ՊԱՏԵՐԱԶՄԻՑ 5 ՊԱԿԱՍ «ԸՆՏՐԱՐՇԱՎ» ԵՆ ԽԱՂՈՒՄ
Վերլուծություն
«Արցախ հանձնողը Երևանն էլ կհանձնի»,– այսպիսի պաստառներով լեցուն էր Ազատության հրապարակը սեպտեմբերի 2–ի հանրահավաքին: Մինչդեռ տղաներն ու աղջիկները ժրաջանորեն ընտրարշավում են հանուն Երևանի քաղաքապետի աթոռի: Հատկապես ժրաջան են հենց Արցախ, իսկ վաղն էլ` Երևան հանձնողները:
Սրանք նույնիսկ թուրք էլ չեն, սրանք արևմտյան ադրբեջանցի է` ՔՊ–ականների վերաբերյալ դառնորեն կատակում են սոցցանցերում: Սակայն ոչ միայն օնլայնում, այլև օֆլայնում են սրանց առնվազն ոչ հայ համարում: «Ինձ ընդամենը հայ է պետք, ազգային մտածող»,– Երևանի Շենգավիթ վարչական շրջանում քարոզարշավ իրականացնող քաղաքապետի ՔՊ–ի թեկնածու Տիգրան Ավինյանին ասաց բնակիչներից մեկը, երբ նրանից փորձում էին պարզել, թե ում է ընտրելու: Երբ նրան տվեցին ՔՊ–ի քարոզչական թռուցիկը, և կինն իմացավ՝ Տիգրան Ավինյանինն է, նա հետ տվեց այն ու ասաց. «Շատ շնորհակալություն, ՔՊ–ն Ղարաբաղը ծախեց, գնացեք: Տենց ուրախ–ուրախ գոռացեք, ադրբեջանցիներին էլ դիմավորեք: Դե գնացեք, Եռաբլուրում էլ տենց գոռացեք»:
Այսինքն` երևանցին Տիգրան Ավինյանին միանշանակ նույնականացնում է որպես հողատու, կապիտուլյանտ, դավաճան: ՔՊ–ի վարկանիշը շատ ցածր է: Ընտրարշավին միացած «Երևանի թքող տղա» Ալեն Սիմոնյանն էլ շատ արդյունավետ շեշտակի իջեցրեց այն, ինչի համար նրան շնորհակալություն: Իսկ եթե Նիկոլն անձամբ միանա ընտրարշավին, ապա Ավինյանի վարկանիշը գցես շների առաջ, չեն ուտի: Քաղաքագետ Արա Պողոսյանն իրավամբ նկատում է. «Էս աննոռմալներին ո՞նց բացատրել, որ հասարակության ճնշող մեծամասնությունը մեծ հաշվով թքած ունի իրանց շինարարության ու «ասեք կանենք»–ների վրա: Մարդիկ ուզում են տարրական բան` երաշխավորված կյանքի իրավունք, երաշխավորված սեփականության իրավունք: Իսկ հարձակվող թշնամին ուղիղ սպառնալիք է թե՛ երաշխավորված կյանքի իրավունքի, թե՛ սեփականության իրավունքի համար»:
Բայց արդյո՞ք հայավարի են իրենց պահում մյուս թեկնածուները: Հայկ Մարությանի զավակները Չեխիայի քաղաքացի են, Մանե Թանդիլյանինը` Ավստրալիայի: Այսինքն` անհավատալի է, որ զավակները կծառայեն հայոց բանակում, իսկ ծնողները ապագան կկապեն Հայաստանի հետ: Մարությանի ասելիքները` կոպիտ ասած, ես լավն եմ, ինձ ընտրեք, դե բայց երևանցիները հավ չեն, հիշում են նրա «կարգին» քաղաքապետության տխուր պատկերը, ազգին սևերի և սպիտակների բաժանելու սրիկայությունը նույնպես չեն մոռացել: Իսկ Թանդիլյանը բոլորին զահլահան արեց իր «ճոպանուղիներով», նույնիսկ Ավինյանը դա անվանեց ոչ իրատեսական, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն էլ Երևանի փոխքաղաքապետին հրավիրել է բանավեճի՝ «խոսելու բացառապես քաղաքային կառավարումից, համայնքային բյուջետավորումից, ֆինանսներից»:
Իսկ Անդրանիկ Թևանյանը քաղաքային կառավարումից գրեթե չի խոսում, այլ խոստանում է քաղաքապետի պաշտոնը գրավելով` իշխանափոխություն իրագործել, բայց...
Քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանն ահազանգում է. «Ադրբեջանական սոցցանցերը ողողված են ռազմական տեխնիկայի շարասյունների տեղաշարժի ու մոբլիզացիայի մասին տեսանյութերով: Ալիևի քարոզչամեքենան պնդում է` իբր Փաշինյանը պատերազմ է հայտարարել Ադրբեջանին: Ռուսական տելեգրամ ալիքներն ակնարկում են, թե մոտավորապես ո՞ր ուղղությամբ է թշնամին պատրաստվում հարվածել Հայաստանին… Իսկ հայկական տեղեկատվական դաշտն ու հանրությունը այս ամենը չի նկատում: Ամբողջ օրը Ավինյանի՝ փողով բերված ցուցարարների թեման քննարկվեց: Ու սա հենց այն կեղտն է, որի մեջ Նիկոլի իշխանությունն ուզում և պահում է մեր ժողովրդին»: Այսինքն` հնարավոր մասշտաբային պատերազմից 5 պակաս վիճա՞կ է: Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն էլ օրինական հարցադրում է անում. «Սա նշանակու՞մ է ռազմական գործողության նախապատրաստում: Ամեն ինչ հնարավոր է: Բայց կա մեկ նկատառում` տեխնիկայի տեղաշարժի հետ կապված տեսանյութերի արտահոսք տեղի է ունեցել նույն պահին և անմիջապես բազմաթիվ օգտահաշիվներից: Հասկանալի լինելու համար հարեւան երկրում նման տեսահոլովակների արտահոսքի համար «մումբա–յումբա» են անում առանց վազելինի: Սա նշանակում է, որ ինչ ծրագրեր էլ ունենա Հեյդարօղլուն, արտահոսքերը միտումնավոր են արվում: Սա հայերի դեմ իրականացվող հոգեբանական գործողության մի մասն է»:
Հոգեբանական գործողություն այն պահին, երբ թուրքերի համար չափազանց օգտակար Նիկոլի գահընկեցության սպառնալիք է ուրվագծվում, երբ անաղմուկ, բայց զանգվածաբար պետծառայողները փախչում են Նիկոլի թիմից, երբ նաև ՔՊ–ի առնետավազքից է 5 պակաս: Այսինքն` թուրքը շատ քիչ ժամանակ ունի Զանգեզուրի միջանցք կորզելու համար: «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի համոզմամբ. «Բազմաթիվ օբյեկտիվ փաստերի համադրմամբ ակնհայտ է, որ ՀՀ կառավարիչները պատրաստվում են դավադիր պատերազմով հիմա էլ հանձնել մեր պետության տարածքային ամբողջականության անքակտելի մաս հանդիսացող տարածքներից: Թշնամին մեծածավալ ռազմական տեխնիկայի տեղաշարժ է անում Նախիջևանում և ոչ միայն: Անհայտ է, որ նիկոլը իր խոստացածը ստորագրությամբ չանելու համար նոր պատերազմի մեջ է ուզում մտցնել երկիրը»:
Նոր պատերազմի, ընդ որում` կանխավ ռազմավարական դաշնակից ՌԴ–ի հետ հարաբերությունները առավելագույնս փչացնելով: Էռատոն մեկնում է Ուկրաինա` այնտեղ հումանիտար բեռ տանելու: Այդպիսի ցուցադրական մարտահրավեր Մոսկվային չի անցնում անգամ ԱԺԲ–ի և տարատեսակ «խզմալների» մտքով, սորոսականներն էլ նախանձից կանաչում են: Բայց Նիկոլը վա–բանկ է գնում, նա իշխանության պահպանման համար պատրաստ է կռվել մինչև վերջին հայը: Պատրաստ է փախուստից առաջ Հայաստանում քաղաքացիական պատերազմ էլ թողնել, ինչ–որ տականքներ նաև Արցախում են փորձում բախումներ հրահրել:
Ու եթե դեպի Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի սահմանները տեխնիկայի տեղաշարժերը պատկերող ադրբեջանական տեսանյութերը մասամբ չափազանցված կարող են լինել, ապա Արցախի ՊԲ–ի հրապարակած տեսանյութերը թշնամու խոշոր տեղաշարժերի մասին իրական են: Իրական են նաև ավիամոնիթորինգի տվյալները` Ադրբեջան եկող իսրայելական և թուրքական օդանավերի երամների մասին: Իրական է նաև «հոլոքոստ» ապրած իսրայելցիների քարոզչությունը` հարդարացում Արցախում ցեղասպանության փորձի:
Դեռ երեկ էր ուշ ազատվել երկրի դարպասները ներսից բացող ՔՊ–ական «տրոյական ձիերից»: Բայց բեկում լինելու է…
Ա. ԱՐԱՄՅԱՆ