Պետք է իրականությունից չկտրվենք և հիշենք թե ում շնորհիվ ենք հասել հաջողության
Սպորտ
Այսօր, նոյեմբերի 22-ը, ազատ ոճի անվանի ըմբշամարտիկ, Եվրոպայի եռակի չեմպիոն, Աշխարհի առաջնության եռակի մրցանակակիր ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ծննդյան օրն է, 24-ամյակն է նշում։ Աշխարհի առաջնությունում, նա բրոնզե մեդալ է նվաճել այս տարի, մինչև 57 կգ քաշային կարգում, 3֊րդ տեղի համար գոտեմարտում, բացարձակ առավելությամբ 11։0 հաշվով, վաղաժամ գերազանցել է ղազախ Մեյրամբեկ Կարտբային։ Արսենը 3֊րդ տեղն է գրավել 2021 ֊ին Օսլոյում կայացած Աշխարհի առաջնության ժամանակ, ապա հաջողությունը երկու տարի շարունակ կրկնել Բելգրադում։ Այս տարվա մրցաշարը տարբերվում էր նախորդներից ու բարդ էր նրանով, որ խաղարկվում էին նաև Օլիմպիական խաղերի ուղեգրեր։ Հարությունյանը մեդալից բացի ապահովեց նաև մասնակցությունը Փարիզի խաղերում։ Նա հանդես է եկել նաև 2020 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերում։
Iravunk. com -ի մարզական թղթակիցը կապ է հաստատել ու բացառիկ զրույց ունեցել օրվա հոբելյարի հետ։
- Շնորհավորում ենք, Արսեն ծննդյան տարեդարձի, ինչպես նաև օրերս Գերմանիայում կայացած ակումբային մրցաշարում տպավորիչ հաղթանակի կապակցությամբ։
- Շատ շնորհակալ եմ ։Կուզենամ, որ ամենակարևորը խաղաղություն լինի մեր երկրում։ Նշեմ, որ Գերմանիայում կայացած ակումբային մրցաշարի ժամանակ ունեցել եմ չորս գոտեմարտ, չորս շաբաթ տևեց, մրցակիցներս Ֆրանսիայի, Գերմանիայի ու Թուրքիայի ներկայացուցիչներ էին, բոլորին հաղթել եմ ու ոսկե մեդալի արժանացել։ Այս մրցաշարը ինձ շատ բան է տալիս, կարողանում եմ սխալներս այստեղ ուղղել։ Շատ մեծ սիրով եմ մասնակցում, մեծ էմոցիաներ եմ ստանում, երբ թիմակիցներդ լավն են, ավելի մեծ հաճույքով ես մասնակցում մրցաշարին։ Պետք է իրականությունից չկտրվենք և հիշենք թե ում շնորհիվ ենք հասել հաջողության։ Իմ մասնագիտության մեջ ամենակարևոր դերը կատարում են մարզիչներս, ովքեր իմ կողքին են։ Ես գնահատում եմ նրանց աշխատանքը և հավատում, որ իրենց շնորհիվ նպատակներս կիրականանան։ Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելը, ստիպում է ավելի մեծ եռանդով պարապել, որպեսզի կարողանամ Օլիմպիական չեմպիոն դառնալ։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ





