Թերթիկն այսուհետ կվերանա, կանչը բժիշկն անմիջապես ստանալու է բջջային հավելվածին. Ինչ փոփոխություններ են սպասվում մարտի 1-ից «Շտապբուժօգնությունում»
Առողջապահական
Մարտի մեկից միայն դեղատոմսերը չէ, որ էլեկտրոնային են լինելու։ Շտապ օգնության կանչի թերթիկները նույնպես փոխարինվելու են էլեկտրոնայինով։ Երևանում անձնակազմերն այսուհետ հիվանդին օգնության կշտապեն պլանշետներով, որոնցում նախապես լրացված կլինեն կանչի հետ կապված բոլոր տվյալները: «Շտապբուժօգնության» տնօրեն Ռուբեն Գրիգորյանը, անդրադառնալով փոփոխություններին մանրամասնեց.
-Քաղաքացին սովորականի պես զանգահարում է 1-03։ Նախկինում զանգը փոխանցվում էր ենթակայանի դիսպետչերին, նա էլ զանգի միջոցով կանչը փոխանցում էր բրիգադին։ Տպում էր կանչի թերթիկ, տրամադրում անձնակազմին։ Այդ թերթիկն այսուհետ կվերանա։ Կանչը բժիշկն անմիջապես ստանալու է բջջային հավելվածին։ Նույնիսկ ըստ ձայնային տարբեր ազդանշանի, կիմանա հրատապ է կանչը, թե ոչ։ Նույնիսկ, եթե անձնակազմը ինչ–որ մեկի տանն է, դեռ բուժսպասարկում է իրականացնում, հավելվածի միջոցով իմանալու է ՝ հաջորդիվ ինչ կանչ ունի և ինչ հրատապության։