և՛ այդ հրաշք «փոքրիկ Եվրոպան», և՛ մեր պետությունը որպես այդպիսին:
ԵԹԵ ՆԻԿՈԼԸ ՄՆԱՑ` SOS ԿԳՐՎԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
68–ամյա արցախցի Վագիֆ Խաչատրյանին Կարմիր խաչի ավտոմեքենայից առևանգելը և Բաքվում նրան ծանրագույն պատերազմական հանցագործություններ մեղսագրելն իրականում ծայրահեղ վտանգավոր սցենարի սկիզբ կարող է դառնալ: Ինչպես հայտնում է Արցախի ԱԱԾ–ն` ադրբեջանական օգտատերերը տարածել են պատերազմին ենթադրաբար մասնակցած՝ Արցախի բնակիչների ցանկ՝ կեղծ մեղադրանքներով: Վստահաբար, բա «ամբողջական» ցանկ չէ, այլ հոգեբանական պատերազմի տարր: Իսկ հիմա լսենք մեր երկրի ամենասթափ փորձագետներից մեկին. «Ադրբեջանը փորձելու է ինչ–որ պահի տղամարդկանց ցեղասպանություն անել»,– մեկնաբանելով ԿԽՄԿ մեքենայով ՀՀ տեղափոխվող 68–ամյա արցախցու առևանգումը` ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը: «Ավելին, կարող է ինչ–որ պահի ՀՀ իշխանություններից պահանջեն արտահանձնել առաջին պատերազմի, նաև 30 տարվա տարբեր ժամանակաշրջաններում ռազմական գործողություններին մասնակցած տղաներին, բանակի սպաներին և գեներալներին»,– ասաց Վրթանեսյանը: Նրա կարծիքով` այս իրավիճակը դառնալու է խաղաքարտ Ադրբեջանի ձեռքում: Հետո Ադրբեջանը պահանջելու է ՀՀ–ից այլ մարդկանց արտահանձնել: «Եթե ՀՀ տարածքից արտահանձնումը չլինի, արդեն օգտվելով ՀՀ ներկա իշխանությունների լռությունից, լուռ համաձայնությունից պահանջներ են ներկայացնելու երրորդ երկրներին այս կամ այն անձին արտահանձնելու համար: Շատ հնարավոր սցենար է ՀՀ իշխանությունների անգործության և հանցավոր համաձայնության պայմաններում»,– եզրափակեց Կարեն Վրթանեսյանը: Իսկ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի համոզմամբ. «Վստահ եմ՝ Վագիֆ Խաչատրյանի տվյալները թշնամուն տրամադրել են հենց ՀՀ իշխանությունները: Վստահ եմ՝ տրամադրել են հազարավոր այլ ազատամարտիկների տվյալներ ևս: Եթե թշնամու դրածոները շարունակեն իշխել Հայաստանում, ապա հեռու չէ այն օրը, երբ ազատամարտիկներին ու հրամանատարներին սկսեն հանձնել ուղիղ Երևանից: Դա իրադարձությունների նույնքան տրամաբանական զարգացում կլինի, որքան կայծակից հետո որոտը»:
Արցախում ամեն ընտանիքը, ՀՀ–ում` ամեն երկրորդ ընտանիքը Արցախում ծառայած զինվոր ունի: Նրանք բոլորը ռիսկի տակ են` հայտնվելու «1915–1937 թվական» իրավիճակում, երբ ՔՊ–ական խունտան կկատարի НКВД–ի գործառույթը, իսկ Ադրբեջանը` երիտթուրքերի: Այդպիսի սցենարի դեպքում ոչ մեկին չեն հարցնի` թուրքի հետ «խաղաղությանը» հավատո՞ւմ ես, թե` ոչ, Արցախի համար ցավո՞ւմ ես, թե՞ թքած ունես... Ի դեպ, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանն էլ ազերիների` ՀՀ վերադարձնելու նիկոլական ծրագրերի ռիսկերի մասին է ահազանգում. «Լուռ, անտարբեր ու սովորական կենցաղով ապրելուց զատ, կարող եք համատեղությամբ ճշտել, թե Երևանի ձեր բնակարանը, կամ գյուղի ձեր տունը մինչև 1991թ. պատահմամբ ադրբեջանաբնակ չի՞ եղել. հիասթափեցնեմ ձեզ, նախկին ադրբեջանցի բնակվողները, որ հայերին ջարդեցին Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում ու ԱդրԽՍՀ այլ քաղաքներում, հետ են գալու ու գալու են հետ վերցնեն էդ տները, ավելին՝ ՀՀ իշխանությունը դրան աջակցելու է: Ի դեպ, դա արվելու է ՄԱԿ–ից ստացած մանդատի ներքո, որը փաթեթավորվելու է որպես «ՀՀ–ում ադրբեջանցիների վերաբնակցեման ու դրա հիմքով միջէթնիկ բախումներից զերծ մնալու խաղաղապահ գործողությունների ներքո»:
Այնպես որ, այս խունտային տապալելը ՀՀ ցանկացած քաղաքացու` ապրի նա Արցախում, թե Երևանում, ողջ մնալու և տունուտեղը չկորցնելու ՄԻԱԿ շանսն է: Եվ այդ շանսն իրացնելու վայրը, որտեղից պետք է սկսվի թե՛ Արցախի, թե՛ ՀՀ–ի դեօկուպացիան, Հանրապետության հրապարակն է, որի ճշգրիտ կոորդինատները հրապարակել է Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ