ԶԱՐՄԱՆՔ
Զարմանք
Այն, որ «Երևանի թքող տղա» ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ ԱԺ հայտարարությունների ժամին տգեղագույն ձևով ռեպլիկներ նետեց պատգամավոր Աննա Մկրտչյանի հասցեին, մեզ չի զարմացնում: Զարմանալի էր, սակայն, դրա այս ռեպլիկը. «Այ չինական...»: Թե ինչու չինական` չհասկացանք, սակայն անշուշտ, «չինականը» հազարապատիկ լավ է, քան Ալենի ու ամբողջ ՔՊ–ի անխառն թուրքականը: Ինչևէ, ներկայացնենք, թե Աննա Մկրտչյանի որ ելույթից էր այդքան ընկնավորվել թքող տղան. «Առավոտից սկսած ողջ օրվա ընթացքում հետևում եմ ՔՊ–ականների դեմքերին, պահվածքին, ուզում եմ հասկանալ՝ ինչի՞ց են էսքան ուրախ, այսքան գոհ ու անհոգ։ Ինչի՞ց եք էդքան գոհ, ձեր ուզածին հասե՞լ եք, էս պատկե՞րն էիք դուք Հայաստանի համար նախատեսել: Հանգստացե՞լ եք վերջապես, հանձնել եք Արցախը, հիմա արդեն հանգի՞ստ եք: Երկրում սուգ է Հայաստան աշխարհին ձեր բերած պարտության, անարժանապատիվ կյանքի դառնության մեջ ենք։ Բայց ձեր ծիծաղը, անհասկանալի աղմուկը այս դահլիճից չի կտրվում: Ի՞նչ եք դուք ուզում, ինչի՞ց եք այսքան ուրախ: Հայաստանին ու Արցախին տարբեր ժամանակներում հաղթանակներ բերած մարդկանց բարեհաջող տվեցիք Բաքվին, դրանի՞ց: Անկեղծ ասեք, որ մեկի գերեվարումից եք ավելի շատ ուրախացել՝ Լևոն Մնացականյանի՞, Դավիթ Մանուկյանի, Դավիթ Բաբայանի՞, թե՞ Ռուբեն Վարդանյանի...»: Դե ինչ ասես, սրանք թուրքից վատթար թշնամի են...
Ծանոթացե՛ք` ըստ մազութային սուլթանատի ինցեստասեր քարոզիչների` այս աղջիկը հույժ վտանգավոր տեռորիստ է: Զարմացա՞ք... «Տեսել եմ ադրբեջանական լրահոսում իմ նկարները, իմ մասին գրածները։ Ոչ մի բան չունեմ ասելու, ինձ համար այդ ամենը ոչինչ չի նշանակում»,– ասաց «Գուչիի» հայ մոդել ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ։ «Անցած տարի էլ, այս տարի էլ մասնակցել եմ ՈՄԱ–ի 10–օրյա վարժանքներին։ Ոչ մի բան չեմ պատրաստվում անել՝ նույնիսկ միջազգային ասպարեզում։ Չեմ ուզում դրան անդրադառնալ։ Այդ ամենն ինձ համար ոչինչ չի նշանակում։ Չեմ կարող այլևս ոչ մի բան ասել»,– ասաց նա։ Նշենք, որ «Ողջ մնալու արվեստը» կազմակերպությունը «Ֆեյսբուք»–ի իր էջում հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ Ադրբեջանը ահաբեկիչ է հռչակել մոդել Արմինե Հարությունյանին և մեդիա տիրույթում տարածում է հայ մոդելի լուսանկարները: Դե ինչ, ըմբռնեցի՞ք թուրքի տրամաբանությունը` եթե ազգությամբ հայ ես ու համարձակվում ես սովորել զենք բանեցնելը, ապա ահաբեկիչ ես: Սրանց համար լավ հայը մեռած հայն է, կամ վատագույն դեպքում` անզեն, անվարժ և անպաշտպան զոհի դեր ունեցող հայը: Եվ ոմանք բարբաջում են այդ պիղծ մարդակերների հետ «խաղաղության դարաշրջանի» մասին:
Միայն դու էիր պակաս. Ռուսաստանը դավաճանել է էթնիկ հայերին․ հայտարարել է ԵԽ նախագահ ՇԱՌԼ ՄԻՇԵԼԸ՝ Euronews–ին տված հարցազրույցում։ «Իրավիճակը պարզ է՝ ոչ ոք չի կարող դա չտեսնել․ Ռուսաստանը դավաճանեց հայ բնակչությանը։ Ռուսաստանը ցանկություն հայտնեց, որ իր զինվորականները ներկա լինեն և երաշխավորեն կայունությունն ու անվտանգությունը։ Մենք տեսնում ենք, որ այդ ռազմական գործողությունը մեկնարկեց առանց ռուսական կողմի նվազագույն արձագանքի, որը դեպքի վայրում էր՝ ի տարբերության ԵՄ–ի, որն այնտեղ ռազմական ներկայություն չունի»,– ասել է Միշելը։ Զարմանալի է այս եվրաբյուրոկրատի ցինիզմը` ախր հենց նրա «քավորությամբ» է գլխավոր գերագույն դավաճան Նիկոլը Պրահայում Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, ինչը բերեց զարհուրելի հետևանքների: Այնպես որ, ով–ով, բայց Միշելը պետք է լռի:
Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ