ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՂԲԻ ՏԵՂՆ ԱՂԲԱՄԱՆՆ Է
Վերլուծություն
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները, օգոստոսի 28-ին, ժամը 23:50-ի սահմաններում կրակ են բացել ԼՂ Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է,- այս ամոթալի հաղորդագրությունը տարածվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
Ինչու ենք ասում ամոթալի` որովհետև, ինչպես վկայում մեր իսկ փորձը, երբ թշնամին հայերի է առևանգում, դրա դեմը հնարավոր է առնել միայն ասիմետրիկ, ավելի ծավալուն առևանգումներով: Այդ ժամանակ կձգվեն նաև «աշխարհի հզորները», ում հեռահար ծրագրերը կարող են հայտնվել մեծ հարցականի տակ: Թե չէ դարձել ենք անտանելիության աստիճանի համակերպվող, իսկ համակերպումը, մեծն Փարաջանովի խոսքով, առաջին քայլն է դեպի ստրկություն: Իսկ դուք` բոլոր տեսակի «քայլ անող-մերժողներդ», Արցախի ճակատագիրը վճռել եք 2018-ին երբ ինքնամոռաց փողոց էիք փակում ու շամպայն բացում: Սակայն ոչինչ ահույս չէ, զի, ինչպես արձանագրում է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը. «Սուն Ցզին «Երկ ռազմարվեստի մասին» լեգենդար աշխատությունում համարում է, որ պատերազմ վարելու ամենավատ ձևը պաշարումն է, որովհետև ամենածախսատարն է և նյութական, և ժամանակային առումով: Պաշարման ընթացքում էլ կարող է իրավիճակ փոխվել, և ամիսների ծախսերը ջուրն ընկնեն: Նույն պատճառով էլ շտապում է Ալիևը և շտապեցնում իր խամաճիկներ Նիկոլին ու Արայիկին»: Պաշարման վերջին ակորդներից է Ակնայով (Աղդամով) «հումանիտար բեռ» բերելու շոուն: Արցախցի վերլուծաբան Ալեն Ղուլյանը պեղել է ադրբեջանցի ծաղրանկարչի հնարամիտ ծաղրանկարը ադրբեջանական ռեժիմի «մարդասիրական» բեռնատարների մասին, որը մակագրված է. «Ճամփա տվե՛ք, հումանիստներն են գալիս»: Այսինքն` արդեն թշնամին է ծաղրում այն, ինչը փորձում են ստվերային բանակցություններով և խառնակչությամբ կյանքի կոչել Արցախում ծվարած նիկոլական կամակատարները:
Կապիտուլյացիան և «խաղաղության» կեղծ օրակարգը սպասարկողները բացարձակ աղբ են քաղաքական տեսակետից, որի գարշահոտությունից ազգովի խեղդվում ենք: ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանի դիտարկմամբ. «2018թ.-ի Հայաստանի ռազմա-քաղաքական, դիվանագիտական հաղթող դիրքերը` 2023թ -ին խայտառակ պարտության հասցրած դավաճանների ռեժիմն այլևս իրավունք չունի «բանակցելու» ահաբեկիչ Ադրբեջանի հետ:
Հաջորդ յուրաքանչյուր քայլ` ավելի վատն է լինելու:
Հաջորդ յուրաքանչյուր ռազմական բախում` ավելի կործանարար է լինելու:
Հաջորդ յուրաքանչյուր գործողություն և միջազգային հանդիպում` ավելի ստորացուցիչ պայմաններ է առաջ բերելու:
Հաջորդ յուրաքանչյուր օր` ավելի է խորացնելու Հայաստանի ռազմա-քաղաքական ճգնաժամն ու ավելի է բարդացնելու Արցախի վիճակը:
Հաջորդ յուրաքանչյուր շաբաթ` իրավիճակը շտկելու համար կորցված ժամանակ է:
Հաջորդ յուրաքանչյուր ամիս` Հայաստանի պետականության ու հայ ժողովրդի հայրենազրկման նոր մարտահրավեր է:
Պետական շահերի դեմ գործած հանցագործությունների, միտումնավոր անգործության դրսևորման, թշնամական ծրագրերի սպասարկման դավաճանական շղթան պետք է կտրել: Գիտակից հասարակության վստահությունն ամբողջովին կորցրած նիկոլական ռեժիմը` հնարավորինս շուտ պետք է իշխանազրկվի:
Այլընտրանք ուղղակի չկա:
Հինավուրց ազգից մեզ վերածում են երգ ու պարով մահվան գնացող զանգվածի»:
Հիմա յուրաքանչյուր աչքի ընկնող հանրապետականի և դաշնակցականի սոցցանցային էջում կարելի է գտնել պաստառ, որը սեպտեմբերի 2-ին քաղաքացիներին հրավիրում է Ազատության հրապարակ: Թե ինչ է նախատեսված սեպտեմբերին` դեռ չգիտենք, սակայն վաղուց ժամանակն է մեկնարկել աղբահանությունը: Նույնիսկ ահագին ուշացել ենք: Իսկ քաղաքական աղբը կրկին գլխավոր թիրախ է համարում Անկախության հռչակագիրը: Տխրահռչակ Քոչարյան Անդոնը մեկնաբանել է օրերս Անկախության հռչակագրի վերաբերյալ Նիկոլի տարածած «մեկնությունը». «Եթե կան խնդիրներ, ավելի մեծ ընդգրկուն խոսակցություն պետք է ծավալվի Հայաստանում, որը կբերի հստակեցման, թե՛ գործող հռչակագրի, թե՛ հռչակագրի այնպիսի դրույթների, որը խոչընդոտներ չի թողնի հետագա զարգացումներն արագ իրականություն դարձնելու հարցում»:
Ակնարկը չափազանց թափանցիկ է. եթե առաջիկայում Նիկոլի տերերը նրա առաջ կտրուկ խնդիր դնեն սեղմ ժամկետներում «քիրվայանալ» Թուրքիայի հետ, ապա Հռչակագիրը կա՛մ ոչնչացնելու են, կա՛մ այնպես այլասերեն, որ դրանից միայն «չ» տառը մնա: Հռչակագրում տեղ գտած մի շարք դրույթներ նույն Թուրքիայում դիտվում են որպես իրենց տարածքի նկատմամբ ռևանշիզմ: Հիմա ԼՏՊ-ից իր «հոգեզավակ» կապիտուլյանտին ժառանգություն մնացած Անդրանիկ Քոչարյանը հայտարարում է, որ երբ հասունանա պահը, իսկ իրենք անում են ամեն ինչ՝ այդ պահը հասունացնելու համար, ապա վերանայման է ենթարկվելու նաև Անկախության հռչակագիրը՝ թուրքերի քիմքին չդիպչելու համար: Սույն նիկոլահպատակ կերպարը բացահայտում է Նիկոլի` խորքում հակահայկական բովանդակության ուղերձի իմաստն ու հայտնում այն մասին, որ իրենց համար երանությունը Թուրքիան է, այլ ոչ թե Հայաստանի բնական դաշնակիցները. Թուրքիայի հետ քիրվայության համար պատրաստ են Հայաստանը հայի հայրենիքից դարձնել Էրմենիստանի վիլայեթ:
Հիմա քաղաքական կապիտուլյանտական աղբակույտերը փորձում են Նիկոլին ներկայացնել «հարիֆ», որի գրպանն են գցել «նախկինների» արածները: Բայց իշխանափոխությունից հետո է պարզվելու ոչ միայն պատերազմի ընթացքում, այլև նախապատերազմյան ու հետպատերազմյան փուլում հյուսված խարդավանքների ողջ ծավալը, դրանց մասնակցիների ամբողջական ցանկն ու անունները՝ քաղաքական թափոնների համար դրանից բխող հետևանքներով: Պետք է լռեցնենք հայկական ինքնությունը դավաճանածներին, սա Հայաստանի կռիվն է ընդդեմ Էրմենիստանի:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ