Տեսեք եք հա՛, հանկարծ գլխիս երկրորդ Հրանտ Դինք չդառնաք, թե չէ կյանքով կհատուցեք․ Ինչ է կատարվում Թուրքիայում այսօր
Հանդիպում
16 տարվա բանտարկությունից հետո Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի խմբագիր, հայազգի լրագրող, հրապարակախոս Հրանտ Դինքին դավադրաբար սպանած Օգյուն Սամաստը վաղաժամ բաց է թողնվել՝ «լավ պահվածքի» համար: «Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով ոճրագործի վաղաժամ ազատ արձակվելու փաստին մտավախություն հայտնեց․
-Սա մեսիջ էր ուղղված Թուրքիայոմ բնակվող հայերին, որ ցանկացած ըմբոստացող կարող է արժանանալ Դինքի ճակատագրին, իսկ մարդասպանը կարող է պարզապես հերոսացվել։ Սա մեսիջ էր ինձ, Փալյանին ու մյուս հայկական շահը առաջ տանողներին։ Ու հակառակը մեսիջ էր Էրդողանի առաջ ծնկած հայ գործիչների, հոգեւորականների, ովքեր բառ անգամ չարտաբերեցին ոճրագործի ազատ արձակվելու վերաբերյալ։ Էրդողանի իշխանությունը Դինիքին սպանողին ազատ արձակելով ողիղ մեսիջ է ուղարկում հայերին, որ տեսեք եք հա՛ հանկարծ գլխիս երկրորդ Հրանտ Դինք չդառնաք, թե չէ կյանքով կհատուցեք։
Խմբագրի խոսքերով․
-Իրենք էլ չէին կանխատեսում, որ այդքան մեծ աղմուկ կբարձրանար Հրանտի սպանությունից հետո, բայց այդ աղմուկը բարձրացավ: Այստեղ դեր խաղաց Հրանտի անհատականությունը, հեղինակությունը: Որովհետև Հրանը միշտ խոսում էր խաղաղության, համերաշխության, հաշտության, միմյանց հասկանալու, միմյանց ցավերն ու ուրախությունները կիսելու մասին։ Լինելով ազգամետ մտավորական՝ Հրանտ Դինքը միշտ էլ գիտակցել է Թուրքիայում մնալու բոլոր վտանգները: Այդ իրավիճակը փոխելու համար էլ հենց չէր հեռանում: Նրա պայքարը անձնական չէր, այլ համամարդկային:
Ու այսօր ոճրագործներին ժամկետից վաղ ազատ արձակելու թուրքական պրակտիկան ակնհայտ ցուցադրում է հայատյացությունը եւ իրավաքաղաքական համակարգի անարդարություններն ու սպառնում հանցագործությունների ծավալների մեծացում: Օգյուն Սամաստը հասարակության մեջ կարող է ընկալվել՝ որպես կերպար, որը մարդասպանություն, ոճրագործություն գործելով՝ կարող է անգամ վաղաժամ ազատվել բանտից: Իսկ դա բավականին մեծ ռիսկեր է պարունակում, որ դրանք հետագայում կարող են կրկնվել։
Էստուկյանը նկատում է․
-Օգյուն Սամաստին հերոսի վերածելու քայլեր առաջին օրից են նկատվել: Տեսնում ենք, որ այդպիսի հոսանք կա նաև հիմա: Ժողովրդի մեջ ոճրագործին զորակցող, հերոսացնող ահագին տարրեր կան: Նա այդ կարգի «հերոս է»: Ճիշտ Ռամիլ Սաֆարովի նման: Գալիս են, գաղտագողի, թիկունքից կրակում են, և, եթե սպանվածը հայ է, ուրեմն դու էլ «հերոս» ես: Նշանակություն չունի, թե ինչ ցածր քայլ ես կատարել»,- համոզմունք հայտնեց Բագրատ Էստուկյանը՝ արձանագրելով, որ ժողովուրդների համերաշխության մասին Հրանտ Դինքի խոսքերը համոզիչ են եղել Թուրքիայի բնակիչների մի հատվածի համար միայն, բայց ո՛չ բոլորի։
Առհասարակ, Թուրքիայի բանտերում սոսկալի անարդարություն կա, ահագին ձախակողմյան գործիչներ, քուրդ գործիչներ, ընդդիմադիրներ, մտավորականներ շարունակում են բանտարկված մնալ: Նրանք նույնպես կարող էին օգտվել այս իրավունքից: Բայց միտումնավոր մերժվում են ազատ արձակվելու միջնորդությունները: Դրա փոխարեն՝ այս ոճրագործին ու իր նմաններին, շատ ավելի հեշտ պայմաններում, ժամկետից շուտ ազատ են արձակում