Խեղճ Քերոբյան, ու ինչպես է ծայրը ծայրին հասցնում
Տնտեսություն
Այն բանից հետո, երբ իրավապահները հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում խոշոր կոռուպցիոն մեխանիզմների բացահայտման, հարյուրավոր միլիոնների թալանի մասին, ձերբակալվեց փոխնախարարը, վեց այլ անձ, նախարար Քերոբյանը որոշեց քարոզել, թե ինքն այդ ամենի հետ որեւէ կապ չունի:
Այսպես, նախ Քերոբյանը սկսեց գովերգել անցած տարվա հայաստանյան տնտեսության վիճակը` տակից ակնարկելով, թե տեսեք` ինչ լավ վարչապետ է Նիկոլը, ինչ թվեր է արձանագրել: Ապա հասավ այնպիսի մարազմատիկ մտքերի, թե. «Հայաստանի քաղաքացիների կյանքն էապես բարելավվել է․ բոլոր մարդիկ ավելի լավ են ապրում»: Ու անմիջատես էլ ինքնարդարացման սազը քոքեց, թե չէ, ոչ բոլորն են լավ ապրում. «Ես, օրինակ, էապես ավելի վատ եմ ապրում, քան մինչեւ նախարար դառնալը։ Աշխատավարձս էապես ավելի ցածր է, քան մինչեւ նախարարի պաշտոնը զբաղեցնելը»։
Իհարկե, Քերոբյանի նման հաճախակի հայտարարությունները նրա ուղեղի աշխատանքի որակի հետ կապված հարցեր կարող են առաջացնել: Բայց դրանք կեղծ հարցեր են. վստահեցնում ենք, Քերոբյանը լավ էլ հասկանում է, թե որտեղ եւ ինչ է խոսում, հակառակ դեպքում այս ծանրագույն իրավիճակում եւ այն խայտառակ վիճակում, որում գտնվում է նրա ղեկավարած համակարգը, հազիվ թե այսքան ժամանակ նախարարի աթոռին մնար: Ու հիմա էլ սա է փորձում հասկացնել` ես խաբար անգամ չունեի, որ նախարարությանս աշխատակիցներն այդպես անխղճորեն գողանում են: Ես ամեն ինչ անում եմ հանուն հայրենիքի, անգամ տեսեք, ավելի վատ կյանքի եմ ինձ դատապարտել` նախարար աշխատելով: Բայց հանուն հայրենիքի ավելի վատ աշխատավարձն ի՞նչ է, որ դրան չգնամ:
Թե ինչպես Նիկոլը կգնահատի իր սույն նախարարի «հայրենասիրությունը», առավել եւս, երբ նրա ղեկավարած նախարարությունը, ինչպես ցույց է տալիս իրավապահների ձերբակալությունները, թալանի որջ է դարձել, այլ հարց է, նույն ՆԻկոլի որոշելիքը: Միայն թե, մեկ բան հաստատ է` այս համատարած թալանն ամենեւին էլ Էկոնոմիկայի նախարարության միակ խնդիրը չէ: Քերոբյանը խոսեց թվերից, թե, տեսեք, անցած տարին արդյունաբերությունն աճել է 4.1 տոկոսով, միայն դեկտեմբերին` 20: Բայց հենց այդ թվերն են, որ նրա ծուղակի մեջ են քաշում:
Մի բան պակաս ասաց Քերոբյանը. Անցած տարվա նոյեմբերին էլ, 2022թ. Նոյեմբերի համեմատ վիճակագիրները ներկայացրել են էլ ավելի ճոխ աճ` 23.8 տոկոս: Միայն թե, երբ այդ 23.8, ապա` 20 տոկոսի կողքին տարեկան ընդամենը 4.1 տոկոս աճ է պատկերվում, ապա դա արդեն իսկ մեկ բանի մասին է վկայում` ողջ տարվա ընթացքում այդ ուղղղությամբ եղել են բացասական եւ լավագույն դեպքում` զրոյական ցուցանիշներ: Այնքան խայտառակ պատկեր, որ անգամ երկու ամսվա նման ճոխ աճերը էական բան չեն փոխել, եւ հազիվ տարեկան աճը ձգել-հասցրել են 4.1 տոկոսի: Եվ եթե նայենք նույն վիճակագրության տարեկան ցուցանիշները, հենց այդպես էլ եղել է. մի շարք ամիսների հսկայական անկումներ չեն, այլ ամիսների` հազիվ զրոյական վիճակ: Ու հենց այդ ընդհանուր դինամիկան է, որ շատ պարզ հարցեր են առաջ քաշում` իսկ այդ որտեղի՞ց ծլեց նոյեմբեր-դեկտեմբերի 23.8 եւ 20 տոկոս աճերը: Էկոնոմիկան այն ոլորտը չէ, որտեղ ամիսների ընթացքում դինամիկայի նման հեղափոխական փոփոխություններ հնարավոր են: Նաեւ, նոյեմբեր-դեկտեմբերին ինչ-որ առանձնապես ճոխ իրադարձություններ, ասենք` մեկ-երկու հսկայածաված գործարանի թողարկում չենք տեսել, որ կարողանային նման գերաճեր ապահովել: Ենթադրությունը մեկն է` գործ ունենք սովորական վիճակագրական մանիպուլյացիայի հետ, որ տարեկան կտրվածքով մի քիչ աճ ցույց տան: Հակառակ դեպքում, երբ Նիկոլը տարեկան ճոխագույն ցուցանիշներ է ներկայացնում, եւ պարզվի, որ տնտեսության առաջատար ճյուղում` էկոնոմիկայում առնվազն զրոյական վիճակ է, միանգամից կփլուզվի Հայաստանի տնտեսության թռիչքների մասին քարոզները:
Բայց փոխարենը, Քերոբյանի ղեկավարած մեկ այն ոլորտում` գյուղատնտեսությունում երեւի այդ վիճակագրական տրյուկը հնարավոր չի եղել: Ամեն դեպքում, այստեղ արդեն 0.3 տոկոս անկում է: Արդյունքում, երբ Քերոբյանը փորձում է համոզել, թե երկրում բոլորն ավելի լավ են ապրում, խաբում է: Գյուղատնտեսության անկումը չի կարող թույլ տալ, որ գյուղացիությունն ավելի լավ ապրի: Բայց դե հո մի ստից 0.3 տոկոսի համար Քերոբյանին գործից չե՞ն հանի, ինչքան էլ, որ նրա նախարարությունը դարձել է թալանի որջ:
Իսկ այ, այդ թալանի համար Քերոբյանին հանել պետք է: Եթե նրա ղեկավարած կառույցում աջուձախ գողանում են, եւ անգամ պարզվի ֆանտաստիկը, որ նա դրա հետ կապ չունի, մեկ է, այդ թալանի փաստն արդեն իսկ հիմնավորում է, թե Քերոբյանն ինչ խայտառակորեն վատ նախարար է: Չնայած, կարեւորն անգամ դա չէ, այլ, թե ինչքան կարող ես Նիկոլի գովքն անել:
Ս.ԱԲՐԱՄՅԱՆ