«ՏԱՐԻՆ ՍԿՍԵՑԻ ՈՒ ԱՎԱՐՏԵՑԻ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ». ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ, ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ԳՈՌ ՍԱՀԱԿՅԱՆ
Սպորտ
Օրերս Մեքսիկայի Գվադալահարա քաղաքում կայացած Ծանրամարտի Աշխարհի երիտասարդական առաջնության ժամանակ, ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի գործող չեմպիոն ԳՈՌ ՍԱՀԱԿՅԱՆԸ, նա Iravunk. com -ի մարզական թղթակցի հետ բացառիկ զրույցում, այսպես մեկնաբանեց իր հաղթանակը.
«Շատ անբացատրելի զգացողություններ առաջացան հաղթանակից հետո, որ այս դժվարին ժամանակներում կարողացա ուրախացնել իմ հայ ազգին, հաղթանակս նվիրում եմ իմ հայ ժողովրդին, մեր բոլոր զինվորներին, երջանկահիշատակ տատիկիս, քանի որ այդ օրը նոյեմբերի 17-ը, նրա հիշատակի օրն էր։ Ոչ մի հաղթանակ ոչ մեկին հեշտ չի տրվում, ջանք ու եռանդ չենք խնայել, որ հասնենք այս արդյունքին, փառք Աստծո, ստացվեց մեզ մոտ։ Նշեմ, որ սպորտը իմ ապրելակերպն է, ես իմ բոլոր հաջողությունների, ձեռքբերումների համար ծանրամարտին եմ պարտական։ Այն ինձ տվել է փառք, ճանաչում, շատ ընկերներ։ Սեփական ուժերին, կարողություններին հավատալու վստահություն է տվել։ Պետության պատիվը բարձր պահելու պատասխանատվություն է տվել։ Բայց ամենակարևորը, որ տալիս է սպորտը, դա բոլոր պարագաներում մարդ մնալն է։ Ես այս տարին սկսեցի ու ավարտեցի հաղթանակով։ Երբեմն հաղթելու չափազանց մեծ ցանկությունը լարվածություն է առաջացնում, բազում դժվարություններ հաղթահարելով, համառ աշխատանքով, ավելի մոտեցա իմ նպատակին։ Աստծո օգնությունն ինձ հետ է միշտ, ես դա զգում եմ ու յուրաքանչյուր մրցման մեկնում եմ այն գիտակցությամբ, որ դա իմ հնարավորությունն է ու պարտավոր եմ հաղթել»։
- Շնորհակալություն, Գոռ, մեզ ժամանակ տրամադրելու, բացառիկ զրույցի համար։ Սպասենք արդեն հաջորդ հաղթանակիդ։
- Ես էլ շատ զգացված եմ, որ մշտապես ուշադրության կենտրոնում եք պահում մեզ, լուսաբանում մեր նվաճումները։ Անխափան գործունեություն եմ մաղթում «Իրավունք» թերթին։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ





