Տեղի կունենա Բախի «Սի մինոր Մեսսա» ստեղծագործության հայաստանյան պրեմիերան
Մշակութային
Փետրվարի 22-ին, ժամը 19:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա Բախի «Սի մինոր Մեսսա» ստեղծագործության հայաստանյան պրեմիերան։
Այն կներկայացնեն Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր ՝ Վահան Մարտիրոսյան), Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան), Երեւանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար եւ խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան)։
Մենակատարներ՝ սոպրանո Յոհանա Վինքել (Գերմանիա), կոնտրալտո Սեդա Ամիր-Կարայան (Գերմանիա) տենոր Բենեդիքթ Հայմես (Միացյալ Թագավորություն), բաս Փիթեր Հարվեյ (Միացյալ Թագավորություն)։ Դիրիժոր՝ Ֆրից Կրեմեր (Գերմանիա)։
Բախի «Սի մինոր Մեսսա» ստեղծագործությունը համարվում է դասական երաժշտության գերագույն նվաճումներից մեկը։ Կոմպոզիցիան ավարտվել է 1749 թվականին՝ կոմպոզիտորի մահից մեկ տարի առաջ, եւ մեծ մասամբ հիմնված է եղել ավելի վաղ ստեղծագործությունների վրա։ Կոմպոզիցիայի առավել անսովոր բնութագրիչներից է նրա մասշտաբը. կատարման ընդհանուր ժամանակը մոտ երկու ժամ է։ Այս ստեղծագործությունը, հավանաբար, երբեք ամբողջությամբ չի կատարվել Բախի կենդանության օրոք: Ամենավաղ վավերագրված ամբողջական կատարումը տեղի է ունեցել 1859 թվականին: Տասնյակ ձայնագրություններ այն դարձրել են Բախի ամենահայտնի վոկալ ստեղծագործություններից:
2015թ.-ին «Սի մինոր Մեսսա»-ի՝ Բախի անձնական ձեռագիրը, որը պահվում էր Բեռլինի պետական գրադարանում, ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային հիշողության ռեգիստրում, որը մշակութային նշանակություն ունեցող փաստաթղթերն ու ձեռագրերը պահպանելու ծրագիր է: