ԱԹՈՌ ԴՆԵԼՈՒ ՀՈՂ ԿՈՒՆԵՆԱ՞Ք
Վերլուծություն
Ավինյան Տիկոյի պյուռոսյան հաղթանակից հետո աթոռաբաժանման գործընթաց է: Թաղապետերի աթոռներ, իսկ ավագանու առաջիկա նիստին` փոխքաղաքապետի աթոռների հաստատում: Այդ նիստը բոյկոտվելու է «Մայր Հայաստան» խմբակցության կողմից, իսկ Անդրանիկ Թևանյանը մտադիր է ավագանու մանդատ չվերցնել...
ՅՈ՞ ԵՐԹԱՍ, ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ
Սա արդեն երկրորդ մանդատն է: Սկզբում հրաժարվեց ժողովրդի քվեով ստացած ԱԺ մանդատից, հիմա հերթը հասավ ավագանու մանդատին: Հիմա ինչ, ՀՀ քաղաքացիների, երևանցիների տված քվեները խաղալի՞ք են` անկախ պատճառաբանությունից: Չէ՞ որ դա ընտրողների ձայնն է, որը պետք է հնչի համապատասխան ամբիոնից: Հնչի ընդդեմ թրքահարճ ՔՊ–ի, և Թևանյանի ու նրա խմբակցության մանդատի գործառույթը ՔՊ–ական վայ–քաղաքապետին օրուարև չտալն է... Իսկ բոյկոտը տվյալ դեպքում թերևս հեշտացնի Ավինյան Տիկոյի` ՔՊ–ի ուզած կամ նիկոլագրպանային «Հանրապետություն» կուսակցության հետ սակարկած փոխքաղաքապետերին հաստատելը:
Գոհացուցիչ չէր և Անդրանիկ Թևանյանի ելույթը Ռուսաստանի առաջին ալիքի եթերում: Թեև ամբողջ եթերը անձամբ Նիկոլի գլխին «շան լափ» լցնելու նպատակով էր, սակայն տպավորություն էր, որ ընդդիմադիր այդ գործիչը եկել էր «բողոքվելու», թե ինչ վատն է Նիկոլը: Դե, ՀՀ քաղաքացիները դա գիտեն, գիտեն նաև ՌԴ–ում ապրող հայերը, ո՞ւմ համար էր նրա բավականին իներտ խոսքը... Ռուսների՞... բայց արդյո՞ք դա ռուսներին հետաքրքիր է, արդյո՞ք հայ ըննդիմադիրը խնդիր ունի ռուսներին համոզելու, որ Նիկոլը վատն է: Մեզ պիտի որ հետաքրքիր լիներ միայն մեկ ուղերձ հասցնել ՌԴ` չնույնացնել Հայաստանը, Արցախը և հայ ազգին Նիկոլի հետ, սահմանազատվել այդ արարածից, որը մեզ համար պետական դավաճան է, հողատու ու կապիտուլյանտ: Այդ ուղերձը` չնույնացնել, Սերժ Սարգսյանի անունից զուսպ և ծանրակշիռ տեղ հասցրեց Մոսկվայում ապրող անվանի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը: Մենք նիկոլ չենք, նիկոլը մենք չենք` պարզ ու ընկալելի:
Իսկ Թևանյանի ելույթից հետո հռչակավոր սորոսական Արսեն Խառատյանը հիշեցրեց Թևանյանին երբեմնի նիկոլական անցյալը. «2018–ի հետհեղափոխական օրերն էին, ես արդեն նշանակվել էի Նիկոլի խորհրդական: Ուշ գիշեր էր: Զանգեց Անդրանիկ Թեւանյանը, որին մինչ այդ անձամբ չէի ճանաչում: Ասաց, որ շտապ բան ունի փոխանցելու վարչապետին և ուզում է ինձ տեսնել: Ասացի, որ կարող է գալ իմ տուն: Կես ժամ անց եկավ՝ իր հետ բերելով մի փակ ծրար, ուշադրություն՝ Սամվել Բաբայանի անունից: Ընդ որում, Թևանյանի պնդմամբ, անվտանգային կարևորության նյութերով այս փաթեթը պետք էր գերհրատապ կերպով փոխանցել վարչապետին, ինչը եւ ես արեցի հաջորդ օրը»:
Մի տեսակ անհարմար բան ստացվեց... Ստացվում է, որ Նիկոլ վռնդելու գործին այնքան էլ հարմար չեն այն գործիչները, ովքեր 2018–ին անմասն չէին «Սերժ մերժելուց», այդ հետագիծը խանգարող է... Թերևս այդպիսի հետագծով մարդկանց առկայությունը և գերակայությունը նաև ազդեց Ազգային կոմիտեի արդյունավետության վրա, ու կոմիտեն ժողովրդական ցասման էներգիան չկարողացավ օգտագործել Նիկոլի թրքահպատակ խունտան իշխանազրկելու համար:
Մենք զերծ կմնանք կոնսպիրոլոգիական մտավարժանքներից, թե այդ մարդիկ խնդիր ունեն հատուկ մարելու ժողովրդական ցասումը և կոնսերվացնելու Նիկոլի իշխանությունը` ելնելով այդ քաղաքական այրերի քաղաքական պարկեշտության կանխավարկածից: Սակայն ավաղ կան «հականիկոլական ընդդիմադիրներ», որ շարունակում են «Սերժ մերժել» և տիրաժավորել ոչ մի քննադատության չդիմացող դավադրապաշտությունը, իբր Նիկոլը «Սերժի պրոյեկտն» է:
«ՆԱՏԱՇԱ» ԷԼ ԴԱՌԱՆՔ
Աթոռների համար պայքարը, չվռնդված Նիկոլի «մորթին կիսելը» պոզիտիվ ոչինչ չի տա: Ժամանակին սպարապետ Վազգեն Սարգսյանն ասել էր. «Տղե՛րք, հողի համար կռվեք, ոչ թե` աթոռի, որ աթոռ դնելու տեղ ունենաք»: Ավա՜ղ, սպարապետի պատգամի անտեսմանը հավելվում են նաև ներսի ու դրսի «մուտիլովկաները»: Ի դեպ, այդ «մուտիլովկաները» չշրջանցեց նաև հոկտեմբերի 23–ին «Առաջին ալիք» համառուսաստանյան դաշնային հեռուստատեսության եթերում հեռարձակված «նիկոլաբմբլիչ» հռչակավոր հաղորդումը:
Այսպես, մոլեգնորեն Սերժ Սարգսյանի դեմ պայքարող տխրահռչակ կեղտաբերան Տելեգրամ ալիքը, որ մշտապես տասնյակ հազարներով ֆեյք հետևորդներ և դիտումներ է գնում, սակայն շարունակում է լինել որոշ «ընդդիմադիրների» կուռքը, այս անգամ ինքն իրեն գերազանցեց: Ամենաանմեղը հետևյալ պնդումն է. «Երեկվա հաղորդման մասին առանձնապես բան չկա ասելու, դա Ռուսաստան պետության դիրքորոշումը չէ Հայաստանում կատարվածի մասին»: Իյա՜, իրո՞ք, «Փրայմ–թայմի» պետական եթերը հենց այնպե՞ս է, իզուր տե՞ղն է Օմեգա Արոյի հիմնարկը դեսպան Կոպիրկինին նոտա հղել: Իսկ հիմա պինդ բռնվեք` սույն «հեղինակավոր» պիղծ մուտիլովշիկը պնդում է, որ մի քանի միլիոն դոլարով այդ հաղորդման եթերը գնել էր Սերժ Սարգսյանը, որպեսզի Անդրանիկ Թևանյանը, Հայկ Բաբուխանյանը և Անդրանիկ Միհրանյանը կարողանան եթերով մեկնաբանություններ տալ... Շտապ գալապերիդոլ հասցրեք այդ Տելեգրամյան հարթակի տերերին ու վարողներին, քանի դեռ չեն սկսել կծել շրջապատի մարդկանց:
Դե եթե Սերժ Սարգսյանն այդքան հզոր է, որ ՌԴ դաշնային առաջին ալիքը նրա գրպանի մանրադրամն է, ապա ինչո՞ւ չեք վախենում նրա դեմ վայրահաչել... Կատակը` կատակ, նա ընդամենը ՀՀԿ ԳՄ նիստ է գումարել. «Նիստին քննարկվել են Հայաստանի իշխանությունների կողմից Արցախի հանձնմամբ և Ադրբեջանի կողմից ցեղասպանական գործողությունների հետևանքով երկրում ստեղծված սոցիալական ու քաղաքական վիճակը։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին։ Իրականացվել է կատարված աշխատանքների վերլուծություն, բացթողումների և թերացումների վերհանում, որոնց հետ կապված տրվել են հասցեական հանձարարականներ»։
Իսկ լրջորեն վերլուծելու բան շատ կա: Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանն իր հերթական բանտային վերլուծականը վերնագրել է. «3+2. Հայաստանը՝ որպես «Նատաշա»: Այսինքն` «Նատաշա» էլ դառանք Նիկոլի երեսից: Վերլուծելով Թեհրանի հանդիպումը, ընդ որում կապիտուլյանտի կողմից ՌԴ–ի հետ ռազմավարական կապերը սրընթաց խզելու, Իրանն անտեսելու, Բաքվի ու Անկարայի տակ պառկելու և Արևմուտքի հետ հարաբերությունները փաստացի չխորացնելու աղետալի ընթացքը, ՀՀԿ փոխնախագահը եզրակացնում է. «Նիկոլի քաղաքականության շնորհիվ 2020թ. նոյեմբերի 9–ից հետո Ալիևի աստեղային ժամը միջազգային ասպարեզում ոչ միայն չի ավարտվում, այլև նոր թափ է ստանում: Փաշինյանը նմանվել է ամբողջ գիշերը խաղատանը միևնույն թվի վրա անընդմեջ և ապարդյուն դրույք կատարող խաղամոլի, որի հիվանդագին մոլուցքը միայն կորուստներ է բերում: Իրականությունն այնպիսին է, որ Թեհրանի հանդիպումից բացակայող Վրաստանը շատ ավելի սուբյեկտային էր և ներկա, քան ֆիզիկապես մասնակցած, բայց վաղուց իր կշիռը զրոյացրած նիկոլական Հայաստանը»:
Նիկոլի քայլերը տանում են անխուսափելիորեն նորից ցեղասպանվելուն: Երբ ԵՄ–ը իր հայտարարության մեջ խոսում է «համապարփակ համաներման» մասին, ի՞նչ նկատի ունի։ Մի՞թե այն, որ Արցախի հայության ինքնորոշման իրավունքը հանցագործություն է: Հանցագործություն, որը պատժվում է ցեղասպանությամբ:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ