«Ոչ թե երակ են կտրել, այլ ընդամենը ձեռքի վրա խազեր են արել»
Արխիվ 16-20
Նախօրեին լուրեր տարածվեցին, որ Երեւանի դպրոցներից մեկի բակում երկու աշակերտ փորձել են ինքնասպանություն գործել` ածելիով վնասելով իրենց նախաբազուկները: Շրջանառվող լուրերի համաձայն` պատանիները սովորում են նույն դպրոցում` 10-րդ եւ 11-րդ դասարաններում: Ըստ նախնական վարկածի, դպրոցի տնօրենը բարկացել է 10-րդ դասարանի աշակերտի վրա` դպրոցի կողմից տրամադրված գրքերի գումարը չվճարելու համար: Դրանից էլ ընկճվելով` աշակերտները հենց դպրոցի բակում գնացել են այդ քայլին:
Մեր տեղեկություններով, միջադեպը տեղի է ունեցել Երեւանի Լեւոն Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում: Տվյալ դպրոցից հաստատեցին, որ միջադեպը իսկապես կապված է իրենց աշակերտների հետ: Բայց դպրոցի փոխտնօրեն Արմինե Խաչատրյանը պնդում է, որ դա ինքնասպանության փորձ չի եղել.
- Ոչ մի ինքնասպանության փորձ չի կատարվել: Այդ տղաները վերջին երկու ամիսների ընթացքում տարբեր պատճառներով չորս անգամ հայտնվել են ոստիկանությունում: Իրենք ընդհանրապես սովորելու հետ սեր չունեն եւ մշտապես խնդիրների մեջ են հայտնվում: Տվյալ դեպքում էլ նրանք ոչ թե երակ են կտրել, այլ ընդամենը ձեռքի վրա խազեր են արել: Երբ ոստիկանը տեսել է, որ երեխաները նման բան են անում, բերել է դպրոցի բուժկետ, որտեղ բուժքույրը մշակել է վերքերը: Սա է ողջ իրողությունը, էս աշակերտներին դպրոցը հետաքրքիր չէ:
Հրանտը (11-րդ դասարանցին) մի անգամ երեխա ծեծելու համար է հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում: Մի քանի օր առաջ էլ մեքենա են փախցրել: Էս երեխեքի ձեռքին ծնողներն էլ են կրակն ընկել: Հրանտի հայրը եկել է դպրոց, ու պատկերացրեք, ինչքան զզված էր տղայի արարքներից, որ բոլորիս ներկայությամբ նրան հետեւյալն ասաց. «Ինչի՞ չտվեցիր, երակդ կտրեիր, ես էլ պրծնեի, դու էլ: Ի՞նչ անեմ, չխառնվեմ, գնաս ոջիլների կե՞ր դառնաս բերդում»: Էս մակարդակի, էս որակի երեխաներ են: Ինչ ինքնասպանության մասին է խոսքը, երբ այսօր տղաների մոտ բերանները բացած` պարծենում էին, որ քաղմաս են մտել, դուրս եկել, եւ, որ դա իրենց համար սովորական երեւույթ է դարձել: Զարմանում եմ, թե ովքեր են նման լուրեր տարածողները, թե գրքերի գումարները չբերելու համար են ուզեցել ինքնասպան լինել:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ