«Վամպիրների պարահանդեսն ավարտվում է». ինչ հասկացրեց Պուտինը
Վերլուծություն
Մոսկվան, հասկանալի է, չհապաղեց արձագանքել Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության մասին Նիկոլի հայտարարությանը (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=278721&l=am): Նախ Կրեմլից՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բավականին զուսպ տոնայնությամբ, թե. «Մեզ անհրաժեշտ են շփումներ ինչպես ՀԱՊԿ շրջանակներում, այնպես էլ երկկողմ մակարդակով մեր հայ գործընկերների հետ։ Մենք կպարզաբանենք եւ կխոսենք պարոն վարչապետի հայտարարություններին համապատասխան»:
Ի դեմս պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի, ՌԴ ԱԳՆ-ի արձագանքը շատ ավելի կտրուկ էր, թե՝ Երեւանի ներկայիս կուրսի շարունակությունը կարող է անուղղելի վնաս հասցնել մեր դաշնակցային հարաբերություններին: Նախ, որ «այսօր Հայաստանի առջեւ ծառացած շատ ռիսկեր կարող են մեղմվել, եթե այս երկրի ղեկավարությունը համաձայնի ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայել հանրապետության տարածքում»։ Այնուհետեւ շատ կոնկրետ մեղադրանք. «ԵՄ առաքելությունը ոչ այնքան պաշտպանում է Հայաստանի սահմանները, այլ մոնիտորինգի անվան տակ հետախուզություն է իրականացնում. տվյալներ հավաքում հարեւան երկրների՝ Ռուսաստանի, ի դեպ, եւ ոչ միայն Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Իրանի մասին»: Վերջապես, որ. «Սակայն Երեւանի ներկայիս կուրսի շարունակությունը, ի վերջո, կարող է անուղղելի վնաս հասցնել մեր դաշնակցային հարաբերություններին, լուրջ ռիսկեր ստեղծել հանրապետության ինքնիշխանության համար»: Կարճ ասած, ՌԴ ԱԳՆ-ն նորից նույն կետին է հասնում՝ պետք է նստել, քննարկել: Ու դրանով թույլ է տալիս նույն սխալը, որի արդյունքում ունենք այս վիճակը: Այն տեսլականով են փորձում առաջ գնալ, որ գործ ունեն Հայաստանի կողմից թույլ տրված սխալների հետ, որոնք կարելի է ուղղել: Բայց եթե առաջնորդվեն այլ մոտեցմամբ, որ խոսքը ոչ թե սխալների, այլ՝ ծրագրված գործողությունների մասին է, եւ «Ալեքսանդրոպոլ 2»-ը դրա մասնիկն է, ապա գործողություններն էլ կարող էին միանգամայն այլ լինել:
Չնայած, նախօրեին ՌԴ նախագահի տված աղմուկ հանած հարցազրույցում կային մի շարք դետալներ, որոնք անուղղակիորեն նաեւ Հայաստանին, ավելի կոնկրետ՝ հայաստանյան ուղղությամբ ընթացող գլոբալ զարգացումների մասով որոշակի հարցերի պատասխաններ էին տալիս: Այսպես, ըստ Պուտինի, արեւմտյան էլիտաները, «ոսկե միլիարդը», որ մի քանի հարյուր տարի շահագործել է ողջ աշխարհը՝ սեփական հարստացման համար բոլորին պատճառելով ահռելի տառապանքներ, ու դեռ ուզում են ամեն կերպ այդ դիրքերը պահպանել, հիմա պետք է հասկանան, որ. «Վամպիրների պարահանդեսն ավարտվում է»: Այն, որ Պուտինն այս մասին խոսում է ոչ թե միայն Ռուսաստանի անունից, այլ նաեւ այն ոչ պաշտոնական դաշինքի, որի մասնիկն է Ռուսաստանը, հասկանալի է: Նաեւ սա պարզ ակնարկ է, թե ներկա գլոբալ պայքարին ինչ խորությամբ է՝ ոչ թե ընդամենը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ստեղծված աշխարհակարգի, այլ մի քանի հարյուր տարի գործող աշխարհի կառավարման մոդելի փոփոխության, եւ այստեղ նաեւ չմոռանանք, որ այդ մոդելի առաջնորդներից մեկի՝ Բրիտանիայի պատճառով ինչ հսկայական կորուստներ է կրել եւ կրում նաեւ հայ ժողովուրդը: Եվ եթե Պուտինի գնահատմամբ՝ «Վամպիրների պարահանդեսն ավարտվում է», ապա դա կարող է ավարտվել բոլոր ուղղություններում միաժամանակ՝ Ուկրաինայում, Աֆրիկայում, Ասիայում, Հարավային Ամերիկայում, եւ այդ ցանկում Հայաստանն ընդամենը փոքրիկ դետալ է: Կամ այսպես, եթե «Վամպիրների պարահանդեսն ավարտվում է», ապա Նիկոլը դուրս կգա ՀԱՊԿ-ից, դուրս չի գա, դա ընդհանուր արդյունքի վրա կունենա զրոյական ազդեցություն: Իսկ «պարահանդեսն ավարտվելուց» հետո մնացած ամեն ինչն իր տեղը կընկնի:
Իհարկե, կարող է եւ Պուտինը հաշվարկներում սխալվում է՝ «Վամպիրների պարահանդեսն իրականում դեռ ամենեւին էլ չի ավարտվում »: Սակայն այս իրավիճակի համար ՌԴ նախագահը երկու այլ դետալ էլ մատնանշեց: Նախ, Ռուսաստանը մղում է ոչ թե ստրատեգիական դիրքերի բարելավման պայքար, ինչպես Արեւմուտքը, այլ շատ ավելի կարեւոր՝ կռվում է սեփական գոյության համար: Եվ եթե «Վամպիրների պարահանդեսը չի ավարտվում», այն է՝ Ռուսաստանը պարտվում է իր գոյության համար պայքարը, ապա ժամանակին Պուտինը մեկ այլ թեւավոր դարձած միտք եւս հնչեցրել է՝ «Իսկ մեր ինչի՞ն է պետք մի այնպիսի աշխար, որտեղ չի լինելու Ռուսաստանը», կամ այս մեկը. «Նրանք պարզապես կոչնչանան, իսկ մենք կգնանք դրախտ»: Ակնարկը, հասկանալի է, միջուկային բախման մասին է՝ աշխարհի երաշխավորված ոչնչացմամբ հանդերձ: Եվ ահա այս իրավիճակի համար նույն հարցազրույցում ՌԴ նախագահն ավելորդ անգամ հիշեցրեց՝ ՌԴ-ի վերահսկողության տակ է ներկայիս ամենաժամանակակից միջուկային տրիադան՝ միջուկային լիցքերով եւ կրող հրթիռներով հանդերձ, որը գտնվում է մշտական մարտական պատրաստության վիճակում: Կարճ ասած, եթե «Վամպիրների պարահանդեսը չի ավարտվում», ապա կարող է ավարտվել ամեն ինչ: Եվ այս տարբերակի դեպքում էլ Նիկոլը դուրս կգա ՀԱՊԿ-ից, դուրս չի գա, բան չի փոխում:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ