Ֆլեյտայի թագուհին Երեւանում հանդես կգա յուրահատուկ համերգային երեկոյով
Մշակութային«Երեւանյան հեռանկարներ» 24-րդ միջազգային երաժշտական փառատոնը նոյեմբերի 6-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում ներկայացնում է յուրահատուկ համերգային երեկո՝ նվիրված Արամ Խաչատրյանի 120-ամյակին:
Խաչատրյանական ծրագրով հանդես են գալու «Ֆլեյտայի թագուհի» Ջասմին Չոյը եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի գլխավորությամբ:
Ջասմին Չոյը մեր ժամանակների ամենահայտնի ֆլեյտահարներից է, ով հայտնի է իր վիրտուոզ վարպետությամբ եւ նուրբ մեկնաբանությամբ: Նա ելույթ է ունենում աշխարհի լավագույն դահլիճներում, համագործակցում է աշխարհահռչակ երաժիշտների հետ՝ ամբողջ աշխարհում հանդիսատեսին ներկայանալով տարբեր ժանրերում՝ դասական մենահամերգից, կամերային եւ նվագախմբային երաժշտությունից մինչեւ էքսպերիմենտալ, ջազ եւ փոփ երաժշտություն:
«Ֆլեյտայի աստվածուհի», «Երաժշտության պատմության լավագույն ֆլեյտահարներից մեկը», «Յուրաքանչյուր ոք, ով լսում է Ջասմին Չոյի կատարումը, կբացահայտի ֆլեյտա նվագելու բոլորովին նոր մակարդակ»... ահա այսպիսինն է միջազգային մամուլի արձագանքը Ջասմին Չոյի մասին:
Նրա անսահման հետաքրքրասիրությունը եւ աշխատասիրությունը ստիպեցին ֆլեյտահարուհուն ստեղծել մի շարք հայտնի ստեղծագործությունների իր մշակումները՝ ներառյալ Մենդելսոնի եւ Չայկովսկու ջութակի կոնցերտները, ինչպես նաեւ կատարել ժամանակակից կոմպոզիտորների նոր ստեղծագործություններ:

