Ում պետք է չընտրի Երեւանցին. Արտակ Գալստյանի կոչը` կալանավայրից
Ներքաղաքական
«Իրավունքի» հարցերին պատասխանել է Նուբարաշեն ՔԿՀ-ում գտնվող «Հանրային ձայն» կուսակցության նախագահ, թիվ 1 համարի ներքո առաջադրված Երևանի քաղաքապետի թեկնածու ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆԸ:
«ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՀՆՉԵԼ Է ՄԻԱՅՆ ՄԵԿ ՊԱՀԱՆՋ` ՉՄԱՍՆԱԿՑԵԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»
— Հանրայինի եթերում երեկ տեղի ունեցավ քաղաքապետի թեկնածուների միջև գլխավոր դեբատը: Փաստորեն, Ձեր մասնակցությունն այդպես էլ չկարողացա՞ն ապահովել:
— Ես դիմել էի ոչ միայն ԿԸՀ-ին, այլև` գլխավոր դատախազին, վարչապետին, որպեսզի ապահովեն հավասար ընտրական իրավունքը` այն է իմ հանդիպումներն ընտրողների հետ և իմ իրավունքը` հավասար օգտվել ԶԼՄ–ներից և մասնակցել դեբատներին: Դիմումի հիմքում դրել էի այն, որ իմ դեմ կիրառված խափանման միջոցն արդեն դուրս է եկել իր սահմաններից և արդյունքում սահմանափակվում է ընտրական իրավունքը, որը սահմանափակման ենթակա չէ: Սակայն բոլոր տեղերից ստացել ենք մերժում: Այսինքն` կարող ենք արձանագրել, որ իշխանության համար քաղաքական հակառակորդին ապօրինի կալանքի տակ պահելն ավելի բարձր արժեք է, քան Նիկոլ Փաշինյանի հռչակած կեղծ «ժողովրդավարական բաստիոնը»:
— Հաշված օրեր են մնացել քարոզարշավի ավարտին, սպասելո՞ւ եք ընտրության արդյունքներին, թե՞ արդեն իսկ արձանագրում եք, որ հիմքեր կան այն չեղարկելու:
— Ո՛չ, անկախ ընտրության արդյունքներից «Հանրային ձայնը» հավասար ընտրական իրավունքի խախտման և ՔՊ–ի կողմից նախընտրական քարոզչության ժամանակ տոտալ վարչական ռեսուրսների կիրառման հիմքով հայց է ներկայացնելու ընտրություններն անվավեր ճանաչելու համար: Լավագույն օրինակն այն է, որ ՔՊ–ի քարոզարշավին ուղղակիորեն լծվել է ԱԺ նախագահը և երկրի վարչապետը՝ այն հիմնավորմամբ, թե 23:00–ից հետո իր աշխատանքային ժամն ավարտված է և կարող է զբաղվել քարոզչությամբ: Այս դեպքում տրամաբանական հարց է առաջանում` եթե ժամը 23:00–ից Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չէ, ապա ի՞նչ կարգավիճակով է 2020–ի նոյեմբերի 9–ին, ժամը 03:00–ի կողմերը ստորագրել հանրահայտ կապիտուլիացիոն ակտը` վարչապետի՞, թե՞ շարքային քաղաքացու: Ավելացնեմ նաև, որ այս պահին ապօրինի կալանքի տակ են «Հանրային ձայն» կուսակցության խորհրդի 11 անդամ, ինչպես նաև իմ կինը, որդիս: Եվ կալանավորման օրվանից մինչև այսօր` Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի կողմից խոշտանգումների ժամանակ հնչել է միայն մեկ պահանջ` չմասնակցել ընտրություններին: Գտնում եմ, որ «ժողովրդավարական բաստիոնում» վերոնշված հանգամանքներն առավել քան բավարար են ընտրություններն անվավեր ճանաչելու համար:
«ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԻՏԱՐԿՈՒՄ ԵՆՔ՝ ՈՐՊԵՍ ԻՇԽՈՂ ՌԵԺԻՄԻ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵ»
— Իսկ եթե Դուք հաղթեք ընտրությունների՞ն… Թե՞ կարծում եք, որ ՔՊ–ն, միևնույնն է, վերարտադրվելու է՝ որպես իշխանություն:
— Բացարձակապես: Վստահ եմ, որ ՔՊ–ն պարտվելու է ընտրություններում, ուղղակի խնդիրն այն է, որ ցանկացած ձևավորվող իշխանություն պետք է ունենա լեգիտիմ հիմք` անկախ նրանից՝ այդ ընտրություններում կհաղթի «Հանրային ձայնը», թե՝ մեկ այլ կուսակցություն: Իսկ այս պահին արդեն իսկ խախտված է արդար ընտրությունների անկյունաքար համարվող հավասար ընտրական իրավունքը:
— Որպես քաղաքապետի թեկնածու՝ ինքներդ Ձեզ ընտրելու հնարավորություն գոնե ունենալո՞ւ եք սեպտեմբերի 17–ին:
— Նորից վերադառնանք հավասար ընտրական իրավունքին. այս պահին ես և մեր նախընտրական ցուցակի 5 անդամ, լինելով կալանավորված, քվեարկվելու ենք, բայց, միևնույն ժամանակ, զրկված ենք ընտրելու իրավունքից, որովհետև կալանավայրերում ՏԻՄ ընտրություններ չեն անցկացվում: Այս ամենի զավեշտն այն է, որ մոտ 14 հազար ֆիլիպինցի, պակիստանցի, հնդիկ, տաջիկ իրավունք ունեն քվեարկելու Երևանի ավագանու ընտրություններին, իսկ գրանցված հայ թեկնածուները, որոնք կալանքի տակ են` ոչ:
— Ողջ քարոզարշավի ընթացքում Ձեր քաղաքական ուժի ցուցակով առաջադրված ավագանու թեկնածուներին տարբեր հարցազրույցներում և դեբատներում հարց են տալիս՝ որ ասում եք գալիս ենք երկրում իշխանափոխություն իրականացնելու, ինչպե՞ս եք պատկերացնում այն Երևանի ավագանու ընտրություններով:
— Մենք դիտարկում ենք Երևան քաղաքի ընտրությունները` որպես իշխող ռեժիմի անվստահության հանրաքվե: Այսինքն` եթե Երևանը, որը ՀՀ ընտրողների կեսն է, մերժում է ՔՊ–ին, նշանակում է, որ ՔՊ–ն իրավասու չէ Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, ուրանալ ցեղասպանությունը և թրքացնել Հայաստանը: Այլ կերպ ասած` ՔՊ–ի պարտության դեպքում արձանագրվելու է գործող ռեժիմի ոչ լեգիտիմ լինելը, որն աներկբա կբերի նրանց իշխանազրկմանն ամբողջ ՀՀ տարածքում, որի ճանապարհային քարտեզը «Հանրային ձայնն» ունի:
«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ»` «ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿՐԻ» ՀԵՏ ՄԻԱՍԻՆ ՔՊ-Ի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՐՁԻԿՆ Է»
— Փաշինյանն իր վերջին հարցազրույցում մտահոգություն հայտնեց, թե «կան ուժեր, որոնք հույս ունեն, որ Երևանի ավագանու ընտրություններով Հայաստանում հնարավոր կլինի անկայունություն կամ իշխանության ճգնաժամ մտցնել»: Ի՞նչ կասեք այս մասին:
— Տարօրինակ է, որ երկրի վարչապետը ընտրությունների միջոցով իշխանության գալը որակում է՝ որպես այն գրավել կամ զավթել: Ընտրությունների միջոցով իշխանության գալը ՀՀ Սահմանադրությամբ և Փաշինյանի սիրած եվրոպական օրենքներով իշխանության գալու միակ օրինական ձևն է: Փաշինյանի խոսքերից կարելի է ենթադրել, որ եթե «Հանրային ձայնը» կամ ՔՊ–ից բացի՝ մեկ այլ կուսակցություն հաղթի ընտրություններում, ապա այդ կուսակցությանը մեղադրանք կառաջադրվի ընտրությունների միջոցով ՀՀ–ում իշխանությունը զավթելու փաստով, որն առավել քան աբսուրդ է:
— Ի դեպ, ՔՊ–ից բացի՝ առաջադրված մյուս քաղաքական ուժերի մասին. ողջ քարոզարշավի ժամանակ շատերը փորձում էին ապացուցել, թե իրենք իսկական ընդդիմություն են…
— Գնանք հերթով: «Ապրելու երկիր», Մանե Թանդիլյան. նա նույնպես հայտարարում է, որ մասնակցում է ընտրություններին իշխանափոխություն իրականացնելու նպատակով: Հիմա տեսեք, թե որքանով է նա անկեղծ. 2017–2018 թվականերին Մանե Թանդիլյանը ղեկավարում էր պարտադիր կուտակային կենսաթոշակի դեմ պայքարը: Սակայն, ՔՊ–ի կառավարություն դառնալուց հետո` հենց ինքը ընդունել տվեց այդ օրենքը: Բացի այդ, ՔՊ–ի իշխանության ժամանակ ձևավորվել է ավանդույթ, որ եթե ՏԻՄ ընտրություններում հաղթում է իրապես ընդդիմադիր թեկնածուն, ապա անմիջապես շինծու քրեական գործերով նրան կալանավորում են: Արդեն իսկ ունենք 7 նման նախադեպ: Մինչդեռ «Ապրելու երկիը» հաղթել է Ալավերդիում, ընտրվել է նաև Տաթևում և որևէ բռնաճնշում նրանց նկատմամբ չի իրականացվել: Իսկ, օրինակ, «Հանրային ձայն» կուսակցության դեպքում՝ իշխանությունն ավելի առաջ է գնացել և չսպասելով ընտրության արդյունքներին` արդեն իսկ կալանավորել է, որպեսզի հետո չչարչարվեն: Վերը նշված փաստական հանգամանքներն առավել քան բավարար են հավաստի կասկած հայտնելու առ այն, որ «Ապրելու երկիրը» ակտիվ համագործակցում է ՔՊ–ի հետ: Իսկ ընտրություններին մասնակցության նպատակն իրական ընդդիմությունից ձայներ փախցնելն է և Երևան քաղաքում ՔՊ–ի իշխանազրկումը կասեցնելը:
«Հանրապետություն» կուսակցություն. այս 5 տարիների ընթացքում երբևէ որևէ անգամ չի քննադատել գործող ռեժիմին, ընդհակառակը` միշտ սատարել է` ընդհուպ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու և ցեղասպանությունից հրաժարվելու հարցում: Նրանց ցուցակը դեկավարում է Նիկոլի իշխանության արդարադատության նախկին նախարարը՝ Արտակ Զեյնալյանը: Այս դեպքում` հարց է առաջանում` եթե «Հանրապետություն» կուսակցությունն ամեն ինչում համաձայն է և սատարում է ՔՊ–ին, ապա ի՞նչն է պատճառը, որ համաձայն չէ ՔՊ–ի որոշմանը` Ավինյանին դարձնել քաղաքապետ: Կարծում եմ` «Հանրապետությունը» «Ապրելու երկիր» կուսակցության հետ միասին հանդիսանում է ՔՊ–ի անվտանգության բարձիկը` Երևանում իշխանությունը պահելու գործում:
«ԵԹԵ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄԱՐՈՒԹՅԱՆԻՆ ՀԱՄԱՐԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱԿԱՌԱԿՈՐԴ, ԱՊԱ ՆԱ ԱՐԴԵՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՐ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ, ԽՈՇՏԱՆԳՎԱԾ ԵՎ ԻՄ ԿՈՂՔԻ ԽՑՈՒՄ ՆՍՏԱԾ»
— Փաշինյանն իր վերջին հարցազրույցում մի զգալի հատված նվիրեց Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին քննադատելուն: Իրո՞ք, ՔՊ–ն համարում է Հայկ Մարությանին իրենց ընդդիմադիր:
— Նիկոլ Փաշինյանը փորձում է նրա վարկանիշը բարձրացնել` որպես ՔՊ–ի 3–րդ անվտանգային բարձիկ: Չմոռանանք, որ նույն Հայկ Մարությանի պաշտոնազրկման ժամանակ ՔՊ–ն հայտարարում էր հարուցված քրգործերի, միլիոնավոր դոլարների յուրացման մասին: Սակայն, չգիտես ինչու, այդ գործերի մասին որևէ տեղեկություն չկա: Ավելին` մոտ 10 օր առաջ Վարդան Ղուկասյանը («Հանրային ձայն» կուսակցության պատվավոր նախագահ) ուղիղ եթերով հայտարարել է Հայկ Մարությանի կողմից 2 մլն դոլար առերևույթ կաշառք ստանալու մասին, որին նույնպես ընթացք չտրվեց: Այսինքն` եթե Նիկոլ Փաշինյանը Հայկ Մարությանին իրոք համարեր քաղաքական հակառակորդ, ապա նա արդեն պետք է լիներ կալանավորված, խոշտանգված և իմ կողքի խցում նստած:
Մյուս մասնակիցներից, անկախ մեր քաղաքական հայացքներից, դիտարկում եմ միայն «Մայր Հայաստանին», մնացածներին, որպեսզի չվիրավորեմ, ասեմ, որ տեղյակ չեմ իրենց գործունեությունից, քանի որ նոր են մտնում քաղաքական ասպարեզ:
— Կալանավորված են Ձեր կինը, որդին, Դուք էլ ասում եք, որ Ձեզնից պահանջում էին միայն չմասնակցել ընտրություններին: Ի վերջո, ի՞նչը կարող է Ձեզ հետ մղել այս պայքարից, նպատակը ո՞րն է` այս ամենի միջով անցնելու:
— Ինձ ոչինչ չի կարող հետ կանգնեցնել մի պարզ պատճառով, որ ՔՊ–ի իշխանության մնալը շատ ավելի վտանգավոր է իմ ընտանիքի և իմ երկրի համար, քան նրանց հետ համագործակցության գնալու արդյունքում, թեկուզև կնոջս ու որդուս ազատ արձակելը, որովհետև այդ պարագայում՝ Հայաստանը միանշանակ կթուրքացվի, և ես ու ընտանիքս, եթե չընկնենք թուրքական յաթաղանից, ապա մինիմում կդառնանք գաղթական, որն ինձ համար, որպես հայի, անընդունելի է: Դրանից հետո իմ կյանքը կդառնա անիմաստ:
«ՈՐԵՎԷ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՈՔ ՔԱՂՀԱԿԱՌԱԿՈՐԴՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ, ՈՐՊԵՍ ՊԱՏԱՆԴ, ՉԵՆ ՎԵՐՑՎԵԼ ԵՎ ՉԵՆ ՀԵՏԱՊՆԴՎԵԼ»
— Ձեր կողմնակիցները, ընտրողները, հաստատ ավելի շատ կցանկանային լսել ոչ թե այն, թե քաղաքապետ ընտրվելու դեպքում ինչպես եք լուծելու աղբի, տրանսպորտի և մյուս քաղաքային խնդիրները, այլ այն, թե ի՞նչ վիճակում եք հիմա կալանավայրում:
— Տրամադրությունս մարտական է, կյանքիս փորձն ինձ սովորեցրել է դիմանալ նման իրավիճակներին: Մեզ հետ կատարվածն առավել քան ցույց է տալիս գործող իշխանության սրբապղծությունը, հայկական ավանդական արժեքներից նրանց շեղումը, քանի որ երբէ որևէ իշխանության օրոք քաղաքական հակառակորդների ընտանիքները, որպես պատանդ, չեն վերցվել և չեն հետապնդվել: Ընտանիքը հայկական ավանդույթում միշտ եղել է սրբություն և կարմիր գիծ` ցանկացած իշխանության համար: Բայց այս իշխանությունն ապացուցեց, որ հանուն Հայաստանի և Արցախի թրքացման` իրենք պատրաստ են անցնել բոլոր կարմիր գծերը: Այս իշխանության արժեքը փողն է, բարեկեցությունը և հայկական որևէ արժեհամակարգ նրանց համար խորթ է: Բայց ես վստահ եմ` դարերի խորքից եկող հայ ժողովուրդը կհաղթահարի նաև այս փորձությունը և հերթական անգամ կթոթափի դարավոր թշնամու` թուրքական լուծը:
— Պարոն Գալստյան, իրականում Ձեզ ինչո՞ւմ են մեղադրում:
—Արգիշտի Քյարամյանի 1937 թվի ոճով մեղադրանքներին չեմ էլ ցանկանում անդրադառնալ, իրականում ինձ մեղադրում են հակաթրքացման դաշինք ստեղծելու նախաձեռնության, Երևան քաղաքի ընտրություններին մասնակցելու և, ինչպես նշեց Նիկոլ Փաշինյանն իր վերջին հարցազրույցում, ընտրությունների միջոցով երկրում իշխանությունը զավթելու համար:
«ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ ԳՈՅԱՊԱՀՊԱՆՄԱՆ ՆՈՐ ՍԱՐԴԱՐԱՊԱՏ Է»
— Ավագանու ընտրության նախաշեմին՝ ի՞նչ ունեք ասելու Ձեզ ընտրողներին և ընդհանրապես՝ երևանցիներին:
— Երևանցուն ես չեմ ասի ինձ ընտրեք, այլ կասեմ` ում չընտրեք: Այսպես` եթե ՔՊ–ն այս ընտրություններին հաղթի, ապա կհայտարարի, որ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը, ցեղասպանությունն ուրանալը և Հայաստանի թրքացումը հայ ժողովրդի կամքն է: Եթե ՔՊ–ն հաղթի վերոնշված պրոցեսները աներկբա կիրականանան մոտ ժամանակներում, և Հայաստանը, որպես պետություն, կդադարի գոյություն ունենալ` վերածվելով թուրքական վիլայեթի: Ցանկացած հայ, ով ՔՊ–ի հաղթանակից հետո կփորձի հակադրվել ՔՊ–ի թրքացման ծրագրին, իմ պես ընտանիքով կկալանավորվի և կխոշտանգվի: Այսինքն` ցանկացած ընտրող պետք է հասկանա, որ եթե ինքը ձայն է տալիս ՔՊ–ին, ապա ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում, ուրանում է ցեղասպանությունը, կողմ է քվեարկում Հայաստանի թրքացմանը, մեր քրիստոնեական հավատի կորստին: Իսկ եթե ինքը համաձայն չէ ՔՊ–ի այս ծրագրին, բայց ինչ–ինչ պատճառներով քվեարկում է ՔՊ–ի օգտին, ապա փաստացի քվեարկում է իր և իր ընտանիքի կալանավորմանն ու խոշտանգմանը: Ամեն ընտրող պետք է հասկանա, որ Երևանի ավագանու ընտրությունները հայ ժողովրդի համար գոյապահպանման նոր Սարդարապատ է և հանուն Հայաստանի ու Արցախի փրկության՝ պետք է մերժի ՔՊ–ին:
Կոչ եմ անում հայ ժողովրդին` երևանցուն, չհիասթափվե՛լ, չալարե՛լ, գնալ ընտրության, որովհետև ձեր չմասնակցության հետևանքով՝ ՔՊ–ն վարչական ռեսուրսների կիրառմամբ կարող է հաղթահարել ընտրական շեմը, և կստացվի այնպես, որ դուք անկախ ձեր կամքից, տանը նստելով, սպասարկում եք թուրքական շահը: Այսպես եղավ նաև 2021–ի ԱԺ ընտրությունների ժամանակ, երբ ընտրողների 52%–ը, չմասնակցելով` ընտրությանը, հնարավորություն տվեց ՔՊ–ին վարչական ռեսուրսի կիրառմամբ և կեղծիքներով արձանագրել իրենց` թուրքական շահի հաղթանակը Հայաստանում, որի հետևանքները մենք` հայերս, քաղում ենք ամեն օր:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ