ՈՎ ԿՍԱՌԵՑՎԻ ԻՋԵՎԱՆՅԱՆ ԲԱԶԱՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ
Վերլուծություն
Կարծես թե, ՀԱՊԿ-ում անդամության «սառեցումը» ծանր է նստելու Նիկոլի վրա: Իր գեղջկական ճարպկությամբ մոգոնած, բայց ՀԱՊԿ-ի հիմնադիր փաստաթղթերով չնախատեսված սառեցումը նա փորձում էր առաջ տանել, որպես իր մանկության տարիներին Իջեւանի շուկայում իր արած բազարը, կամ էլ թե չէ` «Հայկական ժամանակ» թերթի խմբագրի դերում իր շանտաժը, որի արդյունքում նա փող էր աշխատում:
Բայց պարզվեց, որ ո՛չ իջեւանյան բազարը, ո՛չ էլ լրագրողական շանտաժի մեթոդները այս մեծ «դյադյաների» խաղում չեն անցնում, եւ արդյունքը լինելուէ Նիկոլի համար շատ դաժան ու նսեմացուցիչ: Հավանաբար սառեցվելու է հենց ինքը` Նիկոլը իր լակոտ-լուկուտների հետ միասին: Թեեւ, ջհանդամը Նիկոլի կսառեցվի կամ չի սառեցվի: Այս պատմության դաժանությունն այն է, որ սառեցվելու է ամբողջ Հայաստանը եւ հայ ժողովուրդը: Եվ այստեղ պատահական չէ, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հարցը դրեց այսպես. «Եթե այդ կարծիքին է հայ ժողովուրդը…»: Այսինքն` եթե Նիկոլը, Ալենը եւ այլք արտահայտում են հայ ժողովրդի կարծիքը, ապա դա մի բան է, եւ Ռուսաստանը համապատասխան քայլեր կգործադրի: Իսկ եթե սրանք արտահայտում են ոչ թե հայ ժողովրդի, այլ իրենց արեւմտյան վերակացուների կարծիքը, այդ դեպքում քայլերը կլինեն այլ: Համենյանդեպս, ե՛ւ Նիկոլը, ե՛ւ հայ ժողովուրդը արդեն պետք է վերջնական կողմնորոշվեն ում հետ են եւ ում դեմ են, «իջեւանյան շուկան» վերջացավ:
ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԶԲՈՍԱՆՔ
Բոլոր դեպքերում Նիկոլը դեռ փորձում է խուսանավել վերջնական պատասխան տալուց: Զելենսկու չգալով, ավելի շուտ, ինչպես եւ մենք կանխատեսել էինք Ադրբեջանի կողմից Զելենսկու այցի մերժումով Նիկոլի բախտը հերթական անգամ բերեց: Քանի որ Զելենսկուն ծափ-ծլնգոցով ընդունելուց հետո ռուսները այլեւս Նիկոլին այդ հարցն էլ չէին տալու, թե նա ում կողմից է եւ ում դեմ: Թեեւ, այսօր դեռեւս հարց տվող ռուսները արդեն շատ լավ պատկերացնում են, որ Նիկոլը հայտնվել է վերջնական փակուղում:
Ի դեպ, Նիկոլը Զելենսկու այցի կապակցությամբ նույնպես փորձեց խաղարկել իջեւանյան բազարի մեթոդը, ցանկանալով հարցը քննարկել անձամբ Պուտինի հետ, թե ինչպես դուրս գալ ստեղծված իրավիճակից: Սակայն ինչպես պարզվեց, Պուտինը ժամանակ չուներ Նիկոլի վրա, իսկ հարցը լուծեցին Ալիեւի միջոցով: Ավելին, Նիկոլից այնքան են զզվում Կրեմլում, որ ՌԴ նախագահի մամլո քարտուղար Պեսկովը հայտարարեց, որ ներկայումս Պուտինի աշխատանքային օրակարգում Նիկոլի համար որեւէ տեղ նախատեսված չէ, իսկ անհրաժեշտության դեպքում շատ հեշտ է արագ կազմակերպել հեռախոսազրույց:
Ցույց տալու համար, որ Նիկոլն, այսպես ասած, բարիշել է Ալենի հետ, նրանք որոշեցին զբոսանք կատարել Հյուսիսային պողոտայում: Այս զբոսանքը ցույց է տալիս, որ մի կողմից Ալենը վերջնականապես կուլ տվեց, որ Նիկոլը իր եղբոր կնգան նստացնելով իրեն խորապես նվաստացրեց, մյուս կողմից` Արեւմուտքը վերջնականապես կոտրել է Նիկոլին, ստիպելով հայտարարել ՀԱՊԿ-ում մասնակցության սառեցման եւ այլ հակառուսական թեզեր, ինչն այնքան հաճելի է ծայրահեղ սորոսականների հայաստանյան ներկայացուցիչներին, ի դեմս` Ալենի ու ԱԽՔ Արմեն Գրիգորյանի: Վերջինս կրկին ջրի երես դուրս եկավ եւ Պետրոսի մոտ հարցազրույց տալով նոր հակառուսական թեզեր առաջ քաշեց, որոնք հանդիսանում են Նիկոլի համար ուղեցույց: Շուտով Նիկոլից պահանջելու են վերցնել նաեւ ԱԽՔ Արեմնի կողմից նշված «բարձունքները»: Եվ Նիկոլին ոչինչ չի մնում, քան կատարել իր վերադասների հերթական պահանջը:
ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ
Ինչ վերաբերում է Լավրովի կողմից հնչեցրած հարցադրմանը, թե արդյո՞ք նիկոլազգիների այս հակառուսական խրախճանքը հայ ժողովրդի սրտով է, թե ոչ, ապա պետք է նշել, որ Գելլափի վերջին հարցման համապատասխան` բնակչության շուրջ 60 տոկոսը համարում է, որ հայ-ռուսական հարաբերությունների խզումը չի համապատասխանում Հայաստանի եւ հայ ժողովրդի ռազմավարական շահերին: Այս ուղղությամբ հնչել են բազմաթիվ քաղաքական գործիչների, քաղաքագետների, մշակույթի եւ հասարակական գործիչների տեսակետներ, որոնք հայտնում են իրենց անհամաձայնությունը Նիկոլի թուրք-արեւմտյան քաղաքականության վերաբերյալ:
Ի վերջո, հայ ժողովուրդը պետք է հասկանա, որ Նիկոլի արկածախնդրությունը անդրադառնալու է հենց շարքային հայ քաղաքացու վրա: Նիկոլն իր ընտանիքով, հարազատներով ու շրջապատով արդեն այնքան է ապահովել իրեն, որ իրենց միեւնույնն է`թե ինչ կկատարվի Հայաստանում` թե՛ տնտեսական, թե՛ ռազմական տեսակետից: Սակայն սոցիալ-տնտեսական վիճակի կտրուկ վատթարացումը եւ ռազմական գործողությունները իրենց բոլոր սարսափելի հետեւանքներով ծանրանալու են շարքային հայ ժողովրդի ուսերին: Ի դեպ, խոսելով հայ ժողովրդի կողմից Նիկոլի հակառուսական քաղաքականությանն աջակցել-չաջակցելու մասին, Լավորվը առաջին անգամ կապակցեց այդ թեզը ԵԱՏՄ-ում Հայաստանին տված տնտեսական զարգաման համար լայնածավալ արտոնությունների հետ: Այսինքն` եթե ժողովուրդը կամ նույնիսկ ժողովրդի որոշ մասը աջակցում են Նիկոլին, ապա պետք է պատրաստ լինեն շատ շուտով կրել այն բոլոր սոցիալական հետեւանքները, որոնց մասին մենք գրել ենք մեր նախորդ համարներում: Իսկ եթե պատրաստ չեն, ապա պետք է դրա մասին պարզ եւ հստակ հայտարարեն եւ հայտարարելուց բացի, կատարեն կոնկրետ քայլեր` աջակցելու այն քաղաքական ուժերին, գործիչներին ու հոսանքներին, ովքեր այս իրավիճակում բացահայտ դեմ են դուրս գալիս Նիկոլի ազգակործան հակահայկական ռուսատյաց քաղաքականությանը:
Այս տեսանկյունից կարեւոր է նշել, որ «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը մարտի 1-ին կատարեց իր հերթական քայլը` ընդգծելու համար հայ-ռուսական հարաբերությունների կարեւորությունը: Այդ օրը Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովի հուղարկավորության կապակցությամբ Շարժման ղեկավարությունը եւ ներկայացուցիչները ծաղիկներ դրեցին Ռուսաստանի դեսպանատան դիմաց եւ երախտիքի խոսք ասացին, թե՛ Նիկոլայ Ռիժկովին, թե՛ Սովետական Միության եւ թե՛ Ռուսաստանի հասցեին:
Իհարկե, հայ ժողովրդի մաս են կազմում նաեւ նրանք, ովքեր, արեւմտայն գրանտներ լափելով կամ այլ կապերով կապված լինելով արեւմտայն վերակացուների հետ, հանդես են գալիս հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների դեմ: Նիկոլենցից բացի, այդ ուղղության վրա են բազմաթիվ արտասահմանից սնվող հասարակական կազմակերպություններ «ժողովրդական բեւեռ» խմբավորումը եւ եւս մի քանի անդեմ կուսակցություններ: Թե ո՞ւր են տանում սրանք Հայաստանը, պարզ է ցանկացած տրամաբանող մարդու եւ դրա մասին հայ երիտասարդության հետ հանդիպման ժամանակ Սոչիում ասաց նույնպես հայ ժողովրդի ներկայացուցիչ Մարգարիտա Սիմոնյանը. «Հայաստանի երիտասարդությունը պետք է հասկանա, որ Փաշինյանը հայ ժողովդի դավաճան է: Նա տանում է Հայաստանը ամբողջական ոչնչացմանը: Եթե նա շարունակի մնալ Հայաստանում իշխանության գլուխ եւ Հայաստանի երիտասարդները եւ մեծերը շարունակեն նրան աջակցել, հինգ տարի հետո ոչ մի Հայաստան չի լինի»:
Մյուս կողմից` ընդդիմություն կոչվածը եւ հատկապես`խորհրդարանական գլխավոր ընդդիմության կարգավիճակ ունեցող «Հայաստան» դաշինքը ու նրա առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը դեռեւս որեւէ պաշտոնական հայտարարություն ստեղծված իրավիճակի մասին չեն արել: Դրա փոխարեն Ռոբերտ Քոչարյանի որդին` Լեւոնը շարունակում է մարզային հանդիպումները: Դրանք ավելի շատ նման են Լեւոնի նախընտրական բենեֆիսին ու, թեեւ, այդ հանդիպումներին հնչում են բազմաթիվ գեղեցիկ խոսքեր, պաթոսով արտաբերած մտքեր եւ այլն, սակայն այդպես էլ պարզ չի դառնում, թե բացի նրանից, թե Լեւոն Քոչարյանը «լավ տղա» է ուրիշ ի՞նչ ծրագիր է առաջարկում այդ «լավ տղան» Հայաստանը վերջնական կործանումից փրկելու համար:
Արմենակ Հովհաննիսյան
